ԿարևորՀասարակություն

Վնասված ատրակցիոնն ամռանն էր փորձաքննության ենթարկվել և դրական եզրակացություն ստացել

Այսօր պարզ կդառնա, թե ինչն էր ի վերջո  «Լունապարկի» ատրակցիոնի վնասվելու և դժբախտ պատահարի պատճառը։ Փորձաքննության քառօրյա ժամկետն այսօր ավարտվում է։ Մինչ կհրապարակվի ուսումնասիրության եզրակացությունը, ԱԻՆ–ից «Ռադիոլուրին» հայտնել են, որ ատրակցիոնը փորձաքննության է ենթարկվել ընդամենը կես տարի առաջ և ստացել դրական եզրակացություն։ Իրականացնողը մասնավոր ընկերություն է։ Դժբախտ պատահարը անակնկալի է բերել նաև փորձաքննող մասնագետներին։  Նրանք «Ռադիոլուր»–ի հետ զրույցում հավաստիացրել են, որ թերություններ չեն հայտնաբերել։

«Լունապարկի» ատրակցիոնից տուժած Մոլդովայի քաղաքացու առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Գլխի վիրահատությունից հետո հիվանդի վիճակն այժմ գնահատվում է բավարար, նա շուտով կտեղափոխվի պալատ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեցին «Հերացի» համալսարանական հիվանդանոցից։ Այսօր ավարտվում է նաև «Լունապարկի» տարածքում դժբախտ դեպքի հանգամանքները պարզելու քառօրյա ժամկետը։  Փորձաքննությունը պետք է պատասխանի հիմնական հարցին, թե   որն էր ի վերջո 4 տարի անխափան աշխատող «Բիո ռոբոտ» ատրակցիոնի պոկվելու պատճառը։ ԱԻՆ-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ պոկված ատրակցիոնը փորձաքննության է ենթարկվել ընդամենը կես տարի առաջ և ստացել դրական է եզրակացություն։ Փորձաքննությունը  մասնավոր ընկերություն է իրականացրել։ 

«Յուրաքանչյուր վտանգավոր արտադրական օբյեկտ տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվի տեխնիկական փորձաքննության և կարող է շահագործվել միայն փորձաքննության դրական եզրակացություն ունենալոց հետո։ Երբ գալիս է փորձաքննության ժամանակը, իրենք պարտավոր են դիմել և իրենք են որոշում՝ ով իրականացնի այդ փորձաքննությունը։ Փորձաքննությունը չանցնելու դեպքում կարող է դադարեցվել աշխատանքը, նույնիսկ վարչական վարույթ հարուցվել»։

Ատրակցիոնի փորձաքննության դրական եզրակացությունը «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտինն» է։ Ընկերության գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց՝ փորձաքննության ժամանակ թերություններ չեն հայտնաբերվել։

«Տվյալ «Բիո ռոբոտ» արտարկցիոնը տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվել է հունիսին, ստացել է դրական եզրակացություն։ Փորձաքննության ժամանակ ստուգվում են անվտանգության հիմնական  հանգույցները, դրանց սարքին վիճակում լինելու պարագայում է միայն տվյալ ատրակցիոնը ստանում դրական եզրակացություն։  Տվյալ կարուսելի դեպքում  թերություններ չեն հայտնաբերվել։ Բացի դրանից՝ կազմակերպությունն ունի անվտանգ շահագործումը վերահսկող անձ, որը պարտավոր է օբյեկտը պահել տեխնիկապես սարքին վիճակում։ Չեմ կարող ասել, ինչն է եղել դժբախտ դեպքի պատճառը, դրա համար ԱԻՆ–ում ստեղծվել է հանձնաժողով,  որն իր եզրակացությունը մոտ օրերս կհրապարակի»։

Ոչ միայն ԱԻՆ–ում է դժբախտ պատահարի հանգամանքները պարզել փորձող  հանձնաժողով ձևավորվել , այլև Քննչական կոմիտեում է վարույթ սկսվել։  Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով, որը պատժվում է առավելագույնը 4 տարի ազատազրկմամբ։

«ՌԴ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Լունապարկ» կոչվող տարածում կարուսելը պոկվելու պատճառով իր եղբայրը վայր է ընկել ու ստացել մարմնական վնասվածքներ, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն։Իրականացվել է դեպքի վարի զննություն, հարցաքննվել են վկաներ, աշխատակիցներ, նշանակվել է դատաբժշկական և տեխնիկայի անվտանգության դատատեխնիկական փորձաքննություն։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է։

Դժբախտության պատճառ դարձած ատրակցիոնն այժմ կապարակքնված է և չի գործում, սակայն այգու մյուս կարուսելները շարունակում են աշխատել։

Back to top button