ԿարևորՎերլուծական

Ճգնաժա՞մ, թե՞ կեղծ օրակարգ․ ուկրաինական լարվածության «հետնաբեմում» քաղաքագետներն այլ շահեր են տեսնում

Ուկրաինայի սահմանների մոտ աճում է ռազմական հնարավոր բախման ռիսկը։ Կրեմլը և Սպիտակ տունը փոխադարձ մեղադրանքներից փաստացի թևակոխել են ռազմական էսկալացիայի փուլ։  Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն հետ չեն քաշում զորքերը ուկրաինական սահմանից։ Եթե Ռուսաստանն, այնուամենայնիվ, զորք մտցնի Ուկրաինա, պատասխանը շատ կոշտ կլինի` հայտարարել են Վաշինտգոնից՝ ՌԴ-ին սպառնալով պատժամիջոցներով։
Քաղաքագիտական շրջանակներում թեման տարաբնույթ մեկնաբանություններ է ստանում․ մի թեւում սա համարում են խորը ճգնաժամ, մյուսում համարում կեղծ օրակարգ։

ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածությունն աճում է։ Կողմերի դիմակայության վայրը ուկրաինական հարթակն է։ ՆԱՏՕ-ն շարունակում է դաշնակիցների ուժերը մարտական պատրաստության բերել, շրջանառվում է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր լրացուցիչ ռազմանավեր, կործանիչներ ուղարկելու լուրը։ Որպես զսպման մեխանիզմ՝ օրերս ամերիկյան կողմը նաև Կիև է հասցրել 60 միլիոն դոլարի ռազմական օգնություն։ Իր հերթին Մոսկվան շարունակում է հայտարարել Կիևի կողմից Դոնբասում սադրանքների սպառնալիքի,  շփման գծում հսկայական ուժեր կենտրոնացնելու մասին։

Ըստ Կրեմլի խոսնակի`սա վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին։ Այս համատեքստում ԱՄՆ-ն և Ֆրանսիան տարհանում են Կիևից իրենց քաղաքացիներին։ Իսկ Ավստրալիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց։ Մինչդեռ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կեղծ օրակարգ է համարում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման թեման․   

«Գնում է որոշակի առճակատում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, որում Ռուսաստանը փորձում է դիրքավորվել։ Այս համատեքստում պետք է դիտարկել ուկրաինական զարգացումները։ Ռուսաստանը պահանջում է իր սահմաններից հեռու տեղակայել ՆԱՏՕ-ի ռազմական միավորումները։ Չեմ բացառում, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինան կիսել, ինչպես դա տեղի ունեցավ 2008-ին Վրաստանում։ Փետրվարի 3-ին ՌԴ նախագահ Պուտինը այցելելու է Պեկին, ռուս-չինական համատեղ հայտարարություն է սպասվում»։

ԱՄՆ-ի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ այս հարցում հստակ է` եթե լինի լարվածություն, կլինեն պատժամիջոցներ։ Քաղաքագետն այս հարցի հետնաբեմում սակայն այլ միտում է տեսնում։ Կարծում է՝ Վաշինգտոնի թիրախում ռուս-չինական ռազմական հնարավոր դաշինքի ստեղծումը կանխելն է։ Ստեփան Դանիելյանը Պեկինի Օլիմպիական խաղերի շրջանակներում Ռուսաստանի նախագահի Չինաստան սպասվող այցը դիտարկում է որպես նման դաշինք ստեղծելու առաջին քայլ եւ նշում՝ տպավորություն է, թե Ուկրաինայի հաշվին ինչ-որ առևտուր է ընթանում։

«Սկզբից դիմակայության կողմերը`ԱՄՆ ու Ռուսաստանը, փորձում են լարել իրավիճակը, որպեսզի հետո գնան ներքին փակ պայմանավորվածության, որի զոհը Ուկրաինան է։ Նույն սցենարը խաղարկվեց նաև Վրաստանի դեպքում»,-ասում է Ստեփան Դանիելյանը։

Մինչդեռ ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ենգոյանը իրավիճակը գնահատում է որպես Սառը պատերազմից հետո նոր աշխարհակարգում ստեղծված խորագույն ճգնաժամ։ Ըստ նրա` Ռուսաստանին այսօր ձեռնտու չէ պատերազմային իրավիճակ ստեղծել, դա ձեռնտու է Ուկրաինային, ԱՄՆ-ին։ 

«Ուկրաինան այսօր զուտ մարտադաշտ է, Արևմուտքը ճգնաժամը ներկայացվում է զուտ որպես ռուս-ուկրաինական, սակայն իրավիճակը պետք է դիտարկենք աշխարհաքաղաքական հարցերի համատեքստում։ Համավարակի, տնտեսական ճգնաժամի այս պայմաններում առկա լարվածությունը ձեռնտու է ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին, ՄԵծ Բրիտանիային։ Ներգրավված կողմերը հակված են լարվածությունը խորացնելու, անգամ լոկալ պատերազմի միջոցով պատրաստ են լուծելու իրենց տնտեսական խնդիրները`զերծ պահելով իրենց հասարակությունները սոցիալիական պոռթկումներից։ Պատերազմի վտանգը ակնհայտ է, Ռուսաստանին այսօր ձեռնտու չէ պատերազմային իրավիճակ ստեղծել, այն ձեռնտու է Ուկրաինային, ԱՄՆ-ին, մի նոր լարված օջախ ստեղծել և դրա օգնությամբ դուրս գալ , բարդել մեղքը Չինաստանի, Ռուսաստանի վրա։ Միակ տուժողը լինելու Եվրամիությունը, այսօր փոխվում է աշխարհի պատկերը։ Լուրջ խաղեր են գնում»։

Հունվարի 25-ին Փարիզում սպասվում է «Նորմանդական քառյակի» առաջնորդների քաղաքական խորհրդականների հանդիպումը։ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանն աջակցելու նպատակով 2014-ի ամռանը ստեղծված «Նորմանդական քառյակի» ձևաչափով վերջին տարիներին հանդիպումներ չեն անցկացվել, ուստի հունվարի 25-ի հանդիպումը լավատեսություն չի ներշնչում։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սպասվող հանդիպումը դիտարկում է բանակցությունների շարունակում հանուն բանակցությունների, այնուամենայնիվ, հուսով է, որ  իրավիճակի հանդարտեցման որոշակի քաղաքական պայմանավորվածություն ձեռք կբերվի։

Back to top button