ԿարևորՔաղաքական

Թուրքիան սպառնում է տարածաշրջանին․ Կարսի զորավարժությունների թարգմանությունը՝ ըստ փորձագետների

ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրում զորավարժության է մասնակցում է։ Թուրքիայում արդեն երկու շաբաթ ընթացող «Ձմեռ-2023» զորավարժությանն ընդգրկված են ավելի քան մեկ տասնյակ երկրների զինվորականներ։ Դա Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է մասնակից երկրների քանակի առումով։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ հետևելու է Կարսում անցկացվող հարձակողական բնույթի  զորավարժություններին։ Ռազմական փորձագետներն ասում են, որ այդ զորավարժություններն ամենամյա են, բայց նաև խոսում են Անկարայի հեռահար ծրագրերի ու առկա ռիսկերի մասին։

ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում լայնածավալ զորավարժությունների է մասնակցում։ Նման բան առաջին անգամն է տեղի ունենում և տեղավորվում է Անկարայի թուրանական ծրագրերի շրջանակներում, ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ Թուրքիան փորձում է ընդգծել իր առանձնահատուկ դերը տարածաշրջանում և իր ինքնուրույն խաղն է խաղում։

«Թուրքիան փորձում է բոլորին ցույց տալ, հատկապես աշխարհում խաղացող երկրներին, որ ինքը ձևավորում է ինքնուրույն ռազմական ալյանս և փորձ է անում ինքնուրույն որոշակի դերակատարում ունենալ տարածաշրջանում հակամարտությունների լուծման հարցում։ Մեզ  չպետք է զարմանալի թվա, որ ՀԱՊԿ անդամ երկիրը Թուրքիայի հետ համատեղ զորավարժությանը մասնակից է, քանի որ ՀԱՊԿ անդամ այդ երկիրը նաև թյուրքալեզու երկրների խորհրդի անդամ է»,– ասում է փորձագետը։

«Ձմեռ-2023» զորավարժությունները, որ սկսվել են հունվարի 18-ին  կավարտվեն փետրվարի 2-ին։ Դրանց մասնակցում են մեկ տասնյակից ավելի երկրների զինծառայողներ, այդ թվում՝ Գերմանիայից, Ղազախստանից և Մեծ Բրիտանիայից։

 2023 թվականի ձմեռային զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1750 զինծառայող, ներգրավված է ավելի քան չորս տասնյակ տեսակի զինտեխնիկա, օգտագործվում է 865 միավոր 23 տեսակի զինատեսակ։

Զորավարժություններն անցկացվում են Հայաստանին սահմանակից Կարսում։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գտնում է, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի մասնակցությունը զորավարժություններին, բացի  թուրանական աշխարհում իր առաջնորդությունն ընդգծելու Անկարայի մղումներից, նաև հոգեբանական նշանակություն կարող են ունենալ՝ զորավարժությունները ղազախական բանակում թուրքամետ տրամադրություններ կարող են առաջացնել ։

«Ձմեռ-2023»-ը, սակայն ամենամյա զորավարժություն է, ասում է փորձագետը․

«Իրենք ամեն տարի ձմռանն անցկացնում են զորավարժություններ՝ ձմեռային պայմաններում  մարտ մղելու ուղղությամբ պատրաստ լինելու համար։1914 թվականին Սարիղամիշի ճակատամարտում թուրքական բանակը ոչ միայն պարտություն կրեց, այլև կորուստները ծանր եղան՝ ձմռանը բանակի անպատրաստ լինելու պատճառով, ինչը հիմք դրեց, որ թուրքական կողմը արդեն 100 տարուց ավելի ձմռանը զորավարժություններ իրականացնի։ Ձմռանը մարտ վարելը իր առանձնահատկություններն ունի՝ քողարկման խնդիր կա, հանդերձանքի հարց կա․․․»

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ այդքան պետություններ են մասնակցում զորավարժություններին։ Այդ երկրներն իրենց զինված ուժերով ներկայանում են հատուկ գործողությունների պլանով։ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով դա որոշակի ռիսկեր է պարունակում տարածաշրջանի համար․

«Սա ռիսկային է այն առումով, որ զորավարժությունները տեղի են ունենում ոչ թե պաշտպանական, կամ տարածքային ամբողջականության պահպանման, կամ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, այլ դրանք հատուկ գործողություններ իրականացնող զորավարժություններ են, ասել է, թե հարձակվողական բնույթի են, ինչը ռիսկային է մեր տարածաշրջանում, քանի որ բաց խոսվում է այն մասին, որ Թուրքիան  հնարավոր է նաև ռազմական գործողություններ իրականացնի տարածաշրջանում»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը տարածաշրջանային լարվածության պայմաններում հատկապես Իրանի դեմ հնարավոր հարձակման հավանականությունն է դիտարկում։

«Զորավարժություններն, ինչպես և դիվանագիտության լեզուն, թարգմանության կարիք ունեն և, եթե  սա թարգմանենք, ապա Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ իրականացնել ոչ միայն տարածաշրջանում, այլև այն հատվածներում, որոնք դիտարկում է թուրանական պետության սահմաններ»,– նշում է փորձագետը։

 Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը բնական է համարում, որ թշնամին ձգտում է ուժեղանալ, և հայկական զինուժն էլ սա պետք է հաշվի առնի և պատրաստվի ձմեռային պայմաններում մարտական գործողություններ մղելու։

Կարեն Հովհաննիսյանն էլ նշում է, որ ընդհանուր առմամբ, նախորդ տարվա վերջին եռամսյակից սկսած, Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայից հետո, Բաքուն նվազագույնի է հասցրել զորավարժությունները, անգամ չեղարկել է դրանցից մի քանիսը։ Փորձագետը դա պայմանավորում է Ադրբեջանի դեմ արտաքին ճնշումներով։ Բաքուն այսպիսով փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, թե ապառազմականացնում է տարածաշրջանը։

Back to top button