ԿարևորՏնտեսական

Հարկերի ավելացումը՝ ծրագրվածից 1,3 տոկոսով ավելի․ սա նաև ռուսների և ուկրաինացիների հոսքի արդյունք է

Ռուս–ուկրաիանական պատերազմն անգամ չի խանգարել, որ այս տարվա առաջին եռամյակում հարկային մուտքերն ու տուրքերը 1․3 տոկոսով ավելի լինեն ծրագրվածից։ Ավելին, փորձագիտական դաշտում համոզված են, որ փետրվարի վերջից Հայաստան եկող ռուսներն ու ուկրաինացիներն են նաև այդ աճին նպաստել։ Հարկային եկամուտների գերակատարման մեջ գների բարձր աճն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը նույնպես կարևոր բաղադրիչ է  դիտարկվում։ Ամեն դեպքում աճն, իհարկե,ապահովվել է  ընդհանուր հարկման համակարգում գործող հարկ վճարողների հաշվին։

Ինչո՞վ է  պայմանավորված ՀՀ–ում  հարկային մուտքերի ու տուրքերի գերակատարումն այն դեպքում, երբ աշխարհում համավարակի հետևանքները դեռ հաղթահարված չեն, սրան էլ գումարվել են ռուս–ուկրաինական պատերազմն ու  արևմտյան պատժամիջոցները ՌԴ-ի տնտեսության դեմ։ Իսկ այս փուլում մոտ 1․3 տոկոսով հարկային ծրագրային ցուցանիշը գերակատարված է։ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը տվյալներն է փոխանցում․

«2022թվականի պետական բյուջեի մասին օրենքով ու կառավարության համապատասխան որոշմամբ՝ առաջին եռամսյակի համար հաստատված  ծրագրային ցուցանիշը կազմել է 395․4 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ 400․6 մլրդ դրամ։ Ցուցանիշը  5․2 մլրդ դրամով  կամ  1.3% ավելի է։ Իրականում ցուցանիշն աննախադեպ է։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, աճն ակնհայտ է։ Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակում  2021–ի հետ համեմատ 67․7 մլրդ դրամով ավելի շատ հարկ է հավաքագրվել։ Աճը հիմնականում տեղի է  ունեցել ընդհանուր հարկման համակարգում գործունեություն  իրականցնող հարկ վճարողների հաշվին»»։

Փորձագիտական դաշտում հատկապես կարևորում են, որ  հարկային եկամուտներն ավելացել են  2019–ի համադրելի ժամանակահատվածի համեմատ 100.9 մլրդ դրամով կամ 33.7%-ով: Բացատրում են՝ 2020–ը  համավարակի ու պատերազմի, 2021–ն էլ վերականգնման տարիներ էին, ուստի տվյալները հենց 2019–ի հետ են համեմատելի։ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում հենց այս ցուցանիշն է կարևորում․

«Բոլոր դեպքերում հարկային վարչարարության և տնտեսական գործունեության մեխանիզմները թեկուզ թույլ, սակայն կարողունակ ռելսերի վրա են։ Եթե նայենք, թե ինչի արդյունքում է արձանագրվել  այս 1․3 տոկոս աճը, մենք ունեցել ենք առևտրաշրջանառության բավականին մեծ աճ։» ։ 

Հունվար-մարտին Հայաստանում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով առևտրաշրջանառության ծավալը 1,9 տրլն դրամ դրամ է եղել, իսկ գործարքների քանակը՝ 128,8 մլն: Ակնհայտ է, որ փետրվարից ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ փողի հոսք է եղել Հայաստան։ Իհարկե, սա դրսևորվեց նաեւ փոխարժեքի տատանումներով, բայց այժմ շուկան համեմատաբար կայուն է։ Ռուբլու հոսքը միայն դոլարի վերածելու համար չէր՝ արձանագրում է  Սոս Խաչիկյանը՝ գումարի մի մասը մնաց Հայաստանում․

«Բնականաբար, ծախսեր կատարվեցին հյուրանոցի, սննդի, ինքնաթիռի, ծառայությունների համար։ Ծառայությունների շրջանառության աճը միանշանակ նկատելի էր։ Իմ կարծիքով՝ հիմնական գործոնը ռուսական ռուբլու ներհոսքն էր այդ ժամանակահատվածում»։ 

Հարկային եկամուտների աճում  որպես բաղադրիչ փորձագետները նաև գնաճն են  դիտարկում։ Բայց 2020–ի հակաճգնաժամային ծրագրերը եւս դրական են ազդել։ Ռուսական ռուբլու ներհոսքը խթանել է  աճը․

«Իմ կարծիքով՝ հարկային եկամուտների աճը կայուն է։ Հնարավոր է, որ որոշակի տատանումներ լինեն, բայց՝ ոչ խոշոր վայրիվերումներ»։

Շուրջերկու ամիս է՝ համաշխարհային տնտեսության շոկերին՝ համավարակ, սահմանափակումներ ու պարենի գների աճ, ավելացել են  նաև ռուս–ուկրաինական պատերազմն ու տնտեսական պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ։ Սրանցից Հայաստանը չի կարող անմասն մնալ՝ ընդգծում է տնտեսագետ Համլետ Մկրտչյանը․ Ռուսաստանն է Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը։ 2021–ին Հայաստանն այդ երկրից ներմուծել է 1,7 մլրդ դոլարի ապրանք, արտահանել 847 մլն դոլարի՝ նախորդ տարվանից 24.5%-ով ավելի։  Նախորդ տարիներին Հայաստանից արտահանման 28%-ը ՌԴ էր, ներմուծման ցուցանիշը ՌԴ-ից՝ ընդհանուրի 33.3%-ը: Ուստի, տնտեսագետ Մկրտչյանի դիտարկմամբ, առաջիկայում որոշակի դանդաղում պետք է սպասել, բայց դրական միտումների կողքին։

«Կանխատեսվում է, որ գալիք եռամսյակում նախանշված սահմանաչափից ավելի քիչ հարկային եկամուտներ կհավաքագրվեն, սակայն դա կանխատեսում է, միանշանակ պնդել այս փուլում դեռ շատ բարդ է։ Մենք տեսնում ենք նաև, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են գալիս ՀՀ,  գրանցում  են ընկերություններ, ցանկանում են այստեղ բիզնես ծավալել, իրենց ֆինանսական միջոցներն են նաև ՀՀ տեղափոխում։  Իմ կարծիքով՝ այս գործընթացը որոշակի կերպով կազդի հարկաբյուջետային քաղաքականության վրա»։

Փորձագիտական դաշտում պնդում են՝ կայուն տնտեսական ու հարկային աճի համար պետք է տնտեսությունը դիվերսիֆիկացնել, թուլացնել տնտեսական կախվածությունը հատկապես  ՌԴ–ից։ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյան․

«Եթե մենք անգամ տեղական արտադրության զարգացման մեծ հնարավորություններ չունենանք, ծառայությունների շրջանակում այդ հնարավորություններն ունենք՝ ֆինանսական, տեխնոլոգիական , զբոսաշրջության ծառայությունների ոլորտում։ Արդյունաբերության ոլորտում դիվրեսիֆիկացումը երկար ժամանակ կպահանջի, ծառայությունների ոլորտում՝ ոչ։ Եվ պոտենցիալ ունենք, և կարճաժամկետում դրա հնարավորությունը»։

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ռուս–ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր իր տնտեսական կանխատեսման մեջ  նվազեցրել է աճի կանխատեսումը․ ակնկալվող 3,5% աճի փոխարեն Ուկրաինայի ՀՆԱ-ն կնվազի 20%-ով, Ռուսաստանում կնվազի 10%-ով՝ սպասվող 3% աճի փոխարեն։ 2022-ին բանկը Հայաստանում ՀՆԱ-ի աճ է կանխատեսում 1,5%, իսկ 2023 թվականին՝ 4%։ ՎԶԵԲ-ի փորձագետները նաև կարծում են, որ ստեղծված իրավիճակը կարող են փոխել Հայաստան այցելող զբոսաշրջիկները։

Back to top button