ԿարևորՀասարակություն

Գերեզմանատները մաքրվում են շուրջ 30 տարի կուտակված շինարարական աղբից

Գերեզմանատները մաքրվում են շուրջ 30 տարի կուտակված շինարարական աղբից: Աղբի կույտերի տակ էին մնացել տասնյակ հին գերեզմանատեղեր:

«Անբարեխիղճ քաղաքացիների կամ արհեստավորների արած աշխատանքների հետևանքն է: Շինարարական աղբի դուրսբերման աշխատանքներին ոչ ոք ուշադրություն չի դարձրել, արհեստավորները հանձն են առել աղբը դուրս բերել, բայց լցրել են մի ուրիշ աղտոտված վայր: Ու ժամանակի ընթացքում գոյացել են այդ կույտերը»,-պատմում է Զեյթունի գերեզմանատան հսկիչ Կարեն Կիրիշչյանը:

Խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունը դեռ 5 ամիս առաջ նախաձեռնեց տարածքների մաքրում: Միայն Զեյթունի գերեզմանատանը հայտնաբերվեց 170 աղբակույտ՝ յուրաքանչյուրը 25-30 տոննա աղբով:

«Հին գերեզմանատեղիներ են եղել, որոնք հարազատների կողմից չեն խնամվել և շինարարական աղբը այլ գերեզմանատեղիի հարազատները կուտակել են տվյալ գերեզմանատեղիի վրա: Տարիների ընթացքում մեծ աղբակույտ է առաջացել: Մաքրման աշխատաքների արդյունքում պարզվել է, որ այդտեղ եղել է գերեզմանատեղի: Կան նաև բաց տարածքներ, որոնք գերզմանատեղի չեն»,-ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հրաչյա Նազարյանը:

Տարածքներից աղբը դուրս է բերվում պարկերով: Նեղ ու երբեմն անանցանելի արահետներով մեծ տեխնիկան մոտենալ չի կարող: Հիմնական գործը բանվորների ուսերին է: Աշխատանքներում ներգրավել են նաև քաղաքի աղբահանության և կանաչապատման հիմնարկների մեքենաները:

«Հիմա փաստաթղթի ձև ենք մշակել, որով քաղաքացին պարտավորվում է ներսում աղբ չթողնել: Բոլոր աշխատանքների ժամանակ հետևողական ենք լինում»,-ասում է Կարեն Կիրիշչյանը:

«Երևանում 21 գերզմանատուն կա, որից շահագործվում է 20-ը: Տարածքում զբաղեցնում է մոտ 550 հա, որ տրամադրված է գլխավոր հատակագծով որպես գերեզմանատուն օգտագործման: Նախագիծ ենք առաջարկել, որպեսզի հսկիչների քանակն ավելանա, դա արդեն հաստատվել է: ՀՈԱԿ-ում ավելացել է վերահսկողության բաժնի աշխատակիցների թիվը: Հետագայում առաջարկվել է, որպեսզի պարսպապատվեն գերեզմանոցները, ներկա պահին կատարվում է չափագրում, գերեզմանոցների տարածքներն են հստակեցվում: Նաև տեղի վարիչների, հսկիչների կողմից պետք է վերահսկողությունն ավելի մեծացվի, որպեսզի նման դեպքեր չունենանք» ,-ընդգծում է Հրաչյա Նազարյանը:

Թեև գերեզմանատների զգալի հատվածներ մաքրվել են, սակայն աշխատանքներ դեռ շատ կան: Այս օրերին մաքրվում ու բացվում են նաև տարիներով ճահճացած ու եղեգնուտներով փակված տարածքները: Հաջորդ տարի գերեզմանատների մաքրումը կիրականացվի մրցույթում հաղթած կազմակերպության ուժերով: Ոլորտը կանոնակարգելու համար առաջիկայում նախատեսվում են մի շարք այլ փոխոխություններ:

«Այս պահին առաջարկությամբ հանդես ենք եկել, որոպեսզի կազմակերպության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկը համալրվի, որի արդյունքում ոլորտում առկա արատավոր երևույթների դեմ պայքար կլինի՝ ապօրինի ձեռնարկատիրության: Կազմակերպությունը կմատուցի նաև գերեզմանի բարեկարգման խնամքի ծառայություններ, որը կլինի կամավորության սկզբունքով, եթե քաղաքացիները կցանկանան, կծանոթանան գնացուցակին և կկարողնան օգտվել»,- նշում է ՀՈԱԿ-ի գլխավոր իրավաբան Եվա Օհանյանը:

Գործող օրենսդրությամբ համայքնային գերեզմանատներում հուղարկավորության համար տեղը հատկացվում է բացառապես անվճար, սակայն միայն մահվան վկայականի առկայության դեպքում: Հողահատկացման չափը ևս սահմանված է օրենքով՝ ոչ ավել, քան 12.5 քմ՝ այն էլ ընտանեկան գերեզմանատեղիի համար: Տարածքի նախապես ամրագրում օրենքը չի նախատեսում, մինչդեռ գերեզմանատներում կարելի է հանդիպել գերեզմանատեղերի, որտեղ չկան հուղարկավորություններ: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ այժմ ապօրինի գերեզմանատեղերը փոխադարձ համաձայնությամբ քանդվում են:

«1965 թ.-ից է գործում գերեզմանատունը: Գերեզմանատանն այս պահին ունենք երկու գերեզմանատեղի, որը բետոնապատված է, բայց թաղում չկա մեջը, քանդման ենթակա է» ,- պատմում է Դավթաշենի գերեզմանատան վարիչ Արտյոմ Նորեկյանը:

«Տարածքը ձեռք է բերվել մոտ 30 տարի առաջ: Հայրիկիս գերեզմանը գտնվում է Սովետաշենում, իսկ այնտեղ փլուզում էր տեղի ունեցել, այդ պատճառով մենք որոշեցինք տեղափոխել: Տրվեցին համապատասխան փաստաթղթերը, սակայն ստացվեց այնպես, որ ես որոշ պատճառներով հապճեպ տեղափոխվեցի Մոսկվա: Այդպես ձգձգվեց, որից հետո փաստաթղթերը չկարողացանք գտնել: Դիմեցինք թաղման բյուրո, որտեղ բացատրեցին կանոնակարգը, ու տեսնում եք այսօր, օրենքը պահանջում է, որ պետք է քանդել, որից հետո կորոշեն հետագա քայլերը»,- մեզ հետ զրույցում ասում է Տիգրան Սահակյանը:

«Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային կազմակերպությունն աշխատանքը թափանցիկ ու առավել հասանելի դարձնելու համար այժմ մշակում է նոր ծրագիր, որը հնարավորություն կտա տարածքի ընտրությունից մինչև վկայականի տրամադրում անցնել առցանց եղանակով:

«Գրանցումը որպեսզի ժամանակատար չլինի, կարող են էլեկտրոնային տարբերակով տեսնել, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում գրանցվելու համար, որպեսզի տրվի սեփականության վկայական՝ գերեզմանատեղիի համար»,-ընգծում է ՀՈԱԿ-ի ժ/պ Հրաչյա Նազարյանը:

Երևանի գերեզմանատներում հնարավոր չարաշահումները բացառելու, նախկինում կատարված ապօրինությունները հայտնաբերելու ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է:

Back to top button