ԿարևորՀասարակություն

«Լույսի իմ շողը»․ ցուցահանդես՝ նվիրված պատերազմի մասնակից Ռոբերտ Ասմարյանին

Հունվարի 20-ին լրանում է 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինվոր Ռոբերտ Ասմարյանի ծննդյան 25 ամյակը: Մայրը որդու ծննդյան օրվա առիթով «Լույսի իմ շողը» խորագրով անհատական ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ներկայացված բոլոր գործերը ստեղծվել են  վերջին երկու տարիների ընթացքում՝ որդուն փնտրելիս ու սպասելիս: Դրանցում զինվորի մոր ապրումներն են,  սպասումի մեջ ոտքի կանգնելու, ապրելու համար ուժ գտնելու և չհուսահատվելու իր օրինակը:

Պատերազմից հետո որդու որոնումների ընթացքում Զառա Զաքարյանը վերսկսեց երբեմնի սիրելի զբաղմունքը՝ ասեղնագործությունը։ Առաջին աշխատանքն աստվածաշնչյան «Ավետումն» է պատկերում, հավատում է՝ որդու վերադարձի մասին իրեն դեռ ավետելու են։

«Պատերազմից հետո մեր տղայի փնտրտուքի մեջ էինք, ինքս ինձ հանգստացնելու, մտքերս հավաքելու համար սկսեցի ասեղնագործել։ Առաջին գործս «Ավետումը» եղավ, որովհետև սպասում եմ այդ բարի լուրին։ Աստված ինձ կպարգևի այդ բարի լուրը»։

Ռոբերտ Ասմարյանը Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր: Ծառայում էր որպես բուժակ։ 44-օրյայի ժամանակ հերթական ռմբակոծություններից մեկից  հետո գնացել էր զինվորներին օգնելու, որից հետո նրա մասին որևէ տեղեկություն հայտնի չէ: Զառա Զաքարյանն ասում է՝ երբ զավակներից որևէ մեկը վտանգի մեջ է լինում, սիրտն սկսում է արագ բաբախել։ Պատմում է՝ տղան պատերազմից առաջ զանգահարել էր և հայտնել, որ լավ ծառայության համար իրեն պարգևատրելու են։ Չգիտես ինչու՝ լավ լուրը գիշերը չքնելու պատճառ էր դարձել։  

«Ամբողջ գիշեր տագնապի մեջ էի, սիրտս դուրս էր գալիս։ Ես մտածում էի, լավ, ի՞նչ եղավ։  Առավոտյան ութին տասնհինգ պակաս Ռոբս զանգեց, շատ արագ էր քայլում, գմփոց-դխկոց էր գալիս, ինքը բղավում-գոռում էր, հևալով քայլում էր։ Ասում էր՝ «Մամ, իմացի, որ քեզ շատ եմ սիրում, պապային էլ, դուք իմ կյանքի իմաստն եք»»։

Զառա Զաքարյանը պատմում է՝ որդին հաճախ էր ուրախացած զանգահարում, երբ կարողանում էր զինվորի կյանք փրկել։ Պատերազմն ընկալում էր որպես փորձություն, որը հաղթահարելու դեպքում, կյանքում այլևս անհաղթահարելի խոչընդոտներ չեն լինի։

«Պատերազմի ժամանակ մի անգամ զանգեց, ասաց՝ մամ, գիտե՞ս զինվորների մեքենան շուռ է եկել, բայց բոլորը փրկվել են։ Ես իրեն ասացի՝ կյանքս կտայի, որ դրա միջով չանցնեիր, ասեց՝ մի մտածիր, մամ ջան, որ գամ տուն, արդեն կյանքի բոլոր դժվարությունները շատ հեշտ կհաղթահարեմ։ Իր այս խոսքերն ինձ  համար կարգախոս են դարձել, անգամ այս խոսքերն են ինձ ուժ տալիս, որովհետև եթե այս փորձությունն անցա, ուրեմն չեմ պատկերացնում՝ կյանքի ի՞նչ դժվարություն կարող է լինել, որ չկարողանամ հաղթահարել»։

Մայրը  պատմում է, թե ինչպես են մի անգամ խիստ բարկացրել Ռոբերտին, երբ խնդրել են նախ  իր կյանքը փրկելու մասին մտածել։

«Մենք ասացինք՝ Ռոբ ոտքիդ խփի, վիրավորվի, ու ինքը մեզ վրա շատ ուժեղ բարկացավ, ասաց՝ մամ, էդ ի՞նչ եք ասում, չէ որ զինվորներն ինձ են նայում, ես եմ իրենց հույսը։ Ես իրենց օգնում եմ, ես չեմ կարող նման բան անել, ինձնից նման բան չուզեք։ Չասեք էլ։ Ես կգամ տուն։ Ես էլ ասացի, այո, դու գալու ես տուն Ռոբ»։

Գոբելեն, թելեր, կոճակներ․ այն պարագաների մի մասն է, որոնք Զառա Զաքարյանը կիրառում է իր աշխատանքներում։ Դրանցից մեկը ստեղծվել է տղայի ձեռքին արված դաջվածքի նմանությամբ։ Նկարում կյանքը խորհրդանշող ծառն է և ժամանակը պատկերող ավազե ժամացույց։

«Ասաց՝ ծառն արմատներով կյանքն է, ավազե ժամացույցը ժամանակն է, իսկ ծառի ճյուղերն իմ երազանքներն են, որ անպայման պետք է իրագործեմ։ Ես էլ ասացի՝ ծառի վրա մի քիչ տերևներ կանեիր էլի, ասաց՝ կգնամ բանակ կգամ ու մի քանի տերև կանեմ։ Դա էլ է երազանք» ։

 «Լույսի իմ շողը» անվանումով ցուցահանդեսի մյուս նկարում դեպի արևը ձգտող թռչուն է։ Զառա Զաքարյանը բացատրում է․

«Կարելի է նաև ասել՝ ինձ եմ պատկերել,  թռչուն շատ եմ սիրում։  Ինձ նմանեցնում եմ թռչունի,  այս պահին իմ թևերը կծկված են, բայց կգա այդ լուսավոր օրը, և ես իմ թևերը լայն բացելով կբարձրանամ դեպի արևը»։

Մի անգամ պատերազմի ընթացքում որդին զանգել և հարցրել է՝ արդյո՞ք իրեն սպասող կա։ Զառա Զաքարյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը նաև այդ հարցի պատասխանն է։

Back to top button