ԿարևորՎերլուծական

Թուրքիայում կանխատեսումները Էրդողանի հաղթանակի օգտին են

Վաղը Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Պայքարելու են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության լիդեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն։

Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» դաշինքի անդամ կուսակցություններին հաջողվեց խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանել և ստանալ մանդատների կեսից ավելին, սակայն  նախագահական ընտրություններում գործող նախագահը առաջին փուլում հաղթել չկարողացավ։ Սոցհարցումներ հիմնականում կանխատեսում են Էրդողանի հաղթանակը, թեև հակառակ պատկերը ևս կա։ Իսկ ի՞նչ կանխատեսումներ կան Հայաստանում։

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները կանխատեսում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակն ըննդիմադիր թեկնածուի՝ քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ։ 

Թուրքական իշխանական հիմնադրամի անցկացված հարցման արդյունքներով, որին մասնակցել է շուրջ 3000 մարդ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանի օգտին կքվեարկի հարցվածների 53.7, իսկ Քըլըչդարօղլուի օգտին՝ 43.6%-ը։ Հայաստանի թուրքագետների շրջանում ևս վստահություն կա, որ հաղթելու առավել մեծ հնարավորություն ունի գործող նախագահը։ Հատկապես, որ նրան է միացել  ընտրությունների արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած և ձայների ավելի քան 5 տոկոսը ստացած Սինան Օղանը։ Ըստ թուրքագետ Տիրան Լյոքմագյոզյանի՝ ծագումով ադրբեջանցի թեկնածուի ձայներն ամրապնդում են Էրդողանի հաղթանակը։ 

«Էրդողանը բացարձակ առավելություն ունի։ Հակաէրդողանական քվեները եթե մի քիչ ավելանան էլ, այնուամենայնիվ, իրենց միջև կոպիտ հաշվարկով 10 տոկոս տարբերություն կա։  Իսկ դա փակելն այնքան էլ հեշտ չէ։  Ինչ էլ անեն, Էրդողանն ավելի  ընդունված լիդեր է թուրք ընտրողի, Թուրքիայի համար, քան Քըլըչդարօղլուն»։

Մայիսի 14-ին տեղի ունեցած առաջին փուլում Էրդողանը ստացել է ձայների 49.52, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը: Քըլըչդարօղլուն ցանկալի թեկնածու չէ թուրք ընտրողների համար, ասում է զրուցակիցս։  Նրա կարծիքով՝ անկախ  քվերակության արդյունքներից՝ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվի։ Թուրքիան պետական քաղաքականություն ունեցող երկիր է՝ ասում է զրուցակիցս։ Որևէ վարչապետ կամ նախագահ այն փոխել չի կարող։

«Եվ մենք դա Թուրքիայի պատմության ընթացքում քանի անգամ տեսել ենք։ Այդ ուղուց շեղվելու համարվարչապետ կախած երկիր է Թուրքիան։ Եթե մեկը փորձի իր սեփական քաղաքականությունն առաջ  տանել, նրան կբերեն այդ ուղու վրա։ Պետական քաղաքականությունը երբեք չի փոխվի ոչ մեկով»։

Անդրադառնալով թուրք վերլուծաբանների այն կանխատեսումներին, որ Էրդողանի վերընտրվելու դեպքում Հայաստանի և Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական փոփոխություններ կլինեն, թուրքագետն ասում է՝ հայկական կողմն արդեն իր պատրաստակամությունը հայտնել է, բայց Հունաստանն այդ ճանապարհով չի գնա։  Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուին, ապա նրա ընտրվելու դեպքում  թուրքագետը  հայ-թուրքական հարաբերություններում ավելի վտանգավոր զարգացումներ է կանխատեսում։ 

«Որովհետև նա պետք է իրեն փաստի, որ նոր է գալիս, իսկ Էրդողանը դրա կարիքը չունի։ Սա Էրդողանի կյանքում վերջին ընտրությունն է և կարող է անի, ինչ ուզում է, այսինքն՝ իր խոստումներն էլ չկատարի անգամ, ձեռքերն ազատ են։  Իսկ Քըլըչդարօղլուն իրեն տարբեր տեսակետներով պետք է փաստի։ Առաջինը որպես նոր լիդեր, որը նաև ուժեղ է և նացիոնալիստ է։ Երկրորդը՝ որպես  հայի զավակ, դերսիմցու շառավիղ, պետք է փաստի, որ ինքը պակաս նացիոնալիստ ու թուրքամետ չէ։ Երրորդը՝ իրեն պիտի փաստեն իրենց կողմնակիցների ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի առաջ»։

Թուրքիայի ընդդիմությունն իշխանության գալու դեպքում պլանավորում է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ։ Վերջինը խոստացել է նաև հարթել Թուրքիայի հակասությունները ՆԱՏՕ-ի հետ, խորացնել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ համգործակցությունը։

«Եվ եթե ինքը ավելի շատ է աշխատելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգտին, քան Էրդողանը, ապա մենք պետք է վտանգ զգանք այս տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ինչ որ ծրագրեր ունեն Իրանի հետ։  Էրդողանը մի քանի տարի էր՝ ուշացնում էր այդ գործողությունները, չէր ուզում ինքը վնաս կրել, պետք չէր իրեն, ինչպես ՌԴ-ի հետ էր անում նման քաղաքականություն։ Իսկ Քըլըչդարօղլուն ոտ ու ձեռով պետք է մտներ այս ծրագրի մեջ և մենք այս տարածաշրջանում Իրանի դեմ պետք է պատերազմ ունենայինք։ Այս  դեպքում Հայաստանն էլ կվառվեր այդ կրակիմեջ»։

Երկու թեկնածուներից որևէ մեկի ընտրության դեպքում էլ հայանպաստ քաղաքականության ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Նրանց քաղաքական օրակարգում առավել մեծ պետությունների հետ հարաբերություններն են։ Մնում է ակնկալել, որ համագործակցությունից  Հայաստանը չի տուժի՝ ասում է Լյոքմագյոզյանը։

Back to top button