ԿարևորՀասարակություն

Հայաստանի կայունությունը կարևոր է Վրաստանի համար․ նշվում է դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը 

Հայաստանն ու Վրաստանն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-րդ տարեդարձը։ Այս օրերին երկու երկրներում տեղի են ունենում հանդիսավոր միջացառումներ, արժևորվում են ձեռքբերումները, ուրվագծվում՝ ապագա անելիքները։ 

Անցած երեսուն տարիները «Ռադիոլուրի» հետ զրույցում ամփոփում են հայ և վրացի պաշտոնյաները, դիվանագետներն ու փորձագետները։

Վրաստանն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկիզբը պաշտոնապես ուղիղ 30 տարի առաջ այս օրերին դրեցին։ Երկու երկրներում էլ, սակայն, դիվանագետները հիշեցնում են՝ Վրաստանը 30 տարի առաջ վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։

Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը առանձնացնելով երկու ժողովուրդներին դարերի ընթացքում միավորող կապերն ու արժեհամակարգային ընդհանրությունները,  ընդգծում է, որ Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը։ Եվ այսօր, ըստ նրա, Երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է բոլոր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցության մասին․

«Այսօր հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ ժամանակահատվածում ենք գտնվում, մենք քաղաքական մակարդակում դեռ կտեսնենք նոր դինամիկա, նոր տրամադրություն, նոր հեռանկարներ»։

Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան ավելացնում է, որ այսօր արդեն  աննախադեպ պարբերական բնույթ ստացած բարձր մակարդակի փոխայցերը, որ արտացոլում են երկու պետությունների միջև առկա փոխվստահությունը, բարեկամությունն ու կարևոր օրակարգը, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը կարող են օրինակելի  դարձնել տարածաշրջանի համար։ Ըստ Դարսալիայի, վրաց-հայկական բարեկամությունը ոչ միայն երկկողմ կապերի, այլ նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր նախապայմանն է․

«Աշխարհաքաղաքական հարափոփոխ այս միջավայրում անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերությունների պահպանումը՝ առաջ եկող մարտահարավերերին արդյունավետ կերպով միասին դիմագրավելու համար։ Հայաստանի կայունությունն ու առաջընթացը՝ երկկողմ և տարածաշրջանային համատեքստում խիստ կարևոր է Վրաստանի համար»։

Վրաստանի վարչապետի ՌԴ հարցերով հատուկ բանագնաց, փորձառու դիվանագետ Զուրաբ Աբաշիձեն «Ռադիուլուրի» հետ զրույցում նկատում է, որ երկու հարևանները գիտակցում են բարեկամական հարաբերությունները պահպանելու, էլ ավելի խորացնելու կարևորությունը․

«Հարևանների միջև, իհարկե, լինում են չհամաձայնեցված խնդիրներ, դրա համար գոյություն ունեն կառավարությունները, դրանք լուծելու նրանց բարի կամքը, որը միշտ կա հայ-վրացական հարաբերություններում, և, անշուշտ, բոլոր հարցերը կլուծվեն այնպես, ինչպես հարիր է բարեկամ հարևաններին»։ 

Հարևանները միշտ կունենան հարցեր, բայց Վրաստանի և Հայաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան, ասում է իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Սոզար Սուբարին․

«Երեք հազարամյակ հարևանությամբ ապրել ենք, երբևէ միմյանց դեմ չենք պատերազմել, նման դեպքերը քիչ են լինում։ Անշուշտ, յուրահատուկ համատեղ պատմություն ունենք, կողք կողքի արարել ենք, միասին անկախության համար պայքարել 1918-ին, միասին կորցրել ու նորից վերականգնել։ Այսօր դժվարին աշխարհաքաղաքական ժամանակահատվածում ենք գտնվում, սակայն, վստահ եմ՝ մեր հարաբերությունները, եղբայրությունն ու բարեկամությունը շարունակվելու են ինչպես պետությունների, այնպես էլ երկու եղբայր ժողովուրդների միջև»։

Վրաստանի եվրաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեաշվիլին ասում է, որ հայ-վրացական հարաբերությունները մշտապես եղել են անկեղծ․ 

«Ամենադրամատիկ իրավիճակներում, օրինակ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում Հայաստանը պահպանեց չեզոքություն, չնայած նրան, որ Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերն է, աշխատեց կողմնակալություն չցուցաբերել․ ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ նույնն արեց Վրաստանը՝ լինելով Ադրբեջանի ռազմավարական գործընկերը,  չպաշտպանեց Ադրբեջանին»։

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը նշում է՝ եթե ռազմավարական գործընկերներին անհրաժեշտ է փաստաթուղթ ստորագրել, ապա եղբայրներին՝ ոչ․

«Երկու երկրները մշտապես եղել են միասին, զարմանալի չէ, որ ավելի վաղ ևս եղել են տարբեր բանակներում, սակայն մեր թագավորները, ժողովուրդը միմյանց հետ շարունակել է ապրել եղբայրաբար»։

Այսօր էլ, ըստ նրա, Հայաստանը ՌԴ-ի անվտանգային կառուցի անդամ է, Վրաստանն էլ ձգտում է դեպի ՆԱՏՕ, սակայն Վրաստանի և Հայաստանի միջև դարավոր եղբայրությունը սովորեցրել է ինչպես պահպանել ու խորացնել ջերմ, բարիդրացիական հարաբերությունները։

Back to top button