ԿարևորՀասարակություն

Երկու խոշոր զբոսաշրջային պետական ծրագիր կիրականացվի Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում

Փետրվարի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել զբոսաշրջության ոլորտին նվիրված հանդիպում-քննարկում, որը վարել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը եւ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը։

Հանդիպմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, Սեւանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի եւ Վարդենիսի համայնքապետարանների զբոսաշրջության բաժինների աշխատակիցներ, զբոսաշրջային ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզում գործող թանգարանների տնօրեններ եւ հյուրատնային բիզնես վարողներ։

Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը ողջունել է Զբոսաշրջության կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից համատեղ հրավիրված հանդիպման նախաձեռնությունը եւ հույս հայտնել, որ այն կընթանա ակտիվ եւ արդյունավետ քննարկման մթնոլորտում, կնպաստի Զբոսաշրջության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների եւ տնտեսվարողների միջեւ կայուն համագործակցության հաստատմանը։

Զբոսաշրջային կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի գործառույթները, 2023 թվականի ծրագրերը, նպատակներն ու անելիքները։

«Նախորդ տարվա համեմատ այս տարի աննախադեպ աճել է մեր մարկետինգային բյուջեն՝ հասնելով 1 միլիարդ դրամի, որը մեզ հնարավորություն է տալիս՝ ավելի շատ ծրագրեր իրականացնել եւ դրամաշնորհային մրցույթներ հայտարարել։

Ծրագրում ենք մասնակցել միջազգային ցուցահանդեսների եւ փառատոների, աշխատանքներ կտանենք զբոսաշրջությունը ապակենտրոնացման քաղաքականության միջոցով Հայաստանի մարզերում զարգացնելու, զբոսավարների վերապատրաստման եւ որակավորման, միջազգային հարթակներում գովազդային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ՝ համագործակցելով հեղինակավոր լրատվամիջոցների հետ։

Կարծում եմ, որ այս քայլերով Գեղարքունիքի մարզում եւս զարգացում կապրի զբոսաշրջությունը, քանի որ այս տարի նախատեսվում է երկու խոշոր զբոսաշրջային պետական ծրագիր իրականացնել Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում։

Շատ կարեւոր են նման հանդիպումները, որի ընթացքում վեր կհանվեն Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային ոլորտի խնդիրները, բացթողումները, գրավչությունները, զարգացման հեռանկարները։ Սա կարող եմ համարել համագործակցության հաջող մեկնարկ»,-ներկայացրել է Սուսաննա Հակոբյանը։

Ներկաները խոսել են իրենց ձեռքբերումների եւ զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրների մասին, հանդես են եկել մի շարք առաջարկություններով եւ հարցադրումներով։

Back to top button