ԿարևորՀասարակություն

Հատկապես բարձր ռիսկի խմբի հղիների ոչ բոլոր ծախսերն է ծածկում պետությունը. հետազոտություն

Հայաստանում ծննդօգնությունն անվճար է և հասանելի է բոլոր կանանց։ Միևնույն ժամանակ ծննդօգնության ծառայություններն այնքան շատ են, որ պետությունը միշտ չէ, որ կարողանում է հոգալ բոլոր ծախսերը։ Ծառայությունների մի մասի վրա պետպատվերը չի էլ տարածվում։

«Կետ 33» ՀԿ հետազոտել է, թե դաշտում ինչ խնդիրներ կան, որ ծառայությունների համար ինչ իրավական կարգավորումներ են գործում։ Այստեղ կարծում են՝ դա կնպաստի ավելի խորքային խնդիրներ վեր հանելուն և դրանց լուծմանն ուղղված ավելի գործուն միջոցներ ձեռնարկելուն։ Ծննդօգնության համար ոչ պակաս կարևոր են նաև կրծքով կերակրկման խորհրդատուների ու դուլաների ծառայությունները։ Սակայն վերջինները ոչ միայն մասնավոր ծառայություններ են, այլև դրանց գործունեությունն օրենսդրորեն էլ կարգավորված չէ։

Իվետա Սուվորովան վերջին 2 տարվա ընթացքում ավելի քան 70 ծննդաբերության է մասնակցել։ Կարելի է ասել՝ արդեն բավականին փորձառու դուլա է։

«Դուլան գալիս է հղիի տուն, խոսում ենք ծննդաբերության վախերից, հասկանում ենք՝ ինչ կարող ենք անել, որ չվախենա։ Բացատրում ենք՝ ինչ է ծննդաբերությունը, ինֆորմացիա ենք տալիս կեսարյան հատման, էպիդուրալի մասին, բայց դուլան ոչ մի կերպ չի ազդում կնոջ որոշումների վրա»,-ասում է Իվետա Սուվորովան։

Դուլաների ինստիտուտ  Հայաստանում դեռ չկա, իրենք՝ դուլաներն էլ շատ փոքրաթիվ են։ Հղիության առաջին շաբաթներից մինչև հետծննդաբերական շրջանը դուլան կարող է հղի կնոջ անփոխարինելի աջակիցը լինել։ Միայն թե ոչ բոլոր հիվանդանոցներում են դուլաներին սրտաբաց ընդունում։ Ծննդատներ կան նույնիսկ, որտեղ դուլաների մուտքը արգելված է, ասում է Սուվորովան․

«Այժմ էլ կլինիկաներ կան, որտեղ ողջունում են մեզ, առանց որևէ խնդրի մենք կարող ենք գալ, աջակցել հղի կնողջը։ Բայց նաև ծննդատուն կա, որտեղ մեզ կտրականապես ներս չեն թողնում, ասելով, որ դուլան գումար է վերցնում, ինչը իրենց ձեռք չի տալիս։ Կամ դուլան միջամտում է բժիշկին»։

Դուլաներին հիմնականում չեն ընդունում՝ նրանց որպես մրցակից տեսնելու հանգամանքով պայմանավորված։ «Ռադիոլուրի» հետ զրույցում «Կետ 33» ՀԿ ղեկավար Աստղիկ Կարապետյանը որոշ մանրամասներ է ներկայացնում այս հարցի վերաբերյալ․

«Եթե բժիշկ մանկաբարձը ամսական ստանում է 120 հազար դրամ և աշխատում է մի  շարք հղիների հետ, կրելով բժշկական պատասխանատվություն,  ապա դուլաները մեկ ծննդաբերությանը ներկա գտնվելով կարող են վաստակել 80.000-100.000 դրամ։ Արդյունքում՝ կարող է ներքին կոնֆլիկտ առաջանալ, և այդ դեպքում կինը միանշանակ չի շահում»։

Իրականում դուլաները ոչ թե ծննդաբերությանը ներկա լինելու համար են ստանում այդ գումարը, այլ հղիության և հետծննդաբերական շրջանում ամբողջ ծառայության համար, բարզաբանում է դուլա Իվետա Սուվորովան։ Նույն վերաբերմունքը կա նաև կրծքով կերակրելու մասնագետների նկատմամբ։ Նրանց ևս հիվանդանոցում գրկաբաց չեն ընդունում։ Կրծքով կերակրման խորհրդատու Անուշ Սաքանյանը 8 տարվա ընթացքում տարեկան մոտ 100 կնոջ հետ է աշխատում, բայց բացառապես տնային պայմաններում․  

«Հայաստանում կրծքով կերակրման սերտիֆիկացում գոյություն չունի։  Իմ 8 տարվա պրակտիկայի ընթացքում մի անգամ եմ կոնսուլտացիայի համար գնացել ծննդատուն, և դա վերջին անգամն է եղել։ Հասկացա, որ շատ բան պետք է փոխվի մեր երկրում»։

 Դուլաների և կրծքով կերակրման խորհդատուների ծառայությունները ոչ բոլորի գրպանին են հասու, բայց այս մասնագետների աջակցությունը ամենաանհրաժեշտներից չէ։ Թեև ծննդօգնությունը Հայաստանում անվճար է և հասանելի է գրեթե բոլոր կանանց, պետությունը ոչ բոլոր ծախսերն է ծածկում ծառայությունների այն ծավալում, որը պետք է մատուցվի հատկապես բարձր ռիսկի խմբի հղիներին։ «Կետ 33»-ի հետազոտությունն էլ ցույց է տալիս, որ պետության հատկացրած միջոցները սահմանափակ են և հաճախ  հղիները ստիպված են լինում սեփական գրպանից վճարել այդ ծառայությունների դիմաց։ Պատկան գերատեսչությունում չեն հերքում, որ համակարգում խնդիրներ դեռ կան, բայց վստահեցնում են՝ կիրառվող քայլերը գործուն են։

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ տարեց տարի կառավարությունը ավելացնում է վերարտադրողական առողջության ոլորտում ծառայությունները, և դրանցից մեկն էլ, օրինակ՝ արհեստական բեղմնավորման ծրագիրն է, որն այսուհետ հասանելի է լինելու ավելի մեծ թվով շահառուների։  

«Վերարտադրողական առողջության ոլորտում որոշակի սահմանափակումներ կային։ Այժմ այդ սահմանփակումները բավականին հանվել են։ Քանի որ ծնելիության խթանումը առաջնահերթություն է, կառավորությունը նաև գործով է դա ապացուցում։ Այո, դրանք որոշակի ֆինանսավորում և բյուջե պահանջող լուծումներ են, որոնց մենք վաղ թե ուշ պիտի գնանք, և դրանցից մեկը պարտադիր ապահովագրությունն է։ Դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա մարդուն ապահով զգալ իր առողջապահական, կենսական խնդիրները լուծելու հարցում,  այդ թվում՝ վերարտադրողական առողջության ոլորտում»,-ասում է պատգամավորը։

Մինչ առողջապահական պարտադիր ապահովագրությունը կյանքի կկոչվի և կթեթևացնի վերարտադրողական տարիքի կանանց ֆինանսական հոգսը, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում առայժմ ծնելիության աճը չի ապահովում անգամ պարզ վերարտադրողության համար անհրաժեշտ մակարդակը։ Վերջին 30 տարում  կենդանածին երեխաների թիվը ավելի քանի կրկնակի նվազել է։ Եթե վերջին տարիներին միջինում 36 հազար ծնունդ էինք ունենում, ապա ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, ծնելիության անկման ներկա միտումների պահպանման դեպքում, 2024 թվականին կարձանագրվի ընդամենը 25.000 ծննդաբերություն։ Իսկ միայն 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված ժողովրդագրական աղետը արդեն իսկ փաստում է, որ ծնելիության աճի նվազումն անխուսափելի է։

Back to top button