ԿարևորՏնտեսական

Երկնիշ աճի կանխատեսումներ՝ տնտեսության «գերտաքացման» վտանգով 

Նախորդ ամիսների տնտեսական աճի տեմպերով պայմանավորված՝ Կենտրոնական բանկը վերանայել է  իր կանխատեսումները։ Եթե ամիսներ առաջ գլխավոր դրամատունը 2022-ի համար 4.9% աճ էր ակնկալում, ապա վերջին կանխատեսումներով սպասում է, որ տնտեսական աճը կհասնի12.9%–ի։

Փորձագետներն այս ակնկալիքն իրատեսական են համարում, բայց զգուշացնում են նաև վտանգների մասին։ Հիշեցնում են՝ շուրջ 14 տոկոս տնտեսական աճի կառուցվածքում գերակայողը ծառայությունների ու առևտրի ոլորտն է։ Մասնագետներն ու  միջազգային կառույցները խոսում են նաև տնտեսության «գերտաքացման» վտանգի մասին։ Խոսքն այն աճի մասին է, որն ապահովվել է իրավիճակով պայմանավորված

13․9 տոկոս տնտեսական աճ՝ տարվա ութ ամիսներին․ Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճ է  գրանցում։ Վիճակագրությունը փաստում է՝ ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ ավելի քան 56 տոկոս, արտահանումն աճել է  շուրջ 53,  իսկ ներմուծումը՝ 58 տոկոսով։ Ծառայությունների ծավալն աճել է 27.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14.2, առևտրի շրջանառությունը՝ շուրջ 13․5, արդյունաբերական արտադրանքինը՝ ավելի քան 10 տոկոսով։

Փորձագետները նշում են երկնիշ տնտեսական աճի հիմնական գործոնը՝ օտարերկրացիների մեծ ներհոսք։ Ձևավորվել  է մի իրավիճակ, երբ ռուս–ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության վրա դրականորեն է ազդում։  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ կարճաժամկետ հատվածում աճն, իհարկե, դրական է, երկարաժամկետում՝ ոչ այնքան․

«Երկարաժամկետ  հատվածում այդ աճը պահպանելու համար նպաստավոր պայմաններ չկան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աճի հիմնական ճյուղերը եղել են ծառայությունները, առևտրի ոլորտն ու շինարարությունը։ Երկնիշ տնտեսական աճը կարելի է  այս պահին գնահատել որպես իրավիճակային, քանի որ այն մեծապես կախված է արտաքին տնտեսական հոսքերից»։

Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում մեկ այլ գործոն է ընդգծում՝ Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն իրենց հետ նաև  բիզնեսն են այստեղ տեղափոխել։ Սա էլ իր արտացոլումն է  գտել տնտեսական ցուցանիշերում․

«Շուրջ 300 խոշոր ընկերություններ ենք հաշվում, շուրջ 2 հազար ԱՁ–ներ ու տարբեր ընկերություններ ենք հաշվում նաև, որոնք իրենց հերթին իերնց ներդրումներն ու նոր աշխատանքային մշակույթ ու բարձր որակավորում ունեցող մասնագետներ  են բերել Հայաստան։ Եվ, ըստ էության , ՀՀ տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ այս հանգամանքով է պայմանավորված»։

Միջազգային այցելուների հոսքը շղթայական ռեակցիայով մի քանի ոլորտներում աճի նախադրյալներ է ստեղծել․ խոսքը հյուրանոցային տնտեսության, ռեստորանային բիզնեսի ու ներգնա տուրիզմի մասին է։ Այս զարգացումների ֆոնին միջազգային կառույցները խոսում են տնտեսության «գերտաքացման» մասին․

«Մի բան ակնհայտ է, որ աճը ներկա իրավիճակում ավելին է, քան տնտեսության ներկա պոտենցիալն է։ Քանի որ ունենք ՀՆԱ–ի աճի կիսամյակային տվյալները, տեսնում ենք, որ աճի հիմնական նպաստող ճյուղերը  առևտուրն ու ծառայություններն են՝ 11․45 տոկոսային կետով։ Շինարարությունը նպաստել է 1․41 տոկոսային կետով, արդյունաբերությունը՝ 0․58, գյուղատնտեսությունը՝ — 0․15 տոկոսային կետով։ Աճի հիմնական լոկոմոտիվը առևտրի ու ծառայությունների ոլորտի էական ակտիվությունն է՝ պայմանավորված հիմնականում արտաքին հոսքերով»։

Տնտեսության «գերտաքացման» ռիսկն այն է, որ աճն ապահովել են տնտեսության այն ճյուղերը, որոնք զարգացել են իրավիճակով պայմանավորված՝ բացատրում են փորձագետները։  Եթե ավելի պարզ, ապա  Հայաստան եկած օտարերկրացիներն այստեղ գումար են ծախսում՝ առևտուր են անում, բնակարաններ են  վարձակալում, սրճարան ու ռեստորան են գնում։ Արդյունքում՝ աճը հենց ծառայությունների ու առևտրի ոլորտում է։ Մասնագետները ռիսկերը տեսնում են  Հայաստանից հեռանալուց և հոսքերի նվազումից հետո․  նույն ոլորտներում անկումն ակնհայտ է լինելու՝ ասում են։

Չնայած մասնագետների մտավախություններին՝ Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի լավատես է։  Գլխավոր դրամատունը  մի քանի անգամ բարձրացրել է  տնտեսական  աճի այս տարվա  իր կանխատեսումը՝  նախկին 4.9%–ի փոխարեն  12.9%: Կենտրոնական բանկը վերանայել է նաև  ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը՝ ակնկալելով 4․9 տոկոս 1․6–ի փոխարեն։  

Գլխավոր դրամատան կանխատեսումների հիմքում  արտաքին հատվածից գնաճային ճնշումների թուլացման ակնկալիքն է, նաև նախորդող ամիսներին տնտեսական ակտիվության  բարձր ցուցանիշերը։  Գլխավոր դրամատան ղեկավար Մարտին Գալստյան․ 

«2022թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունում շարունակվում է դիտարկվել բարձր ակտիվություն։ Այն գերազանցապես դրսևորվում է ծառայությունների ու շինարարության ճյուղերում։ Դրական զարգացումները պահպանվում են նաև արտահանման ոորտում։ Տնտեսական բարձր աճին գերակշռում է  պահանջարկի գործոնների ազդեցությունը»։

Միջազգային կառույցների կանխատեսումները չափավոր լավատեսական են։ Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) 2022թ.-ի վերջին զեկույցում, որը հրապարակվել է օրերս, Հայաստանի ՀՆԱ—ի  7.0% աճ է ակնկալվում այս և  4.5%՝ 2023թ․-ին: Անցյալ ապրիլին ԱԶԲ-ի կանխատեսումը կազմել է 2.8% 2022թ.-ի համար և 3.8% 2023թ.-ի համար:

Ակնհայտ է, որ տնտեսական աճի բաղադրիչում առանցքային է  նաև գնաճի դերը։ Այն նույնպես  մոտ է երկնիշին․ օգոստոսին  նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է  9.1% գնաճ։ Աճում են ոչ միայն պարենային ապրանքների, այլև՝ ծառայությունների գները ։ Գնաճը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը շարունակում է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն այս պահին  10% է։

Back to top button