ԿարևորՎերլուծական

Միջազգային փաստահավաք ներկայությունը՝ Բաքվի ագրեսիան սահմանափակելու միջոց

Արցախի Հանրապետության վրա հերթական հարձակումից հետո ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է խեղաթյուրել մարտի 5-ի դիվերսիայի փաստերը։ Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրև թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով և որ իբրև թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում:

Սրան ի պատասխան Հայաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ Նմանօրինակ «աղմկոտ բացահայտումներով» Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը գլխավոր խնդիրներից։

Ռադիոլուրի հարցազրուիցը քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ

Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք։

Ի՞նչ է ակնկալվում նման առաքելությունից, ի՞նչ կարող է անել փաստահավաք խումբը ԵՄ դիտորդների ու ռուս խաղաղապահների առկայության պայմաններում։

Ըստ նրա` փաստահավաք խումբը որևէ միջամտության իրավունք չունի, դրա լիազորություններն ավելի սահմանափակ են, քան ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։

«Սովորաբար նման խմբի առաքելությունն է ամրագրել փաստերը, չեզոք դիրք ունենալով`  ֆիքսել բոլոր նախկին և միջազգայնորեն ճանաչված պայմանավորվածությունների իրականացումը, և եթե կան խոչընդոտներ, գնահատել, թե որ կողմն է այդ խոչընդոտները ստեղծում»,- ասում է վերլուծաբանը։

Նա նշում է, որ խմբի կարևորագույն գործառույթն է փաստական տվյալների հիման վրա համապատասխան որևէ կառույցի եզրակացություն ներկայացնելը` բացատրելով, թե ինչու է նման անընդունելի իրավիճակ ստեղծվել։

Ըստ քաղաքական վերլուծաբանի` փաստահավաք խումբ կարող է ձևավորվել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ շրջանակներում։ «Արցախ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու առաջարկը բազմիցս մերժվել է հենց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից: Ադրբեջանը և Ռուսաստանը դեմ են որևէ փաստահավաք խմբի ներկայության՝ սրանով իսկ խոչնդոտելով իրենց իսկ անդամակցած կառույցների աշխատանքին։ Սա երկակի վիճակ է ստեղծում։ Միջազգային նման ներկայությամբ հնարավոր կլինի զսպել ադրբեջանական ագրեսիան։ Ադրբեջանական կողմը, պատժամիջոցների վտանգի տակ հայտնվելով,  կսահմանափակի իր բացասական ակտիվությունը։ Այն ինչ անում է Բաքուն` բացահայտ հանցագործություն է, որը «հիբրիդ» խաղի կանոններով Ադրբեջանին հաջողվում է քողարկել` սեփական հանցավոր գործողություններին տալով իբր «օրինական», կամ իբր «տարերային» բացատրություններ, ինչպիսիք Բերձորի ճանապարհը փակած «էկոակտիվիստներն» են։ Փաստահավաք խումբը նման հնարավորությունը սահմանափակող միջոց է, գրեթե նման է գիշերային ժամերին փողոցներում պարեկության։ Բոլոր դեպքերում եթե նույնիսկ զինված չեն, նրանց ներկայությամբ հանցագործությունների աճի միտումը ավելի ցածր է»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։    

Back to top button