ԿարևորՄշակույթ

«Լուկա» ֆիլմում Հայաստանի ԴՆԹ-ն շատ ուժեղ է 

Կաննի, Վենետիկի եւ այլ կինոփառատոների մասնակից ու մրցանակակիր ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմը հինգ երկրների համարտադրություն  է՝ Բելգիա, Իտալիա, Նիդերլանդներ, Բուլղարիա  ու Հայաստան։  Հայկական կողմից ֆիլմի համապրոդյուսերն Անժելա Ֆրանգյանն է, դերասանական կազմում հոլիվուդյան աստղեր  Ջերալդին Չապլինի  ու Ջոնաս Սմալդերսի հետ մեր հայրենակից Սամվել Թադեւոսյանն է։ Ֆիլմի ցուցադրությունը միաժամանակ  տեղի է ունեցել  Երևանում և Ստեփանակերտում։  Ֆիլմի պրոդյուսերներից  Անժելա Ֆրանգյանը  երևանյան պրեմիերային  հետևել է շրջափակված Արցախից։ 

Ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր  Ջեսիքա Վուդվորթն առաջին անգամ Հայաստանում էր 2012 թ–ին՝«Ոսկե ծիրան » կինոփառատոնի շրջանակում։ Սիրահարվեց մեր երկրին, ճանապարհորդեց ամբողջ Հայաստանով։ Ասում է՝ հենց այդ ժամանակ էլ որոշեց, որ այստեղ պետք է ֆիլմ նկարահանի։ Ցանկությունն իրականացավ մասամբ․ֆիլմը  Հայաստանում չնկարահանվեց, բայց գլխավոր դերակատարներից մեկին մարմնավորեց մեր հայրենակիցը՝ կինոյի ու թատրոնի դերասան Սամվել Թադևոսյանը։

«Պաշտում եմ հայրերի հետ  աշխատելը, չգիտեմ միգո՞ւցե անցյալ կյանքում ես կապ եմ ունեցել։ Այս ֆիլմը  նկարահանվել է հինգ երկրների  հետ համատեղ։  Երբ սկսվեցին նկարահանումները,  մենք Հայաստանում արդեն ընտրել էինք տեղանքները՝ Արագածում  գտնվող տիեզերական կայանները, Երևանի տակ գտնվող աղի հանքերն իրենց  լանդշաֆտով։ Այս տեղանքները  շատ տարօրինակ էին, յուրահատուկ ու խորհրադավոր իրենց  հետաքրքիր լռությամբ»։

Հայաստանում տեղանքն ընտրվեց, բայց նկարահանումներ այդպես էլ տեղի չունեցան։ Նախ՝ համավարակը խանգարեց, հետո սկսվեց պատերազմը։  Ֆիլմը նկարահանվեց  Սիցիլիայում։

«Ես ուղղակի շոկ էի ապրում։ Ֆիլմը նրա մասին  էր, որ մարդիկ ապրում էին ամրոցում՝ շրջապատված ստերով ու իլյուզիաներով։ Ու այդ նույն մարդիկ ակնկալում էին,որ   պատերազմ սկսվի,որոնք կբացահայտեն իրենց ինքնությունը։ Դո՛ւք պատկերացնում ե՞ք հենց այդ ժամանակ  պատերազմ է սկսվում։ Այս  ֆիլմում  Հայաստանի ԴՆԹ–ն շատ ուժեղ է  ու հայ դերասանի դերն էլ անուրանալի»։

Սամվել Թադևոսյանը խաղում է հռչակավոր Ջերալդին Չապլինի հետ։  Ջեսիքա Վուդվորթն ասում է, որ Սամվելի դերն ամենաբարդերից մեկն էր, բայց նա կարողացավ իր ասելիքը տեղ հասցնել։

«Ես նրան տալիս էին բավականին բարդ քաստինգային առաջարկներ,խնդիրներ ու նա շատ պրոֆեսիոնալ էր։  Ինձ գրավեց այն փաստը,որ Սամվելը և՛ կինոյի և թատրոնի դերասան է»։

Իսկ գաղափարը ծնվել է  իտալացի գրող Դինո Բուցատիի «Թաթարական անապատ» գրքից։ Ֆիլմը գրքի կինոադապտացիան է։ Երիտասարդ ու փառասեր զինվոր Լուկան ծառայության է անցում նշանավոր Ֆորթ Քեյրոսում, որտեղ հերոս մարտիկները պաշտպանում են քաղաքակրթության մնացորդները: Որպես հատուկ ջոկատի դիպուկահար ծառայելու նրա հույսերը փարատվում են, երբ ստիպված է լինում մնալ թիկունքում և ընդունել Քեյրոսի կոդեքսը՝ հնազանդություն, տոկունություն, զոհաբերություն:

Ջեսիքա Վուդվորթն ասում է, որ այս ֆիլմը ոչ այնքան ուղերձներ է տալիս, որքան հարցեր առաջ քաշում, որոնք պայթյունի նման դուրս են ցատկում։

«Ֆիլմը ստացվել այնպես, ինչպես ես էի ուզում։ Իհարկե գիտակցում եմ, որ այս ֆիլմը բոլորի համար չէ  և ամեն մեկին չի կարող դուր գալ։ Եզակի լեզու ունի։ Ես ֆիլմում ուղերձ չունեմ, այլ հարցեր եմ տալիս, որոնք ականների նման  պայթում են ոտքերի տակ»։

«Լուկա»–ի  հայկական համարտադրող «Donkinо» ընկերության  հիմնադիր պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը ֆիլմի հեղինակային խմբի հետ չմասնակցեց երևանյան պրեմիերային։ Նա Արցախում է՝ արդեն  7 ամիս ադրբեջանական շրջափակման մեջ։ Անժելան ասում է, որ ֆիլմի ճակատագիրը շարունակվում  է նաև իրական կյանքում: Այն, ինչի մասին պատմում է ֆիլմը, իրողություն է՝ անորոշության զգացողության առումով։

«Ես չեմ ուզում մեկնաբանել  ֆիլմը ու հանդիսատեսին զրկել այն վայելելու հաճույքից, բայց կարող եմ ասել  հետևյալը։ Ֆիլմի ավարտին  ցույց է  տալիս անարդար ձեռքը, որի մեջ պետք է տեղավորվի Լուկան, հնազանդվի, լսի, ենթարկվի։ Նա իր ազնվությունն ու մղումները  հանձնում է  ոչ ճշմարիտ ձեռքին։ Բայց  վերջում ասում է, որ ես քայլ կանեմ այդ անորոշությունը  և որևէ մեկի ձեռքին խաղալիք չլինելու համար»։ 

Ի դեպ՝ երևանյան պրեմիերիայի օրը ֆիլմը միաժամանակ ցուցադրվեց նաև Ստեփանակերտում։

Back to top button