ԿարևորՔաղաքական

Սիրիան միայնակ է մնացել աղետի հետ․մարդասիրությունը՝ քաղաքական գործիք

Եթե նույնիսկ այսօր որոշում կայացվի Սիրիայի Արաբական Հանրապետությանը տրամադրել նույնքան օգնություն, որքան տրամադրվել է Թուրքիային, ապա միևնույն է, շարունակ թմբկահարվող իր մարդասիրությամբ աշխարհն արդեն ուշացել է. փլատակներում մնացած մարդկանց ողջ հայտնաբերելու հավանականությունը փոքր է՝ ասում է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը` անդրադառնալով փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիայի և Սիրիայի նկատմամբ աշխարհի տարբերակված  մոտեցմանն ու մարդասիրության երկակի դրսևորումներին։

Նրա խոսքով՝ Սիրիան աշխարհի կողմից «մերժվածների» ցուցակում է, իսկ Թուրքիան Արևմուտքի գործընկերն է, որի նկատմամբ միջազգային հանրությունը նաև պարտավորություններ ունի։

«Սիրիայում մարդասիրական աղետը նոր չէ։ Տեղի ունեցած երկրաշարժը ևս մեկ պատճառ է բարձրաձայնելու պատուհասած աղետի մասին։ Սիրիան պատժամիջոցային, քաղաքացիական, միջցեղային և Թուրքիայի հետ արտաքին պատերազմի մեջ է, ստեղծված իրավիճակը հյուծել է արաբական այս պետությունը»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։ 

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը չի բացառում, որ մոտ ապագայում, ստեղծված իրողությունները հաշվի առնելով, Սիրիան վերանայի իր արտաքին քաղաքականությունը։

«Ամեն դեպքում աշխարհը Թուրքիայի հետ հաշվի է նստում` փորձ անելով տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Անկարային սիրաշահել։ Թուրքիան նաև միակ պետությունն է, որը Ռուսաստանի հետ փոխգործակցությամբ փորձում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդի դեր ստանձնել։ Ողբերգական այս աղետն ընդամենը փաստում է, որ մարդասիրություն կամ հումանիզմ կոչվող եզրույթները ևս քաղաքական գործիքներ են, որոնք շատ հաճախ ճնշում գործադրելու, նաև հաճոյանալու համար են ծառայում»,- շեշտում է թուրքագետը։

Back to top button