ԿարևորՀասարակություն

Ինչ է սահմանում Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում

Հայաստանի Հանրապետության նախագահի հրաժարականից հետո տեղի է ունենալու ՀՀ նախագահի արտահերթ ընտրություն, որը սահմանում է Սահմանադրության 126-րդ հոդվածը։

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։

Ըստ Սահմանադրության ՝ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: 

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:

Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի ապրիլի 9-ին։ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում այդ օրվանից ՀՀ կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:

Արմեն Սարգսյանը նախօրեին հայտարարել է հրաժարական տալու մասին։

Back to top button