ԿարևորՔաղաքական

Հայկական կողմի մտահոգությունները դեռևս 2021 թ․փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցին, տեղեկացրել է, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։

Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու հետ կապված, նախօրեին լրագրողներին հայտարարել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Կողմերից յուրաքանչյուրը, որի պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։ Մենք դեռ դրանք չենք տեսել»,- ասել էր Լավրովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անընդունելի էր համարել խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։

Ռուս խաղաղապահներն Արցախում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Արցախից։

Back to top button