ԿարևորՎերլուծական

Աստանայում բարձրացված հարցի պատասխանից է կախված Հայաստանի որոշումը․ քաղաքագետ

ՀՀ-ն  ռացիոնալ հարցադրումներ է առաջ քաշել, որոնց պատասխանից կախված են ապագա հայեցակարգային փոփոխությունները`ասում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  Աստանայի ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերին։

Հայաստանի վարչապետը Աստանայում հիշեցրել է, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սահմանազատման գործընթացում երկու երկրները հիմնվելու են ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։ Ուշադրություն հրավիրելով այս և ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցի վրա՝  Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հարցադրմամբ, թե արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։

 «Այս հարցադրումը ռացիոնալ է, և դրա պատասխանից են կախված ապագա հայեցակարգային փոփոխությունները` ընդհուպ մինչև այդ կառույցներում անդամակցության արդյունավետության մոնիտորինգ, թե որքանով է Հայաստանի Հանրապետության ռամավարական շահերից բխում հետխորհրդային տիրույթում գործող կառույցներին անդամակցությունը, որոնք բովանդակային առումով սպառել են իրենց և, ըստ էության, գոյություն չունեն»,-ասում է վերլուծաբանը։

Նրա կածիքով՝ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ ԱՊՀ-ն՝ որպես միջազգային կազմակերպություններ, սպասարկում են բացառապես Ռուսաստանի դաշնության ռազմաքաղաքական հետաքրքրություններն ու ազգային շահը։

«Հայկական կողմը փորձում է ի լուր աշխարհի հող նախապատարստել և հայտնել այն ռազմաքաղաքական փոփոխությունների մասին, որոնց երկյուղած, բայց ընդառաջ է գնում։ Եվ անդամակցությունը շարունակելու և առկախելու դեպքում ծանր հետևանքներ են լինելու։  Թերահավատորեն եմ մոտենում, որ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները տեղի կունենան։ Պարզապես պետք է գիտակցել` հարցը լուծվելու է ռազմական ճանապարհով, ուստի հասարակությանը պետք է պատրաստել պատերազմի»,- ասում է Գուրգեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա ըստ քաղաքագետի,  ուժային տարբեր կենտրոնների կողմից «խաղաղությունը» պարտադրվելու է այնքան, քանի դեռ կան թույլ և  պատերազմ հրահրելու պատրաստ կողմեր։

«Այն իրավիճակում, երբ քո ռազմավարական դաշնակիցը պատրաստ չէ ֆիզիկապես պաշտպանել գործընկեր երկրի տարածքը, տարբեր ուժեր ստիպված առաջ են մղելու «խաղաղության օրակարգը»։ Որևէ մեկը մեր փոխարեն չի պատերազմելու, դա փաստ է, և եթե հայ ժողովուրդը համախմբվի, ցույց տա, որ պատրաստ է ինքնապաշտպանության, պայքարի, ինչպես Ուկրաինան դա արեց, ապա միջազգային հանրության օժանդակությունը կհաջորդի։ Եթե հասարակությունն անհաղորդ է, ապա այդ նույն ուժային բևեռներն ամեն կերպ, նույնիսկ ամենանվաստացուցիչ պայմաններով ձգտելու են ստեղծել հարաբերականորեն խաղաղ իրավիճակ, բայց և շրջանցեն պատերազմը, որը տարածաշրջանում որևէ մեկի շահերից չի բխում։ Այս տրամաբանությունից ելնելով է, որ նրանք մղում են մեզ «խաղաղության», մնացածը կամային որոշումներ են։ Պայքարը հանուն ազգային շահերի և ինքնության բխելու է հայ ժողովրդից, թե որքանով է ազգի իմունային համակարգը պատրաստ դիմակայելու, դիմագրավելու արտաքին մարտահրավեր-ագրեսիային»,- նշում է քաղաքական գիտությունների թեկնածուն։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյան
Back to top button