ԿարևորՀասարակություն

55 տարի առաջ այս օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Օսմանյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967 թ. ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը ցեղասպանությունը վերապրած ազգի ոգին են փոխանցում:

Խորհրդային տարիներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն առաջին անգամ պետական մակարդակով ոգեկոչվել է 1965 թ.։ Ցեղասպանության 50-ամյակի շրջանակներում մասնավորապես, սկսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը։ 1965 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 50-ամյակի հիշատակի միջոցառումների կազմակերպման և զոհերին նվիրված հուշահամալիրի կառուցման նախաձեռնողը հանրապետության այն ժամանակվա ղեկավարն էր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար (1960 թ. դեկտեմբերից) Յակով Զարոբյանը (1908-1980), որը տվյալ հարցում անհրաժեշտ քաղաքական կամք է դրսևորում։ Նա սեփական անձի և գերդաստանի ճակատագրով (1914 թ. ծննդավայր Արդվինից գաղթած և մեծ դժվարություններով Դոնի Ռոստով հասած, մինչև 1949 թ. Հայաստանից դուրս ապրած) զգացել էր Մեծ եղեռնի արհավիրքները: Աշխատելով Հայաստանում, սերտորեն շփվելով մտավորականության ներկայացուցիչների հետ՝ Յակով Զարոբյանը հրաշալի գիտակցում էր Հայոց ցեղասպանության 50-ամյակի հետ կապված հիշատակի միջոցառումների անցկացման կարևորությունը։

Գաղափարի կենսագործման համար Մոսկվայից թույլտվություն ձեռք բերելու ուղղությամբ Յակով Զարոբյանն ակտիվ աշխատանք է սկսում ՀԿԿ ԿԿ-ում 1964 թ. մարտին գաղափարախոսական ոլորտի աշխատակիցների և առաջատար պատմաբանների հետ տեղի ունեցած խորհրդակցությամբ, երբ նրանց առջև դրվում են անհրաժեշտ խնդիրներ։ Մասնավորապես Ծատուր Աղայանին, Հովհաննես Ինճիկյանին և Ջոն Կիրակոսյանին հանձնարարվում է առաջարկություններ նախապատրաստել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կազմակերպման և զոհերի հիշատակի հավերժացման համար։ 1964 թ. սեպտեմբերի 17-ին նրանք Հայաստանի կոմկուսի կենտկոմ են հանձնում 11 կետից բաղկացած իրենց առաջարկները «Հայերի զանգվածային բնաջնջման 50-րդ տարելիցի միջոցառումների անցկացման մասին» վերնագրով։ Տարվա ընթացքում Յակով Զարոբյանը Հայոց ցեղասպանության 50-ամյակի ոգեկոչման հարցը քննարկում է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի, գաղափարախոսության գծով ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Միխայիլ Սուսլովի, ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Նիկոլայ Պոդգոռնու, ինչպես նաև ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչևի, ապա և նրան 1964 թ. հոկտեմբերի 14-ին փոխարինած Լեոնիդ Բրեժնևի հետ։

ՀԿԿ Կենտկոմի նախագահությունը 1965 թ. փետրվարի 15-ին հաստատում է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի որոշման նախագիծը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման մասին։ Բուն որոշումը՝ «1915 թ. եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու համար կոթող կառուցելու մասին», Հայկական ԽՍՀ մինիստրների խորհուրդն ընդունում է 1965 թ. մարտի 16-ին։ Որոշման համաձայն՝ Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեին (Պետշին) հանձնարարվում է «հայտարարել կոթողի լավագույն նախագծի մրցույթ»՝ մեկ ամիս ժամկետով, իսկ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմին՝ «անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք կատարել»։ «1915 թ. եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի նախագծի» բաց մրցույթի պայմանները հրապարակվում են հանրապետական մամուլում 1965 թ. մարտի 25-ին։ Մասնավորապես նշվում էր, որ «կոթողը պետք է մարմնավորի հայ ժողովրդի վերածնունդը, նրա ներկան ու պայծառ ապագան»։

Մրցույթին ներկայացվում է 78 նախագիծ, այդ թվում ճարտարապետներ Արթուր Թարխանյանի ու Սաշուր Քալաշյանի «ՀԽՍՀ դրոշակ» ծածկագրով նախագիծը, որն էլ վերջնական քվեարկությամբ հավաքում է մրցատյանի անդամների մեծ մասի ձայները։ Նրանցից մեկի՝ ՀԽՍՀ ճարտարապետների միության վարչության նախագահ Վարազդատ Հարությունյանի բնորոշմամբ, այն ուներ «պարզ ու հասկանալի լուծում… Խոնարհված խաչքարաձև քարերը խորհրդանշում են սուգը զոհվածների հիշատակին, իսկ վերասլաց կոթողը՝ վերածնունդ»։

Սկսվում է հուշահամալիրի շինարարությունը, որի նախահաշվային արժեքը կազմում էր 776.800 ռուբլի։ Շինարարությունն իրականացնում է Երևանի «Քիմշին» շինարարական տրեստը (Երքիմշինտրեստ)։ Շինարարության անմիջական ղեկավարը տրեստի թիվ 9 շինարարական վարչության տեղամասի պետ Արտուշ Օրդուխանյանն էր։ Նրա ղեկավարած կոլեկտիվն աշխատում էր մեծ ոգևորությամբ և պատասխանատվության բարձր գիտակցմամբ։ Խորհրդանշական է, որ հուշահամալիրի գլխավոր շինարարը ծնվել էր 1915 թ. ապրիլի 24-ին։

Հուշահամալիրի շինարարությունն ավարտվում է ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ երկուսուկես տարում։ Հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1967 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 47-ամյակին, և հանրապետությունում դառնում է նշանակալից հասարակական-քաղաքական իրադարձություն։ Երևանի և հարակից շրջանների մի քանի հազար բնակիչների հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում հուշահամալիրի հանդիսավոր բացմանը մասնակցում են հանրապետության ղեկավարներ Անտոն Քոչինյանը, Նագուշ Հարությունյանը, Գեորգի Տեր-Ղազարյանցը, Ռոբերտ Խաչատրյանը, Լյուդվիգ Ղարիբջանյանը. Յակով Զարոբյանը 1966 թ. փետրվարին ազատվել էր ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարի պաշտոնից և աշխատանքի էր նշանակվել Մոսկվայում։ Միջոցառումը հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվում է ողջ հանրապետությամբ: Երթը հուշահամալիր շարունակվում է մինչև ուշ գիշեր։

1968 թվականից սկսած՝ ամեն տարի ապրիլի 24-ին հարյուրհազարավոր մարդիկ այցելում են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Տարվա ընթացքում հուշահամալիր են այցելում մի քանի հարյուր հազար մարդ, այդ թվում՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտոնական պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից։

Back to top button