ԿարևորՀասարակություն

Մայիսի 27-ի ողբերգական ավտովթարից տուժած չորս երեխաներից մեկը գիտակցության չգալով մահացել է

Մայիսի 27-ի ողբերգական ավտովթարից տուժած չորս երեխաներից մեկը գիտակցության չգալով մահացել է, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Խորը ցավով եմ տեղեկացնում, որ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով երեկ մահացել է: Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր»:

Ավտովթարը տեղի էր ունեցել մայիսի 27-ին։ Բախվել էին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ երեխաներից մեկի հայրը, տեղում մահացել էր։ Ըստ նախնական տվյալների, «ՎԱԶ 2106» -ում 7 մարդ է եղել։

Երեխաներն Արտաշատից մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։

Վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ միայն փորձաքննություններից հետո պարզ կլինի, թե ինչն էր վթարի պատճառը, ով կամ ովքեր էին մեղավորները։

Back to top button