ԿարևորՀասարակություն

Լոռու մարզի 7 հանրակրթական դպրոցներ նոր մարզադահլիճներ կունենան

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շրջայց է կատարել Վանաձորի հանրակրթական այն դպրոցներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում կամ վերանորոգվում են մարզադահլիճներ:

Մարզպետին ուղեկցել են Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Մարզպետի առաջին կանգառը Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցում էր: Այստեղ դպրոցի մարզադահլիճը վերակառուցվում է, շինաշխատանքներն ընթացքի մեջ են (67 միլիոն դրամ): Շուրջ 570 աշակերտ ունեցող դպրոցը մի քանի ամսից կունենա բարվոք և ժամանակակից մարզադահլիճ՝ հանդերձարաններով, մարզչի սենյակով, ցնցուղարաններով, սանհանգույցներով և համապատասխան գույքով: Ծրագրի շրջանակներում այժմ բարեկարգվում է նաև մարզադահլիճին կից բակը:

Մարզպետը եղել է նաև Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում: Այս կրթական հաստատությունը երբևէ մարզադահլիճ չի ունեցել: Ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացվել են դասասենյակներում կամ դպրոցի բակում:

Կառավարության տրամադրած միջոցներով այժմ դպրոցի համար կառուցվում է հիմնովին նոր և ընդարձակ մասնաշենք (144 միլիոն դրամ) :

Մարզադահլիճի հիմնովին նոր մասնաշենք է կառուցվում նաև Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի համար (99 միլիոն դրամ): Այս դպրոցը ևս մարզադահլիճ երբևէ չի ունեցել: Առարկան դասավանդվել է՝ առանց համապատասխան պայմանների: Շինարարները վստահեցնում են, որ վերոհիշյալ դպրոցները մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը կունենան ամբողջովին նոր մարզական պայմաններ:

Շինարարությունն այս 3 դպրոցներում իրականացնում է «Նեմրութ» ՍՊԸ-ն: Շնորհիվ ծրագրի՝ աշխատանքով ապահովվել են ավելի քան 80 մասնագետներ:

Շրջայցի ժամանակ Լոռու մարզպետը կարևորել է մարզադահլիճները բոլոր հարմարություններով ապահովելը և աշխատանքների որակի՝ սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

— Մեր բոլոր երեխաները պետք է կրթվեն արժանապատիվ պայմաններում: Համոզված եմ, որ այս մարզադահլիճներում մեր ապագա չեմպիոններն են մարզվելու,- լրագրողների հետ զրույցում ասել է Լոռու մարզպետը:

Արամ Խաչատրյանը շրջել է դպրոցներում, ծանոթացել պայմաններին, հետևել ճաշարանների գործունեությանը: Ուսուցիչների հետ զրույցում նա կարևորել է կրթության որակի բարձրացումը, դասապրոցեսի արդյունավետ կազմակերպումը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Կառավարության որոշմամբ Լոռու մարզի թվով 7 դպրոցների կառուցման և հիմնանորոգման համար նախատեսված է հատկացնել ավելի քան 522 միլիոն դրամ:

Ընթացքի մեջ են նաև Վարդաբլուրի և Ագարակի միջնակարգ դպրոցների, Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի և Ստեփանավանի թիվ 1 վարժարանի մարզադահլիճների կառուցման աշխատանքները:

Back to top button