ԿարևորՄշակույթ

Ոչ թե Կինեմատոգրաֆիստների, այլ արդեն Կինոգործիչների միություն․ ինչպես կփոխվի երկրի «ֆիլմային» կյանքը

15-րդ համաժողովը վերջինն էր, որի ժամանակ կինոյի մարդկանց միավորող միությունը կոչվում է «կինոմատոգրաֆիստների»։ Միությունը միաձայն վերանվանվեց «Կինոգործիչների միություն»:  միության 15-րդ համաժողովին բացատրեցին, որ նախորդ ձևակերպումը ճիշտ հայերեն չէր և միջազգային հարթակներում ներկայանալիս խնդիր էր առաջացնում՝ չէր նկարագրում միության բովանդակային գործունեությունը։

 Համաժողովին միության 153 անդամներից ներկա էր 108-ը։ Օրակարգի առաջին կետով միության նախագահի խորհրդականը՝ Արայիկ Մանուկյանը, ներկայացրեց նախորդ 4 տարվա հաշվետվությունը։ Ըստ այդմ` 356 ֆիլմ ու շուրջ 18 հազար հանդիսատես. 2017-2021թվականների թվերն են։ Ամենաշատը ֆիլմեր ցուցադրվել են 2018-ին՝ 142, ամենաքիչը՝ համավարակի պատճառով 2020-ին՝ 16 ֆիլմ։

Միության տարբեր ծրագրերի ընթացքում տեղի է ունեցել 53 հանդիպում, ներկա` 5724 հանդիսական։ Այդ ծրագրերից են՝ «Կինոզրույցներ», «Կինոն դպրոցականների համար», «Անկախության կինո», «Երիտասարդական կինո», «Հոբելյաններ», «Արցախ, բանակ, զինվոր» շարքերը, կինոգիլդիաների կազմավորումը և առաջին մրցանակաբաշխությունը։

 Մարզային գործակցության արդյունքում Վանաձորում և Գյումրիում բացվել են միության մասնաճյուղերը, իսկ այդ քաղաքների կինոգործիչների կողմից ստեղծված ֆիլմերը ցուցադրվել են Երևանում։ Արայիկ Մանուկյանը կարևորեց նաև միջազգային գործակցությունը. ամենաառարկայականը` ռուսական, իրանական, իտալական և հարավկորեական կինոշուկաների հետ։ Կարևորագույն ձեռքբերում է Ազգային Սինեմատեք թանգարանի բացումը։ Միությունը նաև շինաշխատանքներ է իրականացրել՝ վերանորոգել դահլիճները, սանհագույցներ, իսկ 57 հազար եվրոյով ձեռք է բերվել վերջին սերնդի կինոարտադրության տեխնիկա։  Միության 4 տարվա ծախսերը կազմել են շուրջ 333 միլիոն դրամ, որից օրինակ՝ 28 միլիոնը հարգանքի տուրքին ուղղված տարբեր միջոցառումների համար։

Ծախսերն ամփոփ ներկայացնում է միության գլխավոր հաշվապահ Լուսինե Բոյաջյանը, շեշտելով` վարձակալության ծախսը կրճատելու հաշվին միությունը գումար է խնայել․

«Առաջընթաց ունենք տարածքների վարձակալության հարցում, 117 միլիոն 292 հազար դրամ վարձի վրա ենք ծախսել, 2018 թվականից սկսած` վերանայվել են բոլոր վարձակալական պայամանագրերը, և շահավետ պայմաններ են ստեղծվել միության համար։ Կարևորագույն ձեռքբերումներ են նաև տնտեսումները, աշխատավարձային ֆոնդը 2013-2017 թթվականների համար 175 միլիոն է եղել, իսկ 2017-2021-ի համար 130 միլիոն, բենզինի ծախսը 2013-2017 թթ 9 միլիոն է կազմել, իսկ 2017-2021թթ 2 միլիոն, տպագրական ծախսերը նախկինում 37 միլիոն էին, իսկ հիմա 1 միլիոն, ավտոմեքենայի վերանորոգման վրա առաջ 6 միլիոն դրամ է ծախսվել, իսկ վերջին 4 տարիներին ոչ մի ծախս չի արվել։ Դրա փոխարեն օգնության ծախսերն են ավելացել, դրամական աջակցություն ենք ցուցաբերել նաև ըստ դիմումների, բավականին մեծ աշխատանք է եղել 2020-ին, համավարակի պատճառով մարդիկ չէին աշխատում և կենսապայմաներ ստեղծելու համար աջակցություն են ստացել»,-ասում է միության գլխավոր հաշվապահը։

Բավարարից ավելի. վերահսկիչ հանձնաժողովի   գնահատականն է միության վերջին 4 տարվա աշխատանքին։  Միության նախագահ Հարություն Խաչատրյանը, որը տնօրենի միակ թեկնածուն էր, միաձայն կրկին 4 տարով վերընտրվեց այսուհետ արդեն  «Կինոգործիչների միության» նախագահ։

 Հարություն Խաչատրյանը  2013-ին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։ Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ է։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը և մինչև 2018-ը եղել փառատոնի գլխավոր տնօրեն։

Խաչատրյանն էլ խոսեց. անդրադարձավ դատական 2 գործընթացներին, որոնց մեջ վերջին մեկ տարում ներքաշվել է․

 «Մեր մուտքի տարածքն ապօրինաբար գրավել էին, աստիճանները քանդել էին սրճարանատերերը, մենք դատի տվեցինք նրանց,  և ասեմ, որ հաղթել ենք դատը, մեր հայցը բավարարվել է, և մեզ է վերադարձվել մուտքի տարածքը,  մեզ է տրամադրվել  դիմացի հատվածը, որտեղ, ինչպես պլանավորել ենք, ստեղծելու ենք աստղերի պուրակ։ Հաջորդ դատը ներքին բակի հատվածի համար է, որտեղ ապօրինաբար փորձում են կառուցել գարեջրատուն։ Դատական պրոցեսն ընթանում է, չգիտեմ ինչ կլինի ավարտը, մեզ մեր լրագրող ընկերները շատ են օգնել, շնորհակալ ենք, հույս ունենք, որ այս պայքարում էլ կհաղթենք»,-ասում է Հարություն Խաչատրյանը:

Խնդիրների կողքին անավարտ շատ գործեր է թվարկում Խաչատրյանը։ Շուտով նոր տեխնիկա կունենան, միության շենքի և Մալյան թատրոնի ջեռուցման հարցերը կլուծվեն։ Շատ անելիք խոստանում ու պաշտոնավարման նոր ժամկետը շնորհակալությամբ է սկսում Կինոգործիչների միության նախագահը։

Back to top button