ԿարևորՀասարակություն

Ինչպես են հայրենադարձները հայերեն սովորում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում արդեն մի քանի ամիս է՝ հայենադարձների համար հայոց լեզվի ինտենսիվ դասընթացներ են կազմակերպում. շուտով առաջին խումբ կավարտի: Գրասենյակում վստահ են՝ հայերեն սովորելը հայրենադարձների ինտեգրման ու աշխատաշուկայում հաջողելու  լավագույն ուղին է: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում հիշեցնում են՝ շուտով կմեկնարկի նաև նոր խմբի դասընթացն,  ցանկացողները կարող են գրասենյակի կայքի «Սովորիր հայերեն» բաժնում մինչև հունիսի 15-ը  հայտ թողնել։

«Մի քիչ ամոթ է, բայց լավ չեմ խոսում: Պետք է լավ սովորեմ հայերեն, չնայած կարծում եմ՝ մի քիչ ստացվում է»,– պատմում է Օկսաննան, որ ծնվել ու մեծացել է Մոլդովայում, հետո՝ ապրել Ուկրաինայում, և միայն մի քանի տարի առաջ ամուսնու հետ որոշեցին  ապրել ու աշխատել հայրենիքում:

«Գրել, կարդալ գիտեմ, լավ կարդում եմ, գրել էլ քիչ թե շատ ստացվում է, չի ստացվում միայն լավ խոսել»:

Իրավաբան Օկսաննան հիմա աշխատում է երիտասարդական կազմակերպություններից մեկում, հենց ինքն էլ օգնում է հայրենադարձներին  ինտեգրվել: Որոշել է վաղեմի երազանքներից մեկն իրականացնել՝ բարելավել հայերենը։  

«Հեշտ չի սովորելը, բայց հետաքրքիր է: Հայերենը իմ համար բարդ, բայց շատ սիրուն լեզու է, հուսով եմ՝ մի քիչ էլ ժամանակ անցնի, ավելի լավ կխոսեմ»,– անկեղծանում է Օկսաննան:

27 տարեկան Ասյան 3 ամիս առաջ վերջնականապես որոշեց՝ 25 տարի Ռուսաստանում ապրելուց հետո ուզում է տեղափոխվել Հայաստան: Հայերեն խոսում էր, բայց գրել- կարդալ չգիտեր։ Արդեն հայրենիքում որոշեց՝ ժամանակն է։ Հիմա մայրենին սովորելու հաջողությամբ արդեն հպարտանում է:

«Փողոցներում արդեն բոլոր ցուցանակները կարողանում եմ կարդալ. մի քիչ դանդաղ, բայց ստացվում է: Գրքեր դեռ չեմ կարդացել, քանի որ շատ գրական հայերենով է գրված, բարդ է, բայց մանկական գրքեր կարողանում եմ կարդալ»,– ասում է Ասյան:

Ասյան Հայաստանում մարկետինգի ոլորտում է աշխատում, ասում է՝ արդեն կարողանում է նաև հայերենով շփվել պատվիրատուների հետ: Անկեղծանում է՝ հայերենը բարդ է, ինքնուրույն սովորել հեշտ չէ:

«Ես միշտ ուզում էի սովորել, փորձել եմ գրքերով, համացանցով, բայց չի ստացվել, զգում էի, որ դժվար է: Ինձ համար ամենադժվարը տառերն են, շատ նման են իրար, դժվարանում եմ: Բայց քիչ-քիչ արդեն ավելի վարժ եմ խոսում»:

Օկսաննայի ու Ասյայի հետ ևս շուրջ 80 հայրենադարձ արդեն մի քանի ամիս է՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում հայերեն է սովորում։ Գրասենյակում վստահ են՝ սա ամենակարևոր քայլն է՝ հայրենադարձներին ինտեգրելու ու աշխատանք գտնելուն օգնելու հարցում: Հայոց լեզվի բաժնի համակարգող Լուսինե Համբարյանն ասում է՝ այս դասընթացները, որպես այդպիսին, առաջինն են:

«Մենք խնդիր ունեք այստեղ  հայրենադարձների կյանքն ավելի հեշտացնելու և առաջին հերթին աշխատաշուկա մուտքը ապահովելու: Ինձ թվում է՝ շատ ոգևորությամբ են սովորում. շատերը նույնիսկ խոստովանում են, որ այն ժամանակ մտածում էին, որ հայերենը այնքան բարդ է, որ չեն կարող սովորել, հասկանալ, բայց առաջին դասից հետո արդեն ոգևորվում են ու սկսում են խոսել նաև հասկանալ»,– պատմում է Լուսինե Համբարյանը:

Դասընթացները 4 հիմնական խմբով են անցկացվում՝ հայերենը բարելավել ցանկացողների,  առհասարակ չիմացողների և արևմտահայերենից բացի արևելահայերեն սովորողների համար: 

«Այն մարդիկ, ովքեր ընդհանրապես հայերեն չգիտեն, առաջին դասերի ընթացքում իրենց մոտ լեզվական շոկ է լինում, քանի որ միանգամից ծանոթանում են մի լեզվի, որին ընդհանրապես չեն տիրապետում, բայց առաջին դասից հետո սկսում են որոշակի բաներ արդեն հասկանալ: Իսկ միջին մակարդակի գիտելիքներ ունեցողների համար հիմնական խնդիրը քերականությունն է, ուղղագրությունը կամ բառապաշարը»:

Դասընթացները նաև  հայրենադարձների համար միմյանց ճանաչելու, օգտակար ծանոթությունների լավ առիթ են՝ ասում է հայերենի ուսուցչուհի Լուսինե Համբարյանը: Դասընթացներին մասնակցող երիտասարդների ամենամեծ մասը Ռուսաստանից է, նաեւ՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ավստրալիայից ու Ֆրանսիայից:

 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հիշեցնում են՝ մեկնարկում են նոր խմբի դասընթացները։ Հայտերը պետք է թողնել գրասենյակի կայքի «Սովորիր հայերեն» բաժնում մինչև հունիսի 15-ը։

Back to top button