ԿարևորՎերլուծական

ԵՄ-ն մտնում է էներգատնտեսական ճգնաժամի մեջ. փորձագետ

Ռուսաստան-Արևմուտք «գազային» պատերազմը շարունակվում է, ավելին` այն բարձր լարվածության փուլում է։ Ձմռանն ընդառաջ ԵՄ-ն խոսում է էներգախնայողությունից եւ գազի պահեստավորման անհրաժեշտությունից, Ռուսաստանն էլ դադարեցնում է «Հյուսիսային հոսք 1»-ով Գերմանիային գազի մատակարարումը՝ դա պատճառաբանելով պլանային աշխատանքներով։ Սա սպառնում է շարքային եվրոպացուն մոտալուտ ձմռան հնարավոր հետևանքներով։ Ռուսաստան-Արևմուտք «գազային» պատերազմի ընթացքի մասին «Ռադիոլուրը» զրուցել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանի հետ։

Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին Հավաքական Արևմուտքի անունից շարունակում է պնդել, թե Եվրամիությունը լավ պատրաստված է Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների հնարավոր ամբողջական դադացերմանը` ընդգծելով, որ ԵՄ-ն ակտիվորեն պահեստավորում է գազը և գործարկում էներգիայի խնայման միջոցներ։ «Մենք չենք վախենում Պուտինի որոշումներից»,- նշել է Ջենտիլոնին՝ հավելելով, որ ԵՄ-ն Ռուսաստանից պահանջում է հետևել պայմանագրերին, հակառակ պարագայում «պատրաստ է արձագանքել»։

Սեպտեմբերի 9-ին ԵՄ էներգետիկայի նախարարները քննարկելու են գազի գնի վերին շեմի աահմանման հարցը և էներգետիկ շուկայի մասնակիցներին վարկերի տրամադրումը, նաեւ էներգիայի բարձրացող գների զսպման տարբերակները։ Չեխիան, որ ներկայում նախագահում է ԵՄ-ում, նոր փաստաթղթով միության անդամ երկրներին  էներգետիկ շուկայի մասնակիցների համար առաջարկում է շտապ վարկեր, Ֆինլանդիան և Շվեդիան էլ օրերս հայտարարել են էներգետիկ ընկերություններին միլիարդավոր դոլարներ տրամադրելու պլանների մասին:

«Գազի և նավթի գնի կտրուկ բարձրացման ֆոնին ԵՄ-ն ձգտելու է սահմանաչափի միջոցով զսպել գնաճը։ Հավաքական Արևմուտքը նախորդ տարի էներգակիրների շուկայում Ռուսաստանից ուներ 40 տոկոս կախվածություն, այս տարի Արևմուտքը կախվածությունը հասցրել է 9 տոկոսի, ընդ որում՝ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի կրած ֆինանսական վնասը գրեթե աննշան է»,- ասում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանը։

Եվրամիությունը տուժում է նաև իր իսկ սահմանած «կանաչ տնտեսության» քաղաքականության տեսանկյունից` ասում է փորձագետը` շարունակելով. «Հավաքական Եվրոպան, որ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը հայտարարում էր հնարավորինս քիչ արտանետումներով կամ զրոյական բալանսով կանաչ տնտեսության ձգտման մասին, այժմ ստիպված է վերադառնալ անցյալի վառելիքին` ածխին։

Փետրվարին ԵՄ-ն, իր իսկ սահմանած խաղի կանոներին դեմ գնալով, ատոմային էներգիան հայտարարել է «մաքուր» էներգետիկա»։

Ըստ Ավետիսյանի` Ռուսաստան-Արևմուտք գազային հակամարտության քաղաքական առանցքում «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկման խնդիրն է. դեռ 2021-ին պաշտոնական Վաշինգտոնն ու Բեռլինը համաձայնության էին եկել առանց ամերիկյան պատժամիջոցների գազատարի շինարարության ավարտի շուրջ։ Գազատարն անցկացվել է Բալթյան ծովի հատակով, և բնական վառելիքը պետք է Ռուսաստանից հասցվեր Գերմանիա, որտեղից էլ փոխադրվելու էր ոչ միայն գերմանական, այլև արտասահմանյան շուկա: Գազատարը շրջանցում է Ուկրաինայի տարածքը, ինչի հետևանքով Ուկրաինան զրկվում է գազի տարանցման համար մոտ 2 միլիարդ դոլարի տարեկան եկամտից:

Ուկրաինան, Լեհաստանը, Բալթյան երեք հանրապետությունները, եվրոպական մի շարք այլ երկրներ, ինչպես նաև Միացյալ Նահանգները շարունակում են պնդել, որ այդ գազատարը շահագործման հանձնելուց հետո բնական վառելիքի հարցում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից ավելի կծանրանա, մինչդեռ Գերմանիայի քաղաքական և հասարակական որոշ շրջանակներ շարունակում են ընդգծել «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման անհրաժեշտության մասին, ռուսական գազատարի շահագործման օգտին գերմանական լոբբինգի հակառակորդները` իշխող կոալիցան էլ դեմ գնալով հայտարարում է որդեգրած քաղաքական կուրսի համար բարձր գին վճարելու մասին։ «Այս դեպքում բարձր գինը շարքային գերմանացու համար էներգետիկ ճգնաժամն է` տնտեսական գնաճով համեմված»,- ասում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանը։     

Տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարն անցնում է Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանի «Սլավյանսկայա» կոմպրեսորային կայանից մինչեւ Գերմանիայի մերձբալթյան ափ: «Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտին է հասցրել սեփական ուժերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով ընկերության շվեյցարական կապալառուն դադարեցրել է աշխատանքը: Առաջին խողովակաշարի գցումն ավարտվել է 2021-ի հունիսի սկզբին, երկրորդը՝ սեպտեմբերին: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեռևս 2022-ի փետրվարին հայտարարել էր «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը դադարեցնելու մասին։

Ի՞նչ խնդրի է բախվելու Հավաքական Արևմուտքը ձմռան նախաշեմին, արդյո՞ք ԵՄ բոլոր երկրներն են հավանություն տալիս պատժամիջոցային գազային քաղաքականությանը և որն է լինելու Արևմուտքի հաջորդ քայլը ուղղված Ռուսաստանի «գազային դարպասին». «Ռադիոլուր»-ի հարցերին պատասխանում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանը։      

Back to top button