Հաջողության նոտա

Մանկության խաղերը՝ ապագայի մասնագիտություն․ Նարեկ Նիկողոսյանի «Հաջողության նոտան»

Երբ դեռ դպրոց էլ չէր գնում, ծխախոտի տուփերից տեսախցիկ, հեռուստացույց էր սարքել ու եղբոր հետ հեռուստատեսություն-հեռուստատեսություն էր խաղում, ստուդիան էլ շախմատի տախտակն էր: 9 տարեկանից հայտնվել է հեռուստատեսությունում ու վերջնականապես համոզվել, որ դա հենց իր աշխարհն է: Մանկական խաղը վերածվեց մեծական խաղի:

ABNews TV հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն, Մանթաշյանց ԳՄ տնօրեն Նարեկ Նիկողոսյանն իր գործունեությունը աշխատանք չի համարում, քանի որ միշտ արել է այն, ինչ սիրել է, նրա համար իր աշխատանքը եղել է խաղի պես հաճելի, նույնիսկ ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքը կատարելիս միշտ հոգու խորքում ուրախացել է՝ «ինչ լավ է, որ խաղում ես ու դրա շնորհիվ նաև գումար վաստակում, կարիերա անում, հաջողությոունների հասնում»։

Ըստ նրա՝ հաջողության գրավականն էլ կողքիդ ավագ սերնդի մասնագետներ ունենալն է, որոնք անշահախնդրորեն կօգնեն խորհուրդներով: Հաջողության հասնելու համար պետք է շատ սիրել աշխատանքը, համախոհներ ունենալ:

Ո՞ւր է գնում լրագրողական աշխարհը, ինչպիսի՞ն պետք է լինի ունիվերսալ լրագրողը. ինչպե՞ս են փոխվում պահանջները, արդյո՞ք հեռուստատեսությունը տեղափոխվել է երկրորդ պլան:

Նարեկ Նիկողոսյանն ունի իր պատասխանները: Ասում է՝ ոչ թե խոսքն է կարևոր, այլ ասելիքը։ Կարծում է, որ խոսքն իր արժեքը կորցնում է, երբ բոլորը աղմկում են, խոսքը ոչ ոք չի լսում։

«Լավ լրագրությունը նաև թիմային աշխատանք է․ եթե լավ լրագրող ես, պետք է կողքիդ լինեն լավ հնչյունային ռեժիսորը, լավ խմբագիրն ու օպերատորը, լավ մոնտաժողը», – ասում է Նարեկը։ Այսօր արդեն սեփական արագ զարգացող մեդիա բիզնես ունի։ Ասում է՝ երբ հավատում ես, անհնարին ոչինչ չկա։

Back to top button