ԿարևորՀասարակություն

Հայաստանը ՄԻԵԴ-ում գանգատների թվով 10-րդն է

Հայաստանի ու Արցախի հետպատերազմյան խնդիրները այս շաբաթ քննարկվում են մի քանի միջազգային կառույցներում:  Հունվարի 24-ից Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Աշխատանքների ընթացքում ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ: Ընտրվելուց հետո առցանց ասուլիսում նա խոսել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին: Համաճարակի ընթացքում սանձազերծված պատերազմին անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության նիստի ժամանակ: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստում է՝ Հայաստանի և Ադրբեջանի համար հետպատերազմական տարում՝ 2021-ին գանգատների աճ է գրանցվել:    

Տեքստը կարդում է Սոնա Հակոբյանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցերի թվով Հայաստանի Հանրապետւթյունը 10-րդն է: Այնտեղ քննության է սպասում 1350 գանգատ: 2021-ին ՄԻԵԴ ներկայացված հայցերի զգալի մասը առնչվում է պատերազմին և դրա հետևանքներին:

«ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի ներկայացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների թիվը նվազել է, ներկայացված գանգատների թիվը՝ աճել»:

2021-ին դատարանն ընդունել է 36 հազար վճիռ: Այդ թիվը 8 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ: ՄԻԵԴ դիմումների թվով առաջատար է Ռուսաստանը՝ ավելի քան 17 հազար, երկրորդ հորիզոնականում Թուրքիան է՝ այս երկրից Եվրոպա ուղարկված դիմումները 15 հազարից շատ են: Ադրբեջանը 7-րդն է՝ 2100 գանգատով:

Հետպատերազյան հետևանքներին վերաբերող քննարկումներ այս տարի կլինեն միջազգային այլ հարթակներւմ ևս: Հայաստանը միջազգային կառույցներում ներկայացնող  Եղիշե Կիրակոսյանը առաջիկա անելիքի ուղղություններն ու բովանդակությունը չի շտապում հրապարակել.   

«Սխալ կլինի դրա մասին խոսել այս փուլում: Մենք առաջին փուլն անցանք, հրատապ կամ ժամանակավոր միջոցների կիրառման մասին որոշումներն ունենք արդեն: Հաջորդ փուլը լինելու է ավելի մանրամասն հայցադիմումի ներկայացման փուլը, որը տևելու է, ամենայն հավանականությամբ, մեկ տարի: Դրա արդյունքում Հայաստանից ներկայացվելու է առավել խորքային և մանրամասն վերլուծություն՝ իրավական դիրքորոշումների, պնդումների և պահանջների՝ զուգորդված ապացուցողական մեծ բազայով: Աշխատանքներն արդեն սկսվել են: Այս ուղղությամբ հստակություն կունենանք, երբ անհրաժեշտ ցուցումներ լինեն Արդարադատության միջազգային դատարանից: Հետագայում սպասվում են կրկին լսումներ, քննարկումներ: Կարծում եմ, դեռ նոր է սկսվում ամեն ինչ, տարիների ընթացքում դեռ շարունակվելու է»:

Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվ Եղիշե Կիրակոսյանը երբեք չի հրապարկել, մշտապես պնդել է՝ հրապարակել սխալ է: Բայց գերիների թվի վերաբերյալ հստակ պատկերացում ունեն:

Ասում է. «Տեղեկություններ ունենք հստակ և ներկայացրել ենք դատարան: Եվրոպական դատարանի մասին է խոսքը: Նաև ՄԱԿ-ի դատարան ենք ներկայացրել: Թե՛ Ադրբեջանի կողմից հաստատված, ընդունված գերիների մասով, թե՛ չհաստատված գերիների մասով ներկայացրել ենք բավականաչափ ապացույցներ՝ տեսագրություններ, այլ ապացույցներ և այլն: Դրանք փաստում են անձանց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ լինելու, բայց այդ փաստը չընդունելու մասին»:

Պատերազմից հետո տարածաշրջանի խնդիրներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

«Զինված հակամարտություններում քաղացիական անձանց պաշտպանությունը» հարցի քննարկման ժամանակ Մարգարյանը հիշեցրել է. «Համաշխարհային համավարակի պայմաններում, հրադադարի համաձայնագրի և միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ պատերազմի սանձազերծումը նախապես ծրագրված և իրականացված գործողություն էր հայ էթնիկ բնակչության մասնակի կամ ամբողջական ոչնչացման միտումով։ Ընդգծվել է, որ որևէ խեղաթյուրված մեկնաբանություն կամ ռազմական գործողության կեղծ արդարացումներ չեն կարող հերքել ճշմարտությունը ու գոյություն ունեցող փաստերը»։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը կարևորել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը և միջազգային հանրությունը հնարավորություն և կարողություն ունենան բացահայտելու և վերհանելու միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները և ապահովելու, որ հակամարտության իրավիճակներում մարդիկ չպետք է անտեսվեն: Պետք է լինի հասանելի միջազգային օժանդակություն՝ մարդասիրության, չեզոքության, անաչառության և անկախության սկզբունքներին համահունչ։

Արցախի հարցին ու պատերազմի հետևանքներին անդրադարձ է եղել նաև ԵԽԽՎ-ում: Այս շաբաթ մեկնարկած նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ ընտրված Թինի Կոքսին հարցեր են ուղղվել առցանց ասուլիսում: Նա դեռ 2020-ին Վեհաժողովին կոչ էր արել հնարավորինս շուտ համազեկուցողներ ուղարկել Բաքու և Երևան, ինչպես նաև առաջարկել էր նախագահական հանձնաժողով ուղարկել հակամարտության գոտի: ԵԽԽՎ-ն այդպես էր վարվել ՌԴ-ի և Վրաստանի միջև արյունոտ պատերազմից հետո՝ 2008-ին:

Թինի Կոքսի հաստատումը՝ արդեն ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո. «Այո, ես, իրոք, խոսել եմ Եվրոպայի խորհրդի կողմից այս խնդրում միջամտության կարևորության մասին»:

Ինչպիսի՞ն կլինի Թինի Կոքսի կեցվածքը նոր պաշտոնում, և արդյո՞ք նա անձամբ քայլեր կձեռնարկի՝ հակամարտության գոտի համազեկուցողներ գործուղելու և տեղում հումանիտար խնդիրները պարզելու համար. հարցին եվրոպացի պաշտոնյան պատասխանում է. «Սա պարզ օրինակ է, այսպես կոչված, սառեցված հակամարտությունների, որոնք կարող են ցանկացած պահի պայթել: Սա Եվրոպայի տարածքում միակ հակամարտությունը չէ: Այդպիսիք շատ են: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք ի վիճակի կլինենք խոսել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ, որովհետև ի վերջո քաղաքական գործիչները պետք է լուծեն երկու երկրների միջև այս խնդիրները»:

Եվրոպացի պաշտոնյան հայտարարել է. «ժամանակն է. պատերազմի ընթացքում գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները»:

Ո՛չ այս հարցում, ո՛չ էլ տարածաշրջան մուտք գործելու Ադրբեջանի արգելքին հակազդելու համար հավանական որևէ ճնշման մասին ԵԽԽՎ նախագահ Կոքսը չի խոսքում: Պարզապես հորդորում է, որ երկու երկրներն ուշադիր հետևեն իրենց առաջարկություններին, խորհուրդներին, քանի որ դրանք երկուստեք կարող են օգտակար լինել խնդիրների  հաղթահարման ճանապարհին:  

ԵԽԽՎ նախագահը չի ընդունում, որ Վեհաժողովում ընդունված զեկույցն անդեմ է. այնտեղ չկա հարցի պատասխանը, թե ո՞վ է սկսել պատերազմը: Իրենց գործառույթը տեսնում է բացառապես զեկույցներ պատրաստելու և առաջարկություններ տալու մեջ: Եթե կլինեն առաջարկություններ, որ լրացուցիչ զեկույցներ պատրաստվեն՝ կաշխատեն այդ ուղղությամբ՝ խոստացավ և հստակեցրեց. ժողովրդավար կառույց են, նախագահն ինքնուրույն չի կարող որոշումներ կայացնել: 

Back to top button