ԿարևորՔաղաքական

Միջնորդել պատրաստ են, լուծում առաջարկել՝ ոչ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է Արցախից

Այս օգոստոսին նշվելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարգավորման 30-ամյակը: Այդ առիթով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն ընդգծել է՝ հպարտ է, որ Հայաստանի կառավարությունն իր բարեփոխումների համար հիմք է ընդունում ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության  համաձայնագիրը:

Տիկին դեսպանը նշել է՝ մի շարք միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանում եւ  աշխարհում խաղաղության հասնելու համար: Աշխատանքներ են տարվում նաեւ  ընդլայնելու համագործակցությունն ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում, բայց առաջնահերթորեն դիտարկում են նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները։ Մարիա Պապյանն է պատմում։

Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերի կայուն լուծմանը: ԵՄ-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«ԵՄ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լուծմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերում։ Մենք առաջարկում ենք գործընթացում աջակցություն և դյուրացում։ ԵՄ-ն պատրաստ է ավելին անել այդ հարցում, սակայն ամեն դեպքում որոշումները կայացվելու են երկու երկրների միջև, որովհետև ԵՄ-ն ուղղակի միջնորդ է այս ոլորտում: Միջնորդությունը չի նշանակում, որ դու պետք է առաջարկներ անես և լուծումներ գտնես: Միջնորդությունը նշանակում է, որ դու ստեղծում ես մի միջավայր, որ տարաձայնության կողմերը գան ընդհանուր լուծումների»:

Ըստ Անդրեա Վիկտորինի՝ ԵՄ ներկայացուցիչները շարունակաբար հանդիպելու են կողմերի հետ` հասկանալու՝ ինչ կարող են անել  բանակցություններում առաջընթաց գրանցելու համար:

«Լավ կլիներ չմտնել որևէ դավադիր պլանի մեջ, սա կարող է ազդել գործընթացի վրա։ Այս ամենը պետք է իրականացվի թափանցիկ ձևով։ Մեր նպատակն է օգնել հասնելու կայուն լուծմանը և բոլորին հնարավորություն տալու ապրել խաղաղության և անվտանգության միջավայրում»:

Ֆրանսիան ևս, որպես Եվրամիությունում նախագահող երկիր, նշում է Հայաստանի կարեւորությունը՝ որպես եվրոպական ընտանիքի անդամ և կիսում է  փոխադարձ արժեքները գործընկերների հետ՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լյույոն է իր հերթին նշում ու շեշտում՝ պատրաստ են քրտնաջան աշխատել ԵՄ և Հայաստանի հետ ամրապնդելու առկա համագործակցությունը։

«Որպես միջազգային հանրություն՝ մենք միջնորդներ ենք, աջակցողներ ենք, մենք աջակցում ենք բանակցություններին Հայաստանի և Ադրբեջանի միջև,  մենք ուղղակիորեն ոչ մեկի հետ չենք բանակցում, և չի ենթադրվում, որ մենք որևէ առաջարկով պետք է հանդես գանք, բայց մենք կարող ենք աջակցել այդ առաջարկները սեղանին դնելու համար, բայց նաև կարող ենք աջակցել այդ բանակցությունների արդյունքների իրականացմանը, սակայն առաջարկներ անելը մեր դերը չէ»։ 

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացմանը և այդ ուղղությամբ համատեղ ջանքերին, մասնավորապես,  ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթի շրջանակում աշխատանքների ընթացքին, ապա այդ համատեքստում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտում է՝ ԵՄ առանձնակի կարևորում է Սյունիքի մարզում 80 միլիոն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:

Դեսպանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է Սյունիքը ԵՄ համար կարևոր.

«Անցյալ տարի ԵՄ դեսպանները այցելեցին Սյունիք դիտարկելու նաև քաղաքական  իրավիճակը։ Մենք ուզում ենք աջակցել Հայաստանին տնտեսապես։  Սա կարող է լինել փորձագիտական աջակցություն։ Քննարկումները շարունակվում են։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները զարգանում են վստահության մթնոլորտում։ Ես այստեղ նախկինում եղել եմ, համագործակցությունը միանգամայն տարբերվում է նախկինից։ Երբ խոսում ենք աջակցության փաթեթի մասին, նկատի ունեք ներդրումների փաթեթը, սա առաջարկվել է Հայաստանին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից՝ միտված երկկողմ  գործակցությանը։ Դա բխում է Հայաստանի և Ադրբեջանի շահերից»։

Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյույոն շեշտեց՝ պատրաստ են աշխատել Եվրամիության և Հայաստանի կառավարության հետ՝  համագործակցության ամրապնդման համար։ 

Back to top button