Ծովահայեր

Թանգարաններ՝ ծովերի հատակին

Խորտակված նավերի, խփված ինքնաթիռների, ջրասույզ քաղաքակրթությունների գերեզմա՞ն, թե՞ հեքիաթային թանգարան ծովերի ու օվկիանոսների հատակին։ Ի՞նչ է դայվինգ տուրիզմը և ինչպիսի՞ թանգարաններ կան ծովերի հատակին․ աշխարհի ծովերով այսօր կշրջենք միասին։

Մեր առաջին ուղևորությունը դեպի Սինայի թերակղզի է, Սուեզի նեղուց, որտեղ գտնվում է երկրորդ աշխարհամարտին խորտակված ամենամեծ ռազմական նավը։ Այն կոչվում է Սիսելգորմ։

Հայաստանում եղանակը ցածր է զրոյից,  Շարմ Էլ Շեյխում՝ 25 աստիճան Կարմիր ծովի ջուրն էլ ջերմ ու թափանցիկ։ Շարմ էլ Շեյխի կառամատույցից լույսը դեռ չբացված նավով ճանապարհ ենք ընկնում դեպի Սուեզի նեղուց։ Նավի վրա անձնակազմից բացի միայն լավ պատրաստված սուզորդներ են, անմոռանալի տպավորությունների սպասումով։

4 ժամ հետո վերջապես հասնում ենք նշանակետին։ Կայանում ենք բաց ծովի մի հատվածում, ինչը մեզ ոչինչ չի ասում բայց նավապետը լավ գիտեր կոորդինատները։ Խարսխում ենք նավն ու պատրաստվում, ստանալով ջրի տակ, 30-35 մետր խորությամբ զբոսնելու մեր վերջին ցուցումները։ Սուզվում ենք, կարճ ժամանակ անց ծովի անծայրածիր թվացող հետզհետե մգացող կապույտում ուրվագծվում է հսկայական նավը։

128 մետր երկարությամբ հսկա նավը կառուցվել և ջրարկվել էր 1940-ին, 3 մեծ ճամփորդություն էր կատարել, 4-րդ ճանապարհորդությունը երկրորդ աշխարհամարտի ժամանակ էր։ Սիսթլգորմը «Խաչակրաց արշավանք» կոչվող գաղտնի գործողության էր մասնակցում։ Մեծ Բրիտանիայից դուրս գալով՝ այդպես էլ չհասավ նշանակետին՝ Ալեքսանդրիա, Սուէզի նեղուցում ռմբակոծվեց գերմանական կործանիցչների կողմից ու անհետացավ Կարմի ծովի կապույտ խորքերում։ Տե՛ս https://3deepmedia.com/

Խորտակված ռազմանավը 1955-ին հայտնաբերում է Ժակ Իվ Կուստոյի թիմը, այժմ՝ այն թանգարան է  ծովի հատակին և հասանելի է միայն լիցենզավորված սուզորդներին։

Հսկայական նավի մոտ զբոսանքը երկու սուզումով էր։ Առաջին սուզման ժամանակ թթվածինը բավարարեց միայն մեկ պտույտ կատարելու հսկայական ռազմանավի մոտ։ Երկրորդ անգամ սուզվեցինք նավի՝ ռմբակոծված մասից և ջրային լուսարձակների օգնությամբ սկսեցինք շրջել հարկերով։ Ռազմանավը բեռնված էր բեռնատարներով, մոտոցիկլերով, զենք զինամթերքով, որոնք լուսավորելիս ականատես էինք լինում մի հեքիաթային տեսարանի, կարմիր ձկնիկները անվրդով խաղում էին տարատեսակ զինամթերքների վրա։

Այնքան էի տարվել տեսարանի կախարդական ու ոչ իրական թվացող պատկերներով, որ դուրս գալիս չհասկացա, թե ինչպես էր ձեռքիս կապն արձակվել ու տեսախցիկս իջել էր ծովի հատակը։ Ինչքան էլ ցավալի էր, բայց նկարահանածս հեքիաթային կադրերն այդպես էլ մնացին ծովի հատակին, իրենց անջնջելի հետքը թողնելով իմ մտապատկերում։

Ռազմանավի պատմության մեջ ասվում է, որ 39 հոգանոց անձնակազմ է ունեցել, առաջին հարցը որ անցնում է մտքովս «տեսնես հայեր եղե՞լ են անձնակազմում», սակայն մինչ օրս Սիստելգորմ ռազմանավի հայ ուղևոր չեմ գտել։

Երեք  տարի շարունակ  փորձում եմ ուսումնասիրել աշխարհի ջրասույզ ժառանգությունը և այդ ժառանգության մեջ՝ հայկականը։ Պարզվում է, ինձանից տարիներ առաջ ծովերը կտրելով անցել ու Կարիբյան ծովի հատակին 300 տարի առաջ խորտակված հայապատկան նավի բեկորների մոտ է սուզվել նավապետ Կարեն Բալայանը։ Իրենց ճամփորդության ու ծովահեն Ուիլիամ Քիդի համար ճակատագրական դարձած հայապատկան «Քեդեխ մերչանտ» նավի մասին Կարեն Բալայանը պատմել է նաև «Կարիբյան ծովի ծովահայերը» ֆիլմում։

Նավաբեկությունների պատմության վկաներին ծովերի հատակին տեսնելն՝ անշուշտ շատ տպավորիչ է, բայց և անդիմադրելի է ցանկությունը ծովերի հատակին շրջել ջրասույզ քաղաքակրթությունների վկաների արահետներով։

Միջերկրական ծովում՝ Ալեքսանդրիայի ծովածոցում, շատ մեծ էր գայթակղությունը տեսնելու հին աշխարհի հրաշալիքներից՝ Ալեքսանդրիայի փարոսի ավերակները, Կլեոպատրայի պալատի տարածքը՝ ծովի հատակին ինչպես և Հերակլիոն Տոնիսը․ հազարամյակների քաղաքակրթության մի աներևակայելի դրախտավայր։ Ստորջրյա դրախտավայրերից գոնե մեկը տեսնելու համար ուղևորվում եմ Միջերկրական ծով, Ալեքսանդրիայի ծովածոց։ Ալեքսանդրիայում շատ դժվար կլիներ որևէ արդյունավետ քայլ անել, եթե չհանդիպեի դոկտոր Աշրաֆ Սաբրիին, որը 14 ստորջրյա հայտնագործություն է հեղինակել Ալեքսանդրիայի ծովածոցում և բացել սուզորդական կենտրոն։ 

Աշրաֆ Սաբրի«Երբ 2000 թվականին Ֆրանսիայից եկա և ստեղծեցի այստեղ առաջին սուզորդական կենտրոնը, ոչ ոք չգիտեր, որ միջերկրական ծովի հենց այս հատվածում է Կլեոպատրայի ջրասույզ քաղաքը։ Ինձ համար դա երազի պես մի բան էր և ես կարող էի նույնիսկ այցելուներ տանել այս մեծ ու հրաշք քաղաքը, ծովի խորքում կորած ու գտնված։ Այդ տարածքից գտնվեց 12 000 հնագիտական կարևոր մասունք։ Սա արևելյան ծովածոց է, աշխարհի հնագույն ծովածոցը, որ մինչ օրս գործում է։ Այս ծովածոցը ստեղծել է Ալեքսանդր մեծը մթա 332- ին։ Ծովածոցի ներսում շատ կղզյակներ կան, իսկ ծովում՝ խորտակված բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ պալատներ, տաճարներ, որոնք ջրի տակ են անցել երկրաշարժերի պատճառով։ Այստեղ Մարկոս Անտոնիոսի ամառային պալատի տարածքում հայտնաբերել ենք երկրորդ համաշխարհայինի ժամանակ կործանված ռմբակոծիչ։ Կարելի է ասել, որ ծովի այս հատվածը թաքստոցն է պատմական բազմաշերտ վկայությունների։   

Ես հայտնաբերել եմ Կլեոպատրայի ընթրիքի սեղանը։ Երբ գտա այն լուրջ հետազոտության կարիք ուներ, կանչեցի իմ ընկեր Ֆրեն Գոդիոյին, նա ջրի երես դուրս բերեց այն և սկսեցինք ուսումնասիրել։ Երբ արդեն ափին էր ու վստահ էինք, որ գտածոն հենց Կլեոպատրայի քարակերտ սեղանն է, իմ խմբի հետ դանակ պատառաքաղով կահավորեցինք այն և մեր հայտնագործության առիթով տոնական ընթրիքն այդ քարակերտ սեղանի շուրջ կազմակերպեցինք։ Ալեքսանդրիայի ծովածոցում ես շատ հայտնագործություններ եմ արել, բայց դեռ ինչքա՜ն բան կա այստեղ բացահայտելու։

Եվ այսպես, դոկտոր Աշրաֆի խումբը Կլեոպատրա կոչվող նավակով ինձ ուղեկցում է իմ հերթական երազանքը տեսնելու։ Սուզվում եմ ուղեկցորդի հետ, որը քաջածանոթ է տեղանքին։ Նավակից շուրջ 200 մետր հեռանալով՝ մոտ 10 մետր խորության վրա հայտնվում ենք մի հեքիաթային վայրում, այստեղ հսկայական գլանաձև քարե սյուների բեկորներ են ու Ալեքսանդրիայի փարոսի ավերակները։

Տեսարանի վեհությունը կարծես հավասարեցնում է ժամանակների տարբերությունը, չկա անցյալ, ապագա, միայն ներկան է ու քո աչքի առաջ։ Ակամայից սկսում եմ մտածել քվանտային ժամանակի իրողության շուրջ և սթափվում եմ միայն լայն բացած աչքերով ինձ նայող ուղեկցորդի հայացքից։ Անցած փորձից վախեցած, այս անգամ տեսախցիկս կրկնակի կապերով եմ ամրացնում ու սկսում նկարահանել։

Ալեքսանդրիայի Ծովածոցը ստորջրյա ամենամեծ թանգարաններից մեկն է, որտեղ կհանդիպես և՛ տարբեր քաղաքակրթությունների վկայությունների ու հուշարձանների, և՛ խփված  ինքնաթիռների ու խորտակված նավերի։ Ինչքան էլ Միջերկրական ծովի ջրասույզ հուշարձանները գրավիչ են, հայերիս համար առաջնահերթությունը հայկականն է ու հայկականի փնտրտուքը։

Հայկական սուզորդական «Արմդայվինգ» ընկերությունը զբոսաշրջային ուղևորություններ է կազմակերպում աշխարհի ծովերով, ավելի շուտ՝ ծովային թանգարաններով։ Արտագնա զբոսաշրջային նախագիծը, որը կոչվում է  «Ծովից-ծով», արդեն 7 տարի տարբեր ծովերում ու լճերում, ջրասույզ թանգարանների գրավչությունն է բացահայտում հայ սուզորդների համար, միաժամանակ՝ Սևանի գրավչությունն առաջարկելով օտարերկրացի սուզորդներին։

Ծովերում ու օվկիանոսներում բացջրյա թանգարաններից բացի գործում են նաև փակ թանգարաններ, այդ թանգարաններից մեկի այցելուն պատմական գիտություների դոկտոր Ամատունի Վիրաբյանն է։

«Մալազիայում մտել եմ օվկիանոսի տակ։ Սուզորդական հանդերձանքի կարիք չկար, կառուցված էր ապակուց։ Ջրի տակ կառուցված այդ թանգարանում դու կարող էիր տեսնել ծովերի և օվկիանոսների իրական կյանքը, շրջելով այդ ապակեպատ տարածքում՝ ծանոթանում էիր ստորջրյա բուսականությանը, տեսնում էիր կողքովդ և գլխավերևումդ լողացող ձկներին»։

«Սևանը կարո՞ղ է ունենալ ստորջրյա թանգարան և հյուրընկալել զբոսաշրջիկների» այս հարցի շուրջ արդեն 7 տարի կան մտորումներ, բայց քայլեր՝ դեռ ոչ։

Ամատունի Վիրաբյան«Այդպիսի ծրագիր կար Սևանում ստեղծելու ստորջրյա թանգարան, մեր նախկին նախարարներից մեկը՝ Արմեն Ամիրյանն այդպիսի ծրագրեր ուներ 2016-17 թթ, բայց՝ ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, նա աշխատանքից ազատվեց և ծրագրերն էլ մնացին անկատար»։

Մեկ այլ գրավչություն է բնության հուշարձանների մոտ շրջելը, որոնց գեղեցկությունը կարծես թե պահպանվել են միայն ջրե ծածկոցի շնորհիվ։ Հայկական լեռնաշխարհի լճերում և աշխարհի ծովերում թաքնված ստորջրյա բնական հուշարձանների մոտ միասին կշրջենք մեր հետագա թողարկումներում։ 

Back to top button