ԿարևորՀասարակություն

Հայաստանի գետերը վերածվել են արտադրական ու կենցաղային թափոնների ավազանի. Աղստև

Հայաստանի գետերի մեծ մասը վերածվել է արտադրական ու կենցաղային թափոնների ավազանի: Այս տարվա գարնանը Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնն ահազանգել էր Աղստև գետի էկոլոգիական խնդիրների մասին՝ մասնավորապես արձանագրելով, որ գետում  գերակշռող են դարձել կապտականաչ ջրիմուռները, ինչը կոմունալ-կենցաղային ջրերով աղտոտման հետևանք է: Մինչ ափի երկայնքով տնտեսարողներն անարգել գետն են լցնում ինչ պատահի, Իջևանի համայնքային իշխանությունները խոստովանում են, որ գետն աղտոտումից զերծ պահելու գործուն մեխանիզմներ չունեն: Ոլորտի մասնագետներն էլ պնդում են, որ կոյուղաջրերի մաքրման կայանների առկայությունը կարող է էապես նվազեցնել օրգանական նյութերով գետերի ջրի աղտոտումը:

2023-ի գարնանը ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ուսումնասիրել է Աղստևի գետի, նաև  Գետիկ ու Հաղարծին վտակների կենսամիջավայրն ու ջրերի որակը: Պարզվել է, որ գետում գերակշռող են դարձել կապտականաչ ջրիմուռները։ Կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն ասում է, որ այդ ջրիմուռների առատությունը  կոմունալ-կենցաղային հոսքաջրերով աղտոտման հետևանք է: Ցավով է արձանագրում, որ Հայաստանի շատ գետեր այսօր հայտնվել են կոյուղաջրերի և թափոնների ավազանի կարգավիճակում:

Էվելինա Ղուկասյան. «Հատկապես մեծ քաղաքներից՝ Դիլիջանից, Իջևանից հետո աղտոտվածության ցուցանիշներն ավելի բարձրանում էին, օրգանական նյութն այդ տարածքներում բավական շատ էր: Բնակավայրերից հոսքաջրերն անմիջականորեն լցվում են գետերը, դրա հետ գալիս են ոչ միայն ազոտի կամ ֆոսֆորի ինչ-որ քանակներ, գալիս են նաև տարբեր տեսակի թունանյութեր, լվացվող պարարտանյութեր: Մեր բոլոր գետերի  ամենամեծ դժբախտությունը կոմունալ-կենցաղային հոսքաջրերի մուտքն է գետային համակարգեր. դաշտերի պարարտանյութերը, արդյունաբերական հոսքաջրերը, սննդի օբյեկտներից եկած աղբը, ամեն ինչը: Գետը, կարծեք թե, դառնում է ջրհավաք ավազանի հայելին: Իհարկե ջրերի որակի լավացման առաջին նախապայմանը մաքրման կայանների գոյությունն է»:

Դեռ 2012թ.-ին «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»-նն իր տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել էր թունավոր մետաղների` միջին տարեկան կոնցենտրացիայի սահմանային թույլատրելի նորման գերազանցելուն: Բնապահպանական ՀԿ-ները ևս ահազանգում էին, որ ալյումինը, քրոմն ու պղինձը ճգնաժամային վիճակ են ստեղծել Աղստև գետի ավազանում, ուր ամենօրյա ռեժիմով լցվում է Դիլիջանի քաղաքային աղբանոցի ողջ պարունակությունը:

Աղստևի էկոլոգիական խնդիրների մասին շատ է խոսվել՝ ասում է Իջևանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ-ի համակարգող Արփինե Երիցյանը: Տեղական իշխանություններն իրավիճակի շտկման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել են, բայց գետի՝ կոմունալ-կենցաղային աղբով աղտոտման մակարդակը մնում է մտահոգիչ: 3 տարի առաջ էլ իրենք են նախաձեռնել Աղստևի ջրերի ֆիզիկաքիմիական փորձազննություն: Ջրերում դարձյալ հայտնաբերվել են որոշակի տարրեր, որոնք մակերևութային ջրերի համար Կառավարության սահմանած նորմերից ավելի են: Արփինե Երիցյանի դիտարկմամբ՝ բնակիչների շրջանում չկա համայնքը որպես սեփական տուն ընկալելու գիտակցումը:

Մարդիկ իրենց տներից դուրս նետում են ամեն ինչ, այդ թվում և գետը՝ նվազեցնելով քաղաքի տուրիստական գրավչությունն ու փոխելով գետի ջրի էկոհամակարգը. «Գետն աղտոտում են քաղաքացիները, սա նշանակում է քաղաքացիների՝սեփական քաղաքի նկատմամբ սրտացավության խնդիր ունենք: Երբ տարածքները սկսեցին վաճառել տնտեսվարող սուբյեկտներին, նրանք ավելի սրտացավ են իրենց ունեցվածքի հանդեպ: Պետության ընկալումը,  իրենց՝ պետության մեջ ընկալելու տեսլականը կորավ: Մեր առաջարկն այն է եղել, որ որոշակի տուգանային համակարգ սահմանեն, որովհետև մարդիկ շատ զգայուն են, երբ խոսքը գնում է սեփական գրպանի մասին: Համայնքապետարանը բավական քիչ վարույթներ է հարուցել քաղաքացիների նկատմամբ՝ 1-2, ոչ ավելի: Դա էլ իր օբյեկտիվ պատճառներն ունի, ժամանակատար պրոցես է: Քաղաքային իշխանությունները բավականաչափ մարդկային ռեսուրս ու ժամանակ չունեն և խուսափում են թաթախվել դրա մեջ»:

Իջևանցիները չեն հերքում, որ իրենց համաքաղաքացիներն էլ են մեղավոր գետի աղտոտման հարցում, բայց գտնում են, որ մեղքի մեծ բաժին ունեն համայնքային  իշխանությունները: Եթե գետի երկայնքով մասսայական տարածքներ չօտարեին, միգուցե գետն այնքան աղտոտված չլիներ ինչպես հիմա է.

«Սխալ են անում, կուլտուրա չկա, պետք ա մարդիկ էնքան գրագետ ըլեն, որ ակուրկեն չթափեն գետը, դրա համար աղբաման կա»:

«Համայնքի կեսից ավելը ավագանի են:  Որ իրանք մտածեն, տենց չի լինի: Շուկայի ոչ միայն դիմացը, մայթերն էլ հետը քաղաքապետարանը վաճառել է: Եթե գցում էլ են գետը, էն օբյեկտները որ սարքած են գետի վրա, նրանք են գցում, նրանց էլ քաղաքապետարանը պետք ա հսկի: Որ էսքան օբյեկտները տվել են, չեն մտածում՝ էդ ջուրը ո՞ւր պիտի գնա։ Իրենք պտի հիմքից էդ հարցերը լուծեն, պիտի իշխանությունը մտածի դրա մասին, տուգանելով ոչ մի բան չի ըլնի»:

Խնդրի շուրջ ափամերձ հատվածի տնտեսվարողները խուսափում են պարզաբանումներից:
Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրուցում հաստատում է, որ փաստացի չունեն գործուն մեխանիզմ՝ խնդիրը կարգավորելու: Քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ բացատրական աշխատանքներ են տանում, պարբերաբար տուգանքներ կիրառում: Տևական արդյունքի չեն հասել. «Ներկա պահին Աղստևի վիճակը գնահատում եմ վատ: Համայնքապետարանը բազմիցս է փորձել ապահովել մաքրությունը, համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով չենք կարողացել: Մեր բնակիչների, Աղստևի ափին տնտեսվարողների ոչ բարեխիղճ աշխատանքից գետն աղտոտվում է. տարաներ, կարտոններ, աղբի հետ գցում են գետը: Կազմվել են վարչական իրավախախտումներ, միևնույնն է, խնդիրը կա ու այսօր էլ շարունակվում է: Էդ աղբից կարան տարատեսակ հիվանդություններ առաջանա: Գետի ջրով ոռոգվում են այգիներ: Էդ բերքը, որը վաճառվում է, կարա մեր ժողովրդի համար խնդիր դառնա»:

«Իջևանի կոմունալ ծառայություն» հիմնարկի փոխտնօրեն Էդվարդ Ղալումյանն ասում է, որ աղբարկղեր են ավելացրել, փորձել բարելավվել աղբահանության որակը: Տուգանքներից մինչև բանավոր նկատողություններ ու վարչական վարույթներ՝ միևնույնն է, մարդիկ շարունակում են աղտոտել գետը. «Քաղաքում բոլոր տեղերում աղբարկղեր տեղադրված են, դրանք չեն լցվում, որ լցվելուց հետո նետեն գետը: Աղբարկղը կարա դատարկ լինի, բայց աղբը հայտնվի գետում: Զգուշացումներից հետո որոշ չափով փոխվում է իրավիճակը, հետո էլի նույնը: Ինձ թվում է մարդկանց, տնտեսվարողներին պետք է հորդորել, էդ պրոցեսն ավելի մշտական դարձել: Տուգանելով հարցը չի լուծվի: Մեկ է՝ եթե պետք ա գցեն՝ կգցեն»:

Էդվարդ Ղալումյանը չի հերքում, որ անբարեխիղճ բնակիչների ու տնտեսվարողների համար Աղստևն ամենահարմար տեղն է՝ աղբը կամ այլ թափոններ նետելու: Նման վարքագիծը կանխելու աշխատող մեխանիզմ չունեն: Սրանից բացի, խնդիր է և այն, որ Իջևան համայնքը չունի կոյուղաջրերի մաքրման կայան. «Իհարկե, կոյուղին էլ է անդրադառնում գետի աղտոտվածությանը: Աղբի հետ միասին, բոլորը խնդիր ա: Ես 32 տարեկան եմ, բայց չեմ հիշում, որ եղել է կոյուղու մաքրման կայան, իմ կարծիքով մեծ ծախսերի հետ է կապված, համայնքը չի կարող»: 

Իջևանի Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնի համակարգող Արփինե Երիցյանն առաջարկում է տեղայնացնել եվրոպական առաջավոր երկրների փորձը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ արժեհամակարգային ու մշակութային, փորձել կիրառել հաջողված մեխանիզմներն ու գտնել խնդրի կարգավորման նորարար մոտեցումներ. «Էկոլոգիական կրթության վրա պետք է հատուկ շեշտադրում անել, էս մասով չեխական փորձն է շատ հարուստ. Մանկապարտեզի տարիքից սկսած երեխաների համար հատուկ էկոլոգիական դպրոցներ կան, որտեղ ակադեմիական կրթությունից դուրս, երեխաները բնության հետ շփվելու, բնությունը գնահատելու, հոգ տանելու հնարավորություն ունեն: Սրան զուգահեռ տուգանային որոշակի համակարգ է պետք սահմանել: Օրինակ՝ Գերմանիայում ընդունված մոտեցում է, երբ քո հարևանն է աղտոտում շրջակա միջավայրը, ֆինանսական տեսանկյունից այդ գործողության ողջ պատասխանատուն դու ես, հետաքրքիր մոտեցում է, որ հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին զգոն լինել»:

Համայնքային իշխանությունները մտադիր են 2025 թվականի սուբվենցիոն հայտերում ներառել Աղստևի աստիճանաձև պլատինայի կառուցման ծրագիրը: Գետի ջրերն աստիճանաձև հոսելով՝ նոր ու ավելի ներկայանալի տեսքի կգան՝ քաղաքին լրացուցիչ տուրիստական գրավչություն հաղորդելով: Բացի դրանից՝ գետում կձևավորվեն փոքրիկ ավազաններ՝ նավակներով զբոսանքների համար:  Ծախսատար է, բայց հուսով են իրականություն կդառնա, և գոնե այդ դեպքում տնտեսվարողներն իրենց թույլ չեն տա աղբը գետը նետել: 

Back to top button