ԿարևորՀասարակություն

300 մլն դրամ ավելի, քան նախորդ տարի․ Արմավիրի ավագանին հաստատել է 2023-ի բյուջեն

Արմավիր համայնքի 2023 թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ կավելանա  շուրջ 300 մլն դրամով:  Համայնքի ավագանին եկամուտներն ու ծախսերը իրատեսական է համարել և հաստատել է ֆինանսական գլխավոր փաստաթուղթը: Հաջորդ տարի ավագանու որոշամբ 25-35 տոկոսով կավելանան համայնքային աշխատողների աշխատավարձերը, կկրճատվեն հաստիքները: Տարեվերջի նիստն առաջին անգամ տեղի է ունեցել ընդարձակ դահլիճում:

Արմավիր համայնքի  տարեվերջյան նիստը գումարվեց նոր վերանորոգված, ընդարձակ դահլիճում: Մինչ այդ նիստերն անցկացվել են համայնքապետարանի հանդիպում-քննարկումների համար նախատեսված սենյակում, որն անհամեմատ փոքր էր և չէր ապահովում հանրային մասնակցություն: Համայնքապետարանի դահլիճը հիմնանորոգվել է տեղական բյուջեի հաշվին՝ ասում է ավագանու անդամ Դավիթ Հովհաննիսյանը.

«Դահլիճի վերանորոգման համար 15 մլն. դրամ է ծախսվել, ներառյալ գույքը: Բավականին էժան է ստացվել, ու որակյալ աշխատանք է կատարվել: Քանի որ նախկին դահլիճը չէր համապատասխանում պայմաններին, նոր դահլիճի անհրաժեշտություն կար: Բացումը սկսեցինք ավագանու վերջին նիստով»:

Արմավիր համայնքի 2023 թ.  բյուջեն շուրջ 2 մլրդ 300 մլն դրամ է: Ավագանու նիստով հաստատվել են համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատողների հաստիքացուցակն ու դրույքաչափերը: Նոր փաստաթղթով թափուր հաստիքները կրճատվել են: Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ֆելիքս Պետրոսյան.

«Հաստիքացուցակում 2022 թ. համեմատությամբ փոփոխություններ են արվել: Կրթության և  գույքահարկի բաժնում մեկական  առաջին կարգի մասնագետի հաստիքներ են կրճատվել: Խոշորացումից հետո կարծել ենք, թե աշխատանքները չենք կարողանա կատարել, բայց եղած կազմով  հասցրել ենք: Արդյունքում՝ անիմաստ ենք համարել թափուր հաստիք պահելն ու չհամալրելը»:

Հաստիքացուցակում նաև վերադասավորումներ են եղել։ Առաջատար մասնագետի հաստիքը փոխարինվել է գլխավոր մասնագետով, նախակրթական հաստատություններում նաև դրույքաչափեր ու նոր հաստիքներ են ավելացել: Համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արաքսյա Դոլինյան.

«Փոփոխոթյուն է տեղի ունեցել թիվ 4 մանկապարտեզի հաստիքացուցակում. ավելացել է կես դրույք պահեստապետի հաստիք և կես դրույք լոգոպետի հաստիք:  Թիվ 8 մանկապարտեզում ավելացել է մեկ դրույք ֆիզկուլտուրայի հրահանգչի հաստիք, իսկ թիվ 11 մանկապարտեզում՝ կես դրույք:  Կես  դրույք գրադարանավարի հաստիք էլ ավելացել է գրադարանում»:

Համայնքի չորս  մանկապարտեզում այս տարի ջեռուցման համակարգ է անցկացվել և  ամանորյա արձակուրդներից հետո աշխատելու են: Ավելանալու են եկամուտներն և ծախսերը:  Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է, որ հավաքագրված միջոցների հաշվին ծախսերը կծածկվեն.

«Փոքր ծավալով ավելանալու են եկամուտները, քանի որ  ձմռանն աշխատելու են և վարձավճարներ են  գանձելու, բայց մեծ մասով  ծախսերն են  ավելանալու: Մանկապարտեզները պահվում են ոչ այնքան հավաքագրված վարձավճարի, որքան համայնքի ֆինանսավորման հաշվին: Երեք խմբանոց ավանդական մանկապարտեզին, բացի վարձավճարներից, մենք  ևս ֆինանսավորում ենք  30 մլն դրամով: 2023 թ. բյուջեում  պլանավորել ենք եկամուտների ավելացում, և հավաքագրման պայմաններում մենք ֆինանսական խնդիրներ չենք ունենա»:

2023 թ-ին բազմաֆունկցիոնալ տեխնիկայով կհամալրվի «Բարեկարգում» տնօրինության ավտոպարկը: Այստեղ նույնպես թափուր հաստիքներ են կրճատվել՝ հետագայում ավելացնելու նպատակով: Կազմակերպության տնօրեն Արմեն Հարությունյանն ասում է, որ նոր տեխնիկայի ձեռքբերմամբ՝ կավելացնեն 5 վարորդի և 3 աղբաթափ բանվորի հաստիքներ:

«Երկու աղբատար մեքենաներ են բերվելու, մեկ՝ ջրցան, որը  բազմաֆունկցիոնալ է. ամռանը փողոցները լվանալու է և մաքրելու, իսկ ձմռանը՝ ձյան մաքրման աշխատանքեր է կատարելու:  Ավտոպարկը համալրվելու է նաև բազմաֆունկցիոնալ JCB մակնիշի տրակտորով և ճանապարհները հարթեցնող տեխնիկայով՝ գրեյդերով»:

Համայնքում կտեղադրվեն 350  նոր աղբամաններ: Արմավիրի «Ջրամատակարար» ՀՈԱԿ-ում աշխատանքը սեզոնային է, հաստիքների փոփոխությունն՝ անխուսափելի: Համայնքի ղեկավարի խորհրդական Կարեն Մկրտչյանը պարզաբանում է.

«Տարվա ընթացքում ավագանու տարբեր  նիստերով հաստիքային փոփոխություններ արվել են, սակայն աշխատավարձի ֆոնդի հետ կապված փոփոխություններ չեն եղել. աշխատավարձ էր բարձրացվել, տնօրենի  տեղակալի և 2 հսկիչ-պոմպավարի հաստիք էր ավելացել: Նրանց վճարվել է խնայողությունների հաշվին, այս ավագանու նիստով համահարթեցրեցինք և վերջնական տեսքի բերեցինք»:

Միամանդատ ավագանու անդամներն  առանց բացառության կողմ են քվեարկել Արմավիր համայնքի ֆինանսական գլխավոր փաստատթղթին: Ավագանու անդամ Հայկ Մելիքյանը համեմատել է այս տարվա բյուջեն նախորդի հետ ու եզրակացրել՝ 300 մլն դրամով ավելի է պլանավորվել.

«Գալիք տարում բյուջեում նախատեսված փոփոխություններն աշխատավարձերի բարձրացման մասով է: Նախատեսվել են նաև հավելյալ ծախսեր՝ չնախատեսված աշխատանքների համար»:

Եկող տարի 25-35 տոկոսով  համամասնորեն կբարձրանա համայնքային աշխատողների աշխատավարձը: Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն ասում է, որ համայնքի 2022 թ. բյուջեի կատարողականը արդեն 95 տոկոս է, որը փորձում են մինչև տարվա ավարտը հասցնել 100 -ի:

Արմավիրում ավելացել է տոնական զարդարնքն ու լուսավորությունը, բայց տոնական միջոցառումներ չեն լինելու: Երեխաների համար կազմակերպվել են ֆիլմ-դիտումներ:

Back to top button