ԿարևորՀասարակություն

Հռոմի ստատուտ. Պուտինի «հարցը» կկապի՞ Հայաստանի ձեռքերը

Պաշտոնական Մոսկվան դեռևս չի արձագանքել Հայաստանի ՍԴ-ում Հռոմի կանոնադրության սահմանադրականության քննարկումների առնչությամբ: Բայց ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով արտաքին գերատեսչությունում սեփական աղբյուրներին, փոխանցել է ՌԴ դիրքորոշումը, թե Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի կողմից «բացարձակապես անընդունելի» է ՌԴ-ի համար:

Հայկական և ռուսական  կողմերի դիրքորոշումները հատվում են Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին որոշման կետում: Թեև Երևանը կանոնադրության վավերացման գործընթացը շատ ավելի շուտ էր սկսել և միանգամայն այլ նպատակներով, բայց ՍԴ-ի որոշումը քննարկվում է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:

ՍԴ-ում փաստաթղթի սահմանադրականությունը որոշելուց հետո Հռոմի կանոնադրությունը կամ ստատուտը դեռ պետք է վավերացվի ԱԺ-ում: Դեռ հայտնի չէ, թե հարցը երբ կքննարկվի Ազգային ժողովում, բայց  խորհրդարանականների հատկապես ընդդիմադիր թևը պատրաստվում է լուրջ պայքարի: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ այս պահին փաստաթղթի վավերացումը նման է «կրակի վրա յուղ լցնելուն»: Համոզված է, որ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին կալանավորելու որոշում է կայացրել, Հայաստանի քայլը ճիշտ չի ընկալվի ռուսական կողմում, թեև Հայաստանը փաստաթուղթը վավերացնելու գործընթացը ավելի շուտ էր սկսել և դրդապատճառը որևէ առնչություն չուներ դատարանի վերջին որոշմանը:

«Բազմաթիվ խնդիրներ կան, համաձայն եմ, որ կապ չունի: Ինքնին արդեն աննախադեպ է: ՍԴ-ն 2004-ին, Սահմանադրությանը հղում տալով, ասել է՝ հակասահմանադրական է: Փաշինյանական ՍԴ-ն 2004-ից 19 տարի հետո մեկ էլ եզրակացնում է, որ սահմանադրական է: Ո՞նց է լինում, նույն դրույթները Սահմանադրության մեջ գործում են. դատական իշխանության անկախությունը, նախագահի լիազորությունները, ներում շնորհելու լիազորությունը, իրավասությունը»: 

Կառավարությունը նախորդ տարեվերջին էր հավանություն տվել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և դրա իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին նախագծին:

Դրանից հետո դիմել էր Սահմանադրական դատարան՝ կառույցի դիրքորոշումը ճշտելու համար։  Խնդիրն այն է, որ 2004 թվականին Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ՍԴ-ն ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։ Գործադիրի հիմնավորմամբ՝ ՍԴ որոշման կայացումից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխության է ենթարկվել և հնարավոր է, որ փոխվել է նաև ՍԴ-ի դիրքորոշումը:

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 1998-ին Հռոմում, ուժի մեջ է մտել 2002-ին: Հայաստանը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս չի վավերացրել:

Հռոմի կանոնադրությունը վավերացնելուն դեմ արտահայտվող մասնագետները վկայակոչում են, օրինակ այն, որ Արդարադատության միջազգային քրեական դատարանով քրեական  պատասխանատվցության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում: Սա արդեն ինքնիշխանության որոշակի սահմանափակում նախատեսող ընթացակարգ է՝ ասում են իրավաբանները, որովհետև պետությունը ինքն է երկրի նախագահի կամ ԱԺ-ի մակարդակով որոշում ներում կամ համաներում շնորհելու հարցը: Հենց այդ հիմքով էր 2004 թվականին ՍԴ-ն փաստաթուղթը հակասող ճանաչել ՀՀ Սահմանադրությանը:

Սրա մասին խոսում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը: Փաստաբան Վահե Գրիգորյանը հիշեցնում է՝ բազմաթիվ երկրներ հենց այդ խնդիրների պատճառով են ձեռնպահ մնացել փաստաթղթի վավերացումից:

«Բազմաթիվ պետություններ զերծ են մնում դրանից, քանի որ, ըստ էության, նրանք գտնում են, որ Հռոմի միջազգային քրեական դատարանը իրենց համար առաջացնում է խնդրահարույց իրավիճակ: Ժամանակին, օրինակ, Իսրայելը, Լիբիան, Չինաստանը, ԱՄՆ-ն  դեմ են քվեարկել դրա ընդունմանը, և 20-ից ավելի պետություն ուղղակի ձեռնպահ է քվեարկել: Պատկերացնենք իրավիճակ, երբ Ադրբեջանն է միջազգային քրեական իրավունքով արգելված հարց բարձրացնում Եվրոպայում Հռոմի ստատուտի շրջանակներում  և, օրինակ, կաշառքիմիջոցով հասնում է ինչ-որ դատավճռի: Հիմա պատկերացնո՞ւմ եք ՀՀ-ում քանի անձ կարող է միջազգային քրեական հետախուզման և Հռոմի ստատուտի շրջանակներում քրեական հետապնդման ենթարկվել»:

Գործադիրը 2004-ից հետո կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ նախագծի հիմնավորման, հնարավորություն է տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: Հռոմի ստատուտի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ և ագրեսիա:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը համարում էր՝ թեև Ադրբեջանը կանոնադրության անդամ չէ, միջազգային փաստաթղթի վավերացումը թույլ կտա պատասխանատվության կանչել պաշտոնական Բաքվին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացրած հանցագործությունների համար:

«ՍԴ-ի կողմից դրական որոշման առկայության դեպքում մենք Միջազգային քրեական դատարանի իրավապահ գործիքակազմը ներգրավելու ենք, որպեսզի ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործությունները արդեն միջազգային ատյանները կարողանան քննեն և անկախ նրանից` հակառակ կողմը այդ պայմանագրի անդամ է, թե ոչ, որպես քրեական հանցագործի կկարողանան պատասխանատվության ենթարկել»:

Խոսքը ոչ թե 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ դրանից հետո Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին է: Որպեսզի Հայաստանը կարողանա տարածել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի վրա, գործադիրն առաջարկում է  դրա իրավազորությունը ճանաչել հետադարձորեն՝ 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր։

Եթե ԱԺ-ն վավերացնի կանոնադրությունը, այն կունենա հետադարձ ուժ, Հանրային հեռուստաընկերությանը պարզաբանել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը.

«Սա նշանակում է, որ բոլոր այն հանցագործությունները, որոնք ՀՀ տարածքում կամ ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվել են 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր, մտնում են Միջազգային քրեական դատարանի իրավազորության տիրույթ, այսինքն` միջազգային քրեական դատարանի դատախազը համապատասխան հիմքերի և ազդակների առակության դեպքում կարող է սկսել քննությունն ու իր իրավասությունների իրագործումն այդ ուղղությամբ»:

Այս նպատակների միջակայքում Միջազգային քրեական դատարնը ՌԴ նախագահին կալանավորելու որոշում կայացրեց, որով էլ Հայաստանի համար ստեղծվեց վտանգավոր իրավիճակ: Այժմ դեռ ոչ պաշտոնական խողովակներով է փոխանցվում Մոսկվայի դժգոհությունը փաստաթղթի հնարավոր վավերացումից Հայաստանի խորհրդարանում: Անգամ նշվում է, որ այդ քայլը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ երկկողմ հարաբերությունների վրա:

Խորհրդարանական մեծամասնությունը իրավիճակի լրջությունը գիտակցում է, բայց դեռ լայն քննարկումներ այս հարցով չի ձեռնարկել՝ ասում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը: Ասում է՝ բոլոր հարցերը ծանրութեթև կանեն:

«Ինչպես թելադրի մեր ազգային և պետական շահը, մենք այդպես էլ վարվելու ենք: Ազգային շահի մեջ բազմաթիվ կոմպոնետներ են մտնում: Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական նշանակության համաձայնագրեր, պայմանագրեր և դա ամբողջ աշխարհն էլ հասկանում է, որ այդպես է: Մենք փոքր երկիր ենք և առաջնայինը, որից պետք է բխեն մեր բոլոր գործողությունները թե՛ դիվանագիտական և բոլոր, դա առաջնայինը մեր պետական  ու ազգային շահն է լինելու: Չեմ կարող ասել՝ ինչ քննարկումներ կունենանք, դրանց արդյունքում ինչ որոշումներ կկայացվեն»:

Եթե ԱԺ-ն վավերացնի փաստաթուղթը, Հայաստանը կլինի տարածաշրջանում երկրորդ երկիրը Վրաստանից հետո, որ միացել է Հռոմի կանոնադրությանը:  

Back to top button