ԿարևորՔաղաքական

Մենենդեսն առաջարկում է դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, արգելափակել F-16-ների վաճառքը Թուրքիային

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը երկու ուղղում է ներկայացրել 2023 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտում (NDAA), որոնք կարգելափակեն ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին և կդադարեցնեն F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: Այս նախաձեռնությանը աջակցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մենենդեսին իր առաջնորդության համար՝ պատասխանատվության ենթարկելու երկու անխոհեմ տարածաշրջանային ուժերին՝ Թուրքիային և Ադրբեջանին, որոնք ներկայացնում են ակնհայտ և իրական վտանգ Հայաստանի և Արցախի համար», — ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդես էին եկել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է անում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար:

Բանաձևով համերաշխություն է հայտնվում ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արվում մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։

Մենենդեսը առաջարկում է նաև համապատասխան բանաձևում լրացում մտցնել, ըստ որի,  ԱՄՆ նախագահը չի կարող վաճառել կամ արտոնել նոր ինքնաթիռների արտահանման լիցենզիա կամ  F-16-ի արդիականացման տեխնոլոգիա Թուրքիայի կառավարությանը կամ Թուրքիայի ցանկացած ընկերության, եթե Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ԱՄՆ ներկայացուցչական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և Կոնգրեսին չտրամադրի վկայական, որ նման փոխանցումը կատարվում է՝ ելնելով Միացյալ Նահանգների ազգային շահերից, որտեղ կլինի նաև մանրամասն նկարագրություն, թե ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, որ տրամադրված F-16-երը կրկին չեն օգտագործվելու Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքը խախտելու համար:

Back to top button