Ժամանակի վկան

Մովսես Սիլիկյան-160: Մովսես Սիլիկյանի զինվորական որդիները զոհվեցին հայ-թուրքական կռիվներում․ Ամատունի Վիրաբյան․ «Ժամանակի վկան»

Սիլիկովները ազգությամբ ուդի էին, սակայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին, ավելին՝ իրենց հայ էին համարում։ Որպես կադրային զինվորականներ նրանք ծառայել են ո՛չ միայն ռուսական կայսրությանը, այլև՝ հայ ազգին։

Նրանցից ամենահայտնի զորահրամանատարի՝ Մովսես Սիլիկյանի ծննդյան 160-ամյակը լրացավ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին։

«Մովսես Սիլիկյան-160» հոբելյանի առթիվ պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ ներկայացնում ենք Մովսես Սիլիկյանի կյանքն ու ռազմական գործունեությունը։
Սիլիկյանների կամ, ինչպես նրանք հայտնի էին Ռուսական կայսրությունում, Սիլիկովների հայտնի տոհմը տոհմական զինվորականներ էին։

Մովսես Սիլիկյանի ռազմական կարիերան սկսվեց 22 տարեկանում։ 1907-1908 թթ․ ռուսական բանակի կազմում Սիլիկյանը մասնակցեց Հյուսիսային Իրանում Սահմանադրական հեղափոխությանը։

Առաջին աշխարհամարտի տարիներին 150-րդ գնդի կազմում Սիլիկյանը մասնակցեց կովկասյան ռազմաճակատի ռազմական գործողություններին։ 1915 թ․ նոյեմբերին Սիլիկյանը կրկին նշանակվեց Կովկասյան 6-րդ հրաձգային գնդի հրամանատար։ 1917 թ․ փետրվարյան հեղափոխությունից հետո իրադրությունը փոխվեց, ձևավորվեց ժամանակավոր կառավարություն։

Ռուսական զորամիավորումների կազմում սկսեցին ձևավորվել առաջին ազգային ստորաբաժանումները։ Սիլիկյանը նորանոր ձեռքբերումներ գրանցեց իր զինվորական կարիերայում։

Օգտվելով այն բանից, որ ռուսական զորքերը հեռացան Կովկասյան ռազմաճակատից, թուրքերն էլ ավելի ուժեղացրին հարձակումը։ Հայկական կողմի համար սկսվեց պարտությունների ու անկումների շղթան։

Թուրքերը կարծում էին, որ, եթե հեշտությամբ տիրացան Կարսին և Ալեքսանդրապոլին, ապա հեշտությամբ էլ կգրավեն ամբողջ Արևելյան Հայաստանը։ Սակայն տեղի ունեցավ անհավատալի հրաշքը՝ Սարդարապատի համաժողովրդական հաղթանակը, որում անառարկելի է Մովսես Սիլիկյանի դերակատարությունը։

Ժամանակները խառն էին, հաղորդակցություն և կապ չկար, պատերազմների ելքը որոշում էին ո՛չ թե ռազմաճակատներում կերտված հաղթանակները, այլ փակ սենյակներում սեղանների շուրջ նստած դիվանագիտական պատվիրակությունները։

Բաթումի պայմանագրի կնքումից հետո, որով Հայաստանին թույլատրվում էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա, չավարտվեցին պատերազմները հարևանների հետ։ Ճակատամարտերում զոհվեցին նաև Սիլիկյանի երկու զինվորական որդիները։

Խորհրդային կարգերի հաստատումով բոլշևիկները հալածանքների ենթարկեցին կադրային բազմաթիվ սպաների, որոնց թվում՝ նաև Սիլիկյանին։ Ստալինյան բռնաճնշումների բարձրակետը 1937 թվականն էր, երբ զոհ գնացին հազարավոր զինվորականներ։ Սիլիկյանը հարցաքննվեց ընդամենը մեկ անգամ և գնդակահարվեց 1937 թվականի դեկտեմբերի 10-ին։

Back to top button