ԿարևորՔաղաքական

Պատերազմական հանցագործություններով քրեական հետապնդման է ենթարկվում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցիչ

2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի քննությամբ Գլխավոր դատախազությունը քննությունը վարել է երկու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ 2021-ին վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ ավելի քան 2000 քրեական գործ, քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ` հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Դատախազության ներկայացրած 300 էջանոց փաստաթղթի մի մեծ հատված վերաբերում է 44-օրյա պատերազմին։  Այստեղ  օբյեկտիվ ապացույցներով փաստեր են, որոնք վկայում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների թույլ տված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններով հաստատված կոնկրետ դեպքերով կանխամտածված թիրախավորվել են հայկական բնակավայրերը, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոներ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել, ոչնչացվել կամ վնասվել են հայկական պատմամշակութային արժեքները»:

Պատկերը հստակ է` ասում է Գլխավոր դատախազը և միջազգային հանրությանը հայկական կողմի աշխատանքը ներկայացնելու տեսանկյունից կարևորում 44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկչության դրսևորման բացահայտումը․   

«Քրեական գործերով ձեռք բերված ապացույցներն ակնհայտորեն վկայում են, որ 2020թ.-ի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ, որոնք անարգել տեղափոխվել են Թուրքիա-Սիրիա պետական սահմանով՝ առանց վերահսկողության և ստուգման: Թուրքիայի տարածքից վարձկաններն ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ իրականացվել է նրանց ռազմական պատրաստությունը: Մեր ձերբակալած սիրիացի երկու վարձկանների ցուցմուքներով՝ լեռնային հատվածներում մարտ վարելու համար են նրանք հատուկ պատրաստություն անցել, հրահանգավորում են ունեցել թիրախավորելու, սպանելու, խոշտանգելու բնակավայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից պատերազմի ժամանակ հայտնաբերված և ձերբակալված երկու ահաբեկիչ վարձկանները մանրամասն ցուցմունքներ են տվել, նրանց ձերբակալման առաջին իսկ պահից Հայաստանի գլխավոր դատախազությունը գործի օբյեկտիվությունից ելնելով դիմել է  միջազգային կառույցներին՝ թույլ տալով ահաբեկիչների հետ առանձնազրույցներում համոզվելու պատմածի ճշմարտացիության մեջ, ինչը և տեղի է ունեցել` հայտնում է գլխավոր դատախազը:

Սիրիացի երկու վարձկանները դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի գլխավոր դատախազության վարույթում պատերազմական հանցագործությունների մասով այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում  ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ 60 ներկայացուցչի նկատմամբ։

2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի քննությամբ Գլխավոր դատախազությունն ի սկզբանե որդեգրել է երկու ուղղություն` քննել ոչ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության  իրականացրած պատերազմական հանցագործությունները, այլև մեր ռազմաքաղաքական ղեկավարության, Զինված ուժերի կողմից թույլ տրված ենթադրալ հանցավոր խախտումները։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան.

«2021-ին դատախազության վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ, տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ։ 55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ: Ավարտված քրեական գործերով պարզվել է, ցավոք, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում, բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է»։

Դատախազության վարույթում գտնվող այս և մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է։ Գլխավոր դատախազը վստահեցնում է՝ նախանձախնդիր են հանցավոր խախտումներ թույլ տված յուրաքանչյուրի պատասխանատվության ենթարկելու հարցում։

Back to top button