Բնական ընտրություն

Կատվի վիբրիսները՝ էլեկտրոնային բեղիկներ ունեցող ժամանակակից ռոբոտների նախատիպ․ «Բնական ընտրություն»

«ԷվրիկաԱնգլիական Բրիստոլում գիտական միտքը բնությունից վերցրեց ապագայի ռոբոտներ ստեղծելու նախագիծը»

2009 թվականին Մեծ Բրիտանիայի արևմտյան քաղաքներից մեկում՝ Բրիստոլում գործող ռոբոտաշինարարական լաբորոտորիայում գիտնականներին հաջողվեց ստեղծել առաջին ռոբոտը, որը կարողանում էր կողմնորոշվել մթության մեջ։

 Shrewbot անունը կրող ռոբոտը, որը ստեղծվել էր Շեֆիլդի համալսարանի գիտնականների հետ համատեղ, առաջինն էր այդ պահին աշխարհում, որ ուներ բառի ուղիղ իմաստով բեղիկներ, դրա համար էլ ստացավ «բեղիկավոր ռոբոտ» անունը։ Ռոբոտին ստեղծելուց առաջ գիտնականները երկար ուսումնասիրել են առնետի բեղիկները, որովհետև նպատակը մեկն էր՝ ստեղծել ռոբոտ, որը կկարողանար անկախ միջավայրից՝ գետնի տակ, խոնավ, մութ  թունելներում շարժվել, զգալ միջավայրը և չվնասվել ճանապարհի խոչընդոտներից, ինչպես կարողանում է անել առնետը՝ սեփական զգայուն բեղիկների շնորհիվ։

Shrewbot-ն իր առջև դրած նպատակներն իրականացրեց ոչ այնքան հաջող և գիտնականները ստիպված էին ապագայի ռոբոտների համար նոր մեխանիզմ մտածել։ Տարիների ուսումնասիրությունը հանգեցրեց այն գաղափարին, որ նման ռոբոտ ստեղծելու և կատարելագործելու համար իրականում հարկավոր է ուսումնասիրել կատվազգիների բեղիկները կամ ինչպես ընդունված է անվանել՝ վիբրիսները, որոնք շատ ավելի զգայուն են։

Գինեգործ Անի Մարտիրոսյանը 7 կատու ունի, կատվին բնորոշում է որպես ինտելեկտուալ կենդանի։ Պատմում է, որ դեռ երբ իր առաջին կատվին էր պահում՝ Բենժամինին, նկատել էր, թե որքան ճկուն է մթության մեջ նա կողմնորոշվում․

«Գիշերը իմ կատուն շատ է վազվում և ինքս տեսնում եմ, որ մթության մեջ սեղանին թռնելը, ոչ մի բան չվնասելը խնդիր չի, իհարկե ես կենսաբան չեմ, բայց կողքից հետևելով տեսնում եմ, որ երբ լույս է, ինքը միևնույն է ինչ-որ գործողություն անելուց առաջ շոշափում է բեղիկներով, կողմնորոշվում այդպես»,-ասում է Անի Մարտիրոսյանը։

Կատուներն իսկապես մթության մեջ լավ են կողմնորոշվում իրենց բեղիկների կամ վիբրիսների շնորհիվ։ Կատվի բեղիկները օգնում են նրան զգալ իր շուրջը գտնվող առարկաները, ինչպես նաև՝ բռնելու իր որսին, հատկապես մութ ժամանակ։ Կատվի բեղերի արմատները շրջապատված են հյուսվածքներով, որոնց մեջ կան բազմաթիվ նյարդային վերջավորություններ։ Այդ նյարդային բջիջները զգայուն են օդի անգամ աննշան տատանումների նկատմամբ, ինչի շնորհիվ կատուն կարողանում է զգալ իրեն մոտ գտնվող ցանկացած օբյեկտ՝ առանց այն տեսնելու։ Կենսաբան Նորայր Գաբրիելյանը բացատրում է, որ այս հատկությունը միայն կատուներին չէ, որ բնորոշ է․

«Կատվի բեղիկները, կամ այսպես կոչված վիբրիսները շատ զգայուն են։ Մարդու դեպքում զգայունակության ընկալիչները մաշկի վրա են, կատվի դեպքում՝ բեղիկներն են։ Բեղիկներով են կատուները զգում շրջակա աշխարհը, տարածության մեջ զգացողության ընկալություն է տալիս վիբրիսը և դրա համար է, որ հեռվից, մթության մեջ եկող վտանգը նրանք զգում են։ Սա եզակի երևույթ է կենդանական աշխարհում և զարգացած է հատկապես կատվազգիների դեպքում, ավելի ցայտուն ձևով զարգացած է վայրի կատուների մոտ»,-ասում է Նորայր Գաբրիելյանը։

Բիոնիկ ուսումնասիրությունների արդյունքում ապագայի գերկողմնորոշվող ռոբոտներ ստեղծելու նախագիծը գիտնականները ի վերջո գտան կրկին կենդանի օրգանիզմներն ուսումնասիրելով։ Հիմք ընդունելով արդեն գոյություն ունեցող Shrewbot ռոբոտի բեղիկները` ստեղծվեցին էլեկտրոնային բեղիկներ, որոնք փորձում են կրկնօրինակել կատվազգիների զգայուն բեղիկները։ Էլեկտրոնայինը մի քանի վայրկյանի ընթացքում, զգալով տվյալ պահին օդի անգամ ամենաանշան տատանումը, կարողանում են ստեղծել շրջապատի տոմոգրաֆիկ քարտեզ և հեշտացնում ռոբոտի տեղաշարժը։ Այսպիսի էլեկտրոնային բեղիկներ ապագայում կարող են տեղադրվել տրանսպորտային միջոցների վրա՝ գիշերները, մթության մեջ հեշտացնելով նրանց երթևեկությունը։  

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Սամվել Ասատրյանն ասում է, որ կատվի բեղիկների այդ ֆենոմենալ հատկությունն այսօր փորձում են կիրառել նաև վիրտուալ աշխարհում․

«Կատուն կարողանում է կողմնորոշվել ու մթության մեջ զգալ զոհի տեղը բեղիկների զգայունակության շնորհիվ։ Տեխնոլոգիական աշխարհում արդեն ստեղծվում են համակարգեր, որոնք աշխատում են զգայունակության տվիչներով, հիմնականում սա կիրառվում է վիրտուալ իրականության պատկերման ժամանակ և այս երևույթի նախատիպը փաստորեն արդեն բնության մեջ կա»,-ասում է Սամվել Ասատրյանը։

Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում այսօր արդեն ընթանում են նոր ռոբոտների նախագծման աշխատանքները։ Այդ ռոբոտները կունենան Էլեկտրոնային բեղիկներ, նախագծի ղեկավար, գիտնական Ալի Ջավին իր տարբեր հարցազրույցներում նշում է, որ փորձում են հնարավորինս կրկնօրինակել կատվի բեղիկների կառուցվածքը և ստանալ ռոբոտի համար նույն զգայունակությունը, ինչն ունեն կատվազգիները․ ռոբոտները պետք է կարողանան կողմնորոշվել մթության մեջ, շրջանցել խոչընդոտներ, հեռավորության վրա հասկանալ՝ տարածքն ի՞նչ չափի է, կտեղավորվե՞ն իրենք, թե՞ ոչ և այլն։ Էլեկտրոնային բեղիկները կլինեն ապագայի ռոբոտների աչքերը, այս նախագիծը աջակցություն է ստանում ԱՄՆ առաջադեմ հետազոտական ​​նախագծերի գործակալության կողմից։

Տեխնոլոգիական որևէ նորարարություն ստեղծելիս գիտնականները հայացք են նետում բնությանը․ բոլոր բարդ ու անլուծելի թվացող պատասխանները հենց այնտեղ են։

Back to top button