ԿարևորՏնտեսական

Նոր վարկ՝ հին շենքերը տաքացնելու և կոմունալ վճարները նվազեցնելու համար

Հայաստանի բնակելի և հանրային շենքերը էներգաարդյունավետության խնդիր ունեն, ինչը  տեսանելի է հատկապես ձմռան ամիսներին․ մենք տաքացնում ենք մեր բնակարանները, բայց  ջերմությունը դուրս է գալիս տան պատերից կամ պատուհաններից։

Արդյունքում՝ վառելիքի համար ավելի շատ ենք վճարում, քան տաքացնում ենք բնակարանը։ Կառավարությունը խնդիրը լուծելու նոր առաջարկ ունի․ նախատեսվում է պետական ու համայնքային 20 շենքերում էներգախնայողությունը 50 տոկոսով ավելացնելու ծրագիր իրականացնել։

Հայաստանի էներգասպառման 30%-ը բնակելի շենքերում է, մինչդեռ դրանց մեծ մասը էներգաարդյունավետության խնդիր ունի։ Ձմռան ամիսներին  տան ջերմության 30-35 տոկոսը կորում է արտաքին պատերից, մինչև 30 տոկոսը՝ տանիքից, շուրջ 15 տոկոսն էլ՝ պատուհաններից՝ ասում է էներգախնայողության աջակցման ծրագրի տնօրեն Աստղինե Պասոյանը։ Էներգաարդյունավետության խնդիր ունեն նաև  առաջին հարկում բնակվողները։ Էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանի պնդմամբ՝ խնդիրը սուր է հատկապես   խորհրդային տարիներին կառուցված բնակելի շենքներում։

«Նոր  նորմատիվներով կառուցված շենքերի ջերմային դիմադրությունը՝ կլինի պատ, առաստաղ թե այլ, խորհրդային տարիներին կառուցած շենքերի համեմատ մոտ 2 անգամ ավելի բարձր է»։

Մասնագետներն ասում են, որ հնարավորություն կա 35-50 տոկոսով նվազեցնել ջեռուցման ծախսերը, նույնիսկ այն շենքերում, որոնք շահագործման են հանձվել 1960-70-ական թվականներին։ Դա հնարավոր է անել թե՛ նոր պատուհաններ տեղադրելով, թե՛ դրսի պատերը՝ ջերմամեկուսիչ ծածկերով պատելով։

Արթուր Ավետիսյան․ «Տարբեր ջերմամեկուսիչ նյութեր կան, աշխարհում այդ ոլորտը բավականին առաջ է գնացել։ Ժամանակին բոլորիս հայտնի էր միայն պենոպլաստը, բայց հիմա քիմիական արդյունաբերությունը շատ է զարգացել, ու եթե այն ժամանակ օրինակ պատի վրա պետք էր լինում ավելացնել 5 կամ 10 սմ հաստությամբ ինչ-որ շերտ, մեր օրերում 3-4 սմ շերտ ավելացնելով կարելի է հասնել ավելի լուրջ արդյունքի»։

Էներգետիկ անվտանգության փորձագետն ասում է՝ արդյունքները և ֆինանսական, և էկոլոգիական հարթությունում են։

«Բնակիչը շահում է, որ ինքը ավելի քիչ վառելիք, էլեկտրաէներգիա կամ բնական գազ կցախսի, հետևաբար՝ կոմունալները ավելի քիչ կլինեն, իսկ մենք՝ բոլորս, շահում ենք, որ շրջակա միջավայրը մի փոքր ավելի մաքուր է դառնում»։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ  նման աշխատանքներ համաֆինանսավորմամբ կատարվում են՝ ասում է Ավետիսյանը։ Աշխատանքի մի մասը ծրագրով է ֆինանսավորվում, ծախսերի մյուս մասն իր վրա է վերցնում  քաղաքացին․ դա, ըստ էության, այն գումարն է, որը նա պետք է վճարեր գազի կամ էլեկտրաէներգիայի, այսպես ասենք, կորուստների  համար։

«Բայց սա երկարաժամկետ էֆեկտ ունի։ 3-5 տարվա ընթացքում այդ՝ այսպես ասած փոքրիկ ներդրումը վերադառնում էու որքան քաղաքացին բնակվի այդ շենքում, այնքան ավելի քիչ կոմունալ է վճարելու»։

Էներգախնայողության ու էներգետիկ անվտանգության հարցերը նաև կառավարության ուշադրության կենտրոնում են։ Գործադիրի ղեկավարն այն ռազմավարական խնդիր էր համարել  դեռ 2020-ին։

Նիկոլ Փաշինյան․ «Մենք պետք է խնդիր դնենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր բնակարանի էներգետիկ կարիքները հոգալու առումով ձգտի դառնալ մաքսիմալ արդյունավետ․ սա տնտեսական խնդիր է, սա էներգետիկ անվտանգության ու էներգետիկ անկախության խնդիր է»։

Եվրիասիական զարգացման բանկի կայունացման և զարգացման եվրիասիական հիմնադրամը Հայաստանին տրամադրել 1 մլն 719 հազար 200 դոլարի չափով դրամաշնորհ՝ կառավարության նիստին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Պետական ու համայնքային պատկանելության 20 շենքերում նախատեսվում է էներգախնայողության շուրջ  50 տոկոս աճ ապահովել, տարեկան առնվազն 3000 մեգավատ/ժամ ելեկտրաէներգիա խնայել և 700 տոննայով նվազեցնել ածխաթթու գազի տարեկան արտանետումները․

«Այս ծրագիրն արդեն մեկ փուլով իրականացվել է, բավական լավ արդյունքներ կան։ Կարևոր դետալներից է այն, որ ծրագիրը ստեղծում է շրջանառու ֆոնդ ու այն հիմնարկներում, որտեղ ծրագիրը կիրականացվի, տվյալ գերատեսչությանը, հիմնարկին հնարավորություն է տրվում մոտ 8 տարում խնայողությունների հաշվին մարել եղած գումարները՝ այդպիսով հիմնադրամին հատկացնել նոր միջոցներ, որով էլ հիմնադրամը հնարավորություն է ստանում շարունակել այս ծրագիրն այլ կառույցներում»։

Ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է, հավելում է Սանոսյանը, իրականացնողը՝Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։

Back to top button