ԿարևորՀասարակություն

Սփյուռքում դասագրքերի խնդիր կա․ Հանձնակատարի գրասենյակում մտահոգված են

Եկատերինբուրգի կիրակնօրյա հայկական դպրոցի տնօրեն Արմեն Բաղդասարյանն այս տարի ստիպված համայնքից է միջոցներ հավաքել ու եկել Հայաստան՝ դպրոցի համար դասագրքեր ձեռք բերելու նպատակով։

«Մինչև 2018 թվականը Սփյուռքի նախարարության հետ շատ լավ աշխատում էինք, մեզ մեծ քանակի գրքեր, ուղեկցող նյութեր էին ուղարկում։ Հեղափոխությունից հետո նախարարությունը լուծարվեց ու մենք 3 տարի է գրքերի հետ կապված խնդիրներ ունեինք։ Այս տարի եկել եմ Հայաստան, մեր միջոցներով գրքեր եմ գնել ու փոստով ուղարկել Եկատերինբուրգ»,-ասում է Արմեն Բաղդասարյանը։

Դպրոցի տնօրենն ասում է՝ երեք տարի շարունակ դիմումն ուղարկել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ։ Նրանց տեղեկացրել են, որ դիմումները փոխանցել են ԿԳՄՍ։ Բաղդասարյանը, գալով Հայաստան, կապ է հաստատել ԿԳՄՍ համապատասխան ներկայացուցիչների հետ։ Հորդորել են՝ տեղում դիմում գրել, հետաքրքրվել են, թե  հատկապես ինչ գրքերի խնդիր ունեն, նաև տեղեկացրել են, որ գրքերի տեղափոխումը պիտի իրականացվի համայնքի հաշվին։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Արմեն Բաղդասարյանը նշում է՝ այս տարի գրքերի հարցն արդեն լուծել են, ԿԳՄՍ-ն խոստացել է հաջորդ տարի դպրոցի 350 սաներին լիովին ապահովել դասագրքերով, ուղեկցող ձեռնարկներով։

Այս տարի Եկատերինբուրգի այս դպրոցը 60 նոր աշակերտ ունի, տնօրենի խոսքով՝ սա բացառիկ ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ։ Դպրոցում գործում են նաև ազգային երգի, պարի ու ազգային գործիքների տարբեր խմբակներ։ Հայապահպանության այսպիսի մի գործով էլ Փարիզի «Նուռ» կրթահամալիրն է զբաղվում։

Հիմնադիր տնօրեն Սոնա Սուրեկեն Սունգուլյանն ասում է՝ մեկօրյա դպրոցը մասնաճյուղեր ունի Փարիզի Լը Պլեսի Ռոբանսոն և Արնուվիլ արվարձաններում, Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում և Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում։

Սունգուլյանը մտահոգված է հայերենի դասավանդման հարցով, ասում է՝ դասագրքերը քիչ են, դասաժամերը ևս, քանի որ ֆրանսիայի որոշ դպրոցներում շաբաթական երկու ժամ աշակերտները հայերեն են սովորում։ Հայոց լեզվի, գրականության և պատմության դասավանդման առյուծի բաժինը գործող մեկօրյա դպրոցների ուսերին է։

Սոնա Սուրեկեն Սունգուլյան․ «Մեկօրյա դպրոցներում մայրենի 1,2,3 դասագրքերով, այբենարաններով ենք դասավանդում ու մշակած հատուկ մեթոդիկա ունենք հայ, բայց միայն ֆրանսախոս երեխաների համար»,-ասում է դպրոցի տնօրենը։

Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ Գերմանիայում միասնական դպրոցական համակարգ ստեղծել հայկական համայնքին չի հաջողվել։ Ասում է՝ գործող մեկօրյա դպրոցներն ամենաշատը հայոց լեզվի, գրականության և պատմության դասագրքերի կարիք ունեն։

«Մեր դիմումները բավարարվում են, բայց առաքումները չափազանց ուշացումով են իրականացվում։ Ես առհասարակ կարծում եմ, որ դասագրքերը քիչ են, ու Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեն դասագրքերի մեծաքանակ տպագրությամբ»,-ասում է Ազատ Օրդուխանյանը:

Ազատ Օրդուխանյանը անհանգստացած է նաև արևմտահայերենի դասավանդմամբ։ Նրա խոսքով՝  արևմտահայերեն դասագրքեր պիտի հրատարակվեն, պիտի լեզվին տիրապետող մասնագետներ պատրաստվեն ու գործուղվեն Սփյուռք։

«Մենք Հայաստանից արևելահայերեն դասագրքեր ենք ստանում, քանի որ համայնքային կառույցներում աշխատող ուսուցիչները ՀՀ-ում են ստացել կրթություն և արևելահայերենի են տիրապետում։ Բայց պիտի արձանագրենք, որ կարիքը կա, ահազանգ եմ իմ կողմից հնչեցնում, որ պետք է ամեն ինչ անել լեզվի կորուստը կանխելու համար։ Մենք Գերմանիայում ունենք նվիրյալներ, բայց այդ աշխատանքը շատ քիչ է»,-ասում է Օրդուխանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ի պատասխան «Ռադիոլուրի» հարցերի, հստակեցրեց՝ կրթական գործառույթը, այդ թվում դասագրքերի տրամադրումն ու տպագրությունը, իրականացնում է ԿԳՄՍ-ն։ Սինանյանը նշեց, որ վերջին շրջանում բազմաթիվ դժգոհություններ է ստանում հատկապես ՌԴ հայկական համայնքներից, որ դասագրքերը  ուշ են հասնում դպրոցներ։

«Սփյուռքի դպրոցների վիճակը, ընդհանուր առմամբ, շատ վատ է, մեր դպրոց ները փակվում են։ Օրինակ՝ Մերձմոսկովյան տարածքում 800 հազար հայ է ապրում, բայց գեթ մեկ հայկական դպրոց չունենք, բացի առաջնորդարանին կից դպրոցը»,-ասում է Զարեհ Սինանյանը։

Սինանյանը մտահոգված է նաև արևմտահայերենի պահպանման հարցով, կարծում է, որ այս ուղղությամբ լուրջ քայլեր է հարկավոր ձեռնարկել, և ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում։  Զրուցակցիս դիտարկմամբ՝ Սփյուռքի համայնքները ինչ-որ ժամանակ անց կարող են այլևս չլինել, բայց Հայաստանի սահմաններից ներս արևմտահայերենը չպիտի մեռնի։ ։

Back to top button