ԿարևորՀասարակություն

Կոռուպցիա կա, սխալներ՝ ևս․ հաշմանդամության գնահատման ոլորտը նորից վերանայվում է

Հայաստանում հաշմանդամություն ունեցողները շուրջ 165 հազարն են։ 44-օրյա պատերազմից հետո թիվն ավելացել է շուրջ 1500-ով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շեշտում են՝ միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները ծանրաբեռնված են աշխատում՝ գրեթե ամեն օր բժշկասոցիալական փորձաքննություն կամ վերափորձաքննություն է։

Սոցցանցերում և մամուլում պատերազմում վիրավորված զինծառայողների ծնողներն ու հարազատները հաճախ են դժգոհում հաշմանդամության կարգի արդարացի լինել-չլինելու կամ պարբերաբար վերանայելու կարիքի մասին այն դեպքում, երբ, օրինակ, կա անդամահատում։ Միասնական սոցծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանն ասում է՝ կառավարության որոշմամբ հաշմանդամության առաջին կարգ սահմանվում է 2 տարով, իսկ երկրորդ և երրորդ կարգ՝ 1 տարով։ Բացատրում է՝ հաճախ վիրավորումից անմիջապես հետո հոգեբանական և ֆիզիկական պատկերն այլ է, և կարիք է լինում որոշ ժամանակ անց հաշմանդամության կարգը վերանայել։

«Երբ պատերազմից անմիջապես հետո մենք այդ տղաներին տեսանք հիվանդանոցնորւմ կամ բուժսոցիալական ծառայությունների ժամանակ, նրանք դեռ պրոթեզավորված չէին, վերքերը դեռ թարմ էին, և մարդիկ դեռ հոգեբանորեն հարմարված չէին իրենց նոր կարգավիճակին։ Եվ շատ դեպքերում 2-րդ կարգի հաշմանդամություն սահմանվեց այն դեպքերի համար, որ անձը այդ մեկ տարվա ընթացքում, օգտվելով տարբեր տեսակի ծառայություններից, պրոթեզավորվի ու գա հասնի մի իրավիճակի, որը կհամապատասխանի իրենց հիմնականան հաշմանդամության խմբին»,– բացատրում է Ռիմա Եգանյանը։

Եգանյանը շեշտում է՝ 2022–ին շուրջ 100 անձի վերափորձաքննությամբ հաշմանդամության կարգը փոփոխվել է։ Գործող կարգով՝ քաղաքացին ԲՍՓ որոշումը կարող է 3 «ատյանով» բողոքարկել։ Եթե տարածքային բաժնի որոշման հետ համաձայն չէ, կարող է դիմում գրել, և վերափորձաքննություն կանցկացնի արդեն այլ բաժին։ Տարվա ընթացքում ընդհուպ մինչև 800 բողոքարկում է լինում՝ ասում է Ռիմա Եգանյանը։ Վերջին պատերազմի մասնակիցների շրջանում ավելի քան 2000 փորձաքննություն է իրականացվել,  շուրջ 250 բողոքարկում․ շուրջ 1 տասնյակ դեպքում որոշումը փոփոխվել է։

«Ովքեր հիվանդությունը ձեռք են բերել պատերազմի կամ ռազմական գործողությունների հետևանքով, ունեն բուժման կարիք, բայց չեն ստացել հաշմանդամություն, մենք իրենց համար մշակում ենք վերականգնողական անհատական բուժման ծրագիր»։

Ոլորտում խնդիրները բազմաթիվ են ու հին։ Եղել են նույնիսկ դատական գործեր՝ հիշեցնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։ Շեշտում՝ համակարգն արդյունավետ ու թափանցիկ չէ, բայց սա նաև մտածողության ու մոտեցումների հետևանք է։ Արմեն Ալավերդյանը նկատում է՝ քանի դեռ հաշմանդամության կարգն ուղիղ համեմատական է պետական աջակցությանը և արտոնություններին, ոլորտում կոռուպցիոն խնդիրներն ու անհամաձայնություններ միշտ են լինելու։

«Պետք է ավելի հետամուտ լինեն հասարակական վերահսկողությունը։ Քաղաքացիները պիտի ավելի ակտիվ լինեն, սկզբունքային, պատրաստ չլինեն կաշառք տալու, այլ պայքարեն իրենց իրավունքների համար։ Այդ ժամանակ համակարգը կկարգավորվի»,– ասում է Ալավերդյանը։

Կոռուպցիոն ռիսկեր իսկապես կան՝ ասում է Ռիմա Եգանյանը։ Խնդիրը գոնե մասամբ լուծելու համար նախորդ տարի միասնական սոցիալական ծառայության ներդրումից հետո գործարկվեց ռոտացիոն համակարգ․ բժիշկներն ամեն օր փորձաքննություն  անում են տարբեր տարածքային մարմիններում՝ նախատես չիմանալով, թե որ տարածքում են աշխատելու։ Բացի այդ՝ Եգանյանը հիշեցնում է՝ 2021-ի մայիսին ընդունվեց «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» նոր օրենքը, որը ուժի մեջ կմտնի արդեն 2023–ի փետրվարից։ Դրանով նախատեսվում է գնահատել ոչ թե անձի առողջական վիճակը, այլ դրան հետևող կենսաբանական գործունեության սահմանափակումը, այլ կերպ ասած՝ գնահատվում են անձի կարողությունները։ Ըստ այդմ՝ տարբեր կլինեն նաև աջակցման մեխանիզմերն ու արտոնությունները․  

«Տեսեք՝ երբ մենք սահմանում ենք առաջին խմբի հաշմանդամություն, օրինակ, ամբողջովին կույր անձը, երկու ոտքի բացակայությամբ անձը, հոգեկան խնդիր ունեցող անձը, ռեանիմացիայում կոմայի մեջ գտնվող անձը, բոլորը համարվում են առաջի խմբի հաշմանդամություն ունեցող անձ, և բոլորի համար սահմանված է նույն արտոնությունները․ օրինակ առաջի խմբի հաշմանդամներին տրվում է էլեկտրական տրանսպորտից ազատ երթևեկելու հնարավորություն, բայց ռեանիմացիայում գտնվող անձը կարո՞ղ է օգտվել այդ արտոնությունից, իհարկե ոչ։ Այս դեպքում կգնահատվի կարիքին համապատասխան աջակցության տեսակը»,– ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը։

Մինչդեռ «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ներդրվող մեխանիզմի մասով վերապահումներ ունի։ Համակարգը պետք է հիմնովին փոխվի՝ ասում է։

«Այնտեղ ինձ համար անհասկանալի պահեր կան․ օրինակ՝ հաշմանդամության 3 խմբի փոխարեն սահմանվում է 4 կատեգորիա․ իմ կարծիքով՝ սա անիմաստ փոփոխություն է, բայց կարևորն այն է, որ մարդիկ օբեկտիվորեն գնահատվեն»։

Սոցապնախարարությունում խնդրի կարգավորման հույսը օրենքի նոր դրույթների հետ են կապում։ Սակայն նաև խոստովանում են՝ իրենք էլ մտավախություն ունեն, որ ժամանակի ընթացքում մարդիկ «ձևերը» կսովորեն։  Իսկ այս ընթացքում գերատեսչությունը դեռ մշակում է ենթաօրենսդրական ակտեր, որը օրենքը շունչ ստանա։

Back to top button