ԿարևորՔաղաքական

Խաղաքարտ, որը Հայաստանին տալիս է Ադրբեջանը․ շրջափակման հայկական շահը

Անվտանգության խորհրդի նիստ Երևանում և հարուցված քրեական վարույթ Արցախի գլխավոր դատախազությունում։ Արդեն 8-րդ օր արգելափակված  ճանապարհից երկու կողմերում իրավիճակից լուծումներ են որոնվում։ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մասը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են, բարձրաձայնվող բնապահպանական խնդիրն՝ ընդամենը շղարշ իրական նպատակները թաքցնելու համար։  

Հայաստանի վարչապետն օրը սկսել է՝ Թվիթերում հիշեցնելով․ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են։ Լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղամիջոցներից և առողջապահական ծառայություններից»։  

Հռոմի պապը մտահոգ է միջանցքի փակմամբ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակով․ կիրակնօրյա  աղթքի մի մասը նվիրել է Լաչինի միջանցքի փակմանը, իսկ  ԱՄՆ Կոնգրեսի շուրջ երեք տասնյակ անդամներ դիմել են երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման համաշխարհային արձագանքը տեղում դեռ ոչինչ չի փոխել, բայց ստեղծված իրավիճակից կարելի է օգուտներ քաղել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պնդել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ որպես նախապայման նշելով ակտիվ և շատ աշխատանքը։  

«Հայաստանը գիշեր-ցերեկ տեղեկատվական տեռոր պետք է կազմակերպի տարբեր լեզուներով, տեղեկատվական բոլոր հնարավոր հարթակներում պետք է բարձրաձայնի, որ Ադրբեջանը պատրաստվում է սպանդի, պատրաստվում է սովամահ անել արցախահայությանը։ Բլոկադա է արել Արցախը, սառեցնում է Արցախի ժողովրդին, որովհետև գազի խնդիր է առաջացրել, Հայաստանը որևէ կերպ չի կարողանում օգնության հասնել ո՛չ սնունդի, ո՛չ բժշկական օգնության հարցում, հետևապես՝ արցախահայության կյանքը այս պահին իրական վտանգի տակ է։ Դրա համար իշխանությունը շատ արագ այս պրոպագանդան հնարավորինս շատ պետք է անի, որպեսզի կարողանա բանաձևի փոփոխության գնալ և աշխարհին դեմ տալ «անջատում հանուն փրկության» բանաձևը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը, պարզվեց, մենք չկարողացանք իրացնել և այսօր, ինչպես նաև իշխանությունն է նշում, աշխարհն այս բանաձևը չի ընդունում»։

«Անջատում հանուն փրկության» բանաձևը, ըստ քաղաքագետի, ավելի ընկալելի է աշխարհի համար։ Ծանրագույն վիճակից օգուտներ քաղելու մասին Արցախում խոսել է նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Շրջափակման մեջ հայտնված Արցախում նա ամեն օր հանդիպումներ է կազմակերպում տարբեր շրջանների բնակիչների հետ։ Նախօրեին Մարտունիում էր, օրվա ընթացքում լինելու է Ասկերանում։ Այն հատվածներում, որտեղ դժվարանում է, փորձում է միտքը ձևակերպել ռուսերեն։

Վարդանյանը համոզված է՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը տվել է նոր հնարավորություն։ Ասում է, որ «զրոյացրել են իրավիճակը»։

«Ես վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս ամենը ինչը և գնալու ենք առաջ։ Ես տեսնում եմ և ժողովրդի կողմից, և հասարակության առողջ մասը պատրաստ է և ուզում է փոփոխություններ։ Դուք բոլորդ պատրաստ եք և ուզում եք, որ մենք սկսենք փոփոխությունները և այն, ինչ սկսել ենք, այդ ճանապարհով գնալուն դուք աջակցելու եք»։

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը շեշտը դնում է Արևմուտքի արձագանքի վրա։ «Մեսիջ» է համարում փաստը, որ միջանցքի տարածքում հայտնվեցին բացարձակապես այլ գործողության մեջ ներգրավված ԵՄ դիտորդները, որոնք Արցախի հարցի հետ առնչություն չունեն․ Սյունիքի տարածքից դիտարկում էին հայ-ադրբեջանական սահմանը։

«Դա խորհրդանշում է, որ Արևմուտքը կտրուկ միջամտություն է ապահովել, և մենք վերջին օրերին լսել ենք ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Եվրադատարանից, ՄԻԵԴ-ից, ՄԱԿ-ից։ Եվ այդ վերջնագիրը դրված է դեկտեմբերի 19-ին՝ Երևանի ժամնակով ժամը 19-ին։ Կարծում եմ, որ այդ վերջնագիրը բավական հզոր է»։

Մինչդեռ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը միջազգային հանրությունից այս փուլում լուրջ քայլեր չի ակնկալում՝ հերթական հայտարարություններից բացի։ Ասում է, որ այժմ աշխատանքը պետք է տարվի Հայաստանում և Արցախում։ Եթե Ադրբեջանը քայլերի լայն շրջանակ ունի, ապա հայկական կողմի  հնարավորությունները շատ չեն։

«Հայաստանը հարցի լուծում որոնելու երկու ճանապարհ ունի․ մեկը էվոլյուցիոն ճանապարհն է, մյուսը՝ «վա բանկն» է։ Էվոլյուցիոն ճանապարհը ո՞րն է․ Ռուսաստանը թուլանալու է, այս ընթացքում Հայաստանը, որը արտաքին քաղցաքականության մեջ որոշակի շտկումներ է մտցրել, կա պետությունների համախումբ, որոնց հավաքականությունը մեզ տալիս է նվազագույն կշռաքարը, որով մենք կարող ենք քիչ թե շատ բալանսավորել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։ Բայց եթե էվոլյուցիոն ճանապարհով ենք գնում, սա երկար գործընթաց է։ Կա «վա բանկը»․ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, վերաքննում է Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում բոլոր պայմանագրերը և արագ թեքվում է ենթադրենք, օրինակ, դեպի Հնդկաստան կամ դեպի արևմտյան այլ պետություններ։ Բայց սա պետք է լինի հաշվարկով»։

Դատելով քայլերի հաջորդականությունից՝ քաղաքագետը եզրակացնում է՝ ընտրվել է դեպքերի զարգացման էվոլյուցիոն ճանապարհը։  

Ճիշտ աշխատելու դեպքում իրավիճակը հայկական շահերին ծառայացնելու հեռանկարների մասին խոսում է նաև «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը։

«Ինչքան էլ դժվար իրավիճակ է Արցախի համար, մեզ համար, մենք կարող ենք մեծ ձեռքբերում քաղել և մեծ կոնվերտացիա անենք դեպի դիվիդենտներ։ Այլևս անջատում՝ հանուն փրկության օրակարգը պակասել է։ Կարևորը, թե ոնց ենք մենք դա աշխատեցնելու։ Եվ այստեղ ակնհայտ է, որ Լաչինի միջանցքը փակելը-չփակելը դա գործիքակազմերից մեկն է։ Այդ գործիքակազմին եթե հասել են և այդքան անգրագետ, անփույթ, ինֆանտիլ ճանապարհով, որը արել է Ադրբեջանը, ես կարծում եմ, դա իր վերջին հնարավորությունն է, որը նա փորձում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ստանալու համար»։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը Լաչինի միջանցքի և խնդրի կարգավորման հարցում արագ լուծումների հնարավորություն այլևս չի տեսնում։

«Սա երկար շնչառության գործընթաց է։ Եթե մեր ժողովուրդը և արցախահայությունը օբյեկտիվորեն ցանկանում են հարցի արագ լուծում, ապա սխալվելու են։ Ադրբեջանը ի՞նչ է անում հիմա քանի որ պատերազմի հատուկ լեգիտիմություն չունի, որովհետև կան միջզգային կառույցների և առանձին գերտերությունների առանձին հասցեական քննադատություն Ադրբեջանին, սահմանափակվել է նրա ռազմական ագրեսիայի հնարավորությունը։ հետևապես նա անցել է այլ տակտիկայի։ Օրինակ, ճանապարհը փակելը։ Սա հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է, Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիքներից մեկն է։ Հետևապես, այսպիսի բաներ էլի են լինելու։ Սա նոր երևույթ չէ, վաղն էլ ուրիշ բան են անելու, մինչև որ Հայաստանը ներսից կարգի չկա, մինչև որ Հայաստանը իր տնտեսությունը այլ ռելսերի վրա չտեղափոխի»։

Իսկ սա արդեն ներսից վերափոխվելու, խնդիրները ճիշտ տեսնելու, նպատակները ճիշտ թիրախավորելու և լուծումներ տալու մասին է։ Քաղաքագետի համոզմամբ՝ ոչ թե Հայաստանից, այլ Արցախից պետք է հստակ պահանջ դրվի Ռուսաստանի առջև նոյեմբերի 9-ի պարտավորությունների կատարման հարցում։   

Back to top button