ԿարևորՀասարակություն

Գունավոր հեռուստատեսության ու «գունավոր» ռադիոյի հիմնադիրները. նոր անուններ «Ռադիոտան» ճեմուղում

Հայաստանի Հանրային ռադիոյի դիմաց՝ «Ռադիոտան» նվիրյալների ճեմուղում, այսօր ևս երկու «աստղային» պատվո քար է բացվել։ Գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից մեկի` Հովհաննես Ադամյանի և, ինչպես ասում են, գունավոր ռադիոյի հիմնադիր Սուրեն Քոչարյանի հուշաքարերն այսուհետ անցորդներին պատմելու են հայկական 95-ամյա ռադիոյի ու 65-ամյա հեռուստատեսության պատմության ամենագունավոր անուններից ու էջերից ևս երկուսի մասին։

«Աշխարհն իսկապես երփներանգ է, սև ու սպիտակ չէ։ Բայց ժողովրդիս պատմությունն, ավաղ, միշտ երկգույն է եղել։ Գույների կարիք շատ ունենք։ Ուրեմն էլ որտե՞ղ, եթե ոչ Երևանում պետք է մեկնարկի գունավոր հեռուստատեսության նախագիծը»․ մեջբերում  մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Ադամյանից, ով հետագայում պետք է հիշվեր որպես գունավոր հեռուստատեսության հիմնադիր։

Ժամանակակիցներն ասում էին՝ նա մարդ է, ով սիրում է երազել, իսկ Շիրվանզադեն նրան հավերժ ուսանող էր անվանում։ Ադամյանը հրաշալի նկարում էր, երաժշտություն էր սիրում, շախմատի նրա մշտական խաղընկերները Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստներն էին, այդ թվում՝ Ալեքսանդր Ալյոխինը։ Իսկ Փարիզում  շախմատային մղումը նրան տարավ աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ հանդիպման։ Բայց պատմության մեջ Ադամյանը պիտի մնար երբևէ ամենագունավոր գյուտով։ Ամենագունավոր՝ բառի ուղիղ իմաստով։

1918-ին Ադամյանը ստեղծեց առաջին սարքը, որը ցուցադրում էր սև ու սպիտակ անշարժ պատկերներ, բայց «ախր, աշխարհը միայն սև ու սպիտակ չէ. այնքա՜ն գեղեցիկ գույներ կան»՝ ասում էր։

«Հովհաննես Ադամյանը շատ կապված է եղել Հայաստանի և հայ մշակույթի հետ՝ երբևէ չապրելով Հայաստանում: Նա շատ հաճախ ու երկար ժամանակով գալիս էր Հայաստան և որոշել էր իր հիմնական գյուտը գրանցել Երևանում։ 1925թ. հատուկ եկավ Երևան, ԵՊՀ-ում դասախոսություններ կարդաց և իր հետ բերած սարքերով լսարանում կատարեց այդ փորձը՝ մի լսարանից մեկ այլ լսարան էլեկտրականության միջոցով փոխանցեց գունավոր պատկեր։ Սա արեց Երևանում, որ հենց Երևանից տարածվի այդ լուրը»,-ասում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Այդ իրադարձությունը դարձավ ամենահայտնի լրատվականների թոփ թեման․ Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում գիտափորձ է կատարվել՝ աշխարհում որպես այդպիսին առաջին անգամ։ Լուրն արագ տարածվեց։ Հետո պետք է այդ գյուտը բնորոշվեր որպես գունավոր հեռուստատեսության «նախահայր»։

Գունավոր հեռուստատեսության ու, ինչպես ասում են, «գունավոր» ռադիոյի հիմնադիրների անուններն արդեն Ռադիոտան ճեմուղու անունների «աստղացանկում» են՝ ռադիոյի և հեռուստատեսության այլ նվիրյալների անունների կողքին․ այստեղ արդեն նաև նրանց «պատվո քարերն» են։ 

Եթե Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության, ապա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանը, վստահաբար, «գունավոր» ռադիոյի հիմնադիրն է․ բնորոշումը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանինն է։

«Երբ Սուրեն Քոչարյանը բեմում էր լինում, ոչ թե ձայնագրման տաղավարում, նրա արածը, միևնույն է, խորապես ռադիո էր․ պատկերացրեք՝ վարագույրը բացվում է, լույսը միանում է, և բեմի վրա միայն մի աթոռ է։ Դուրս է գալիս մարդ, ցուցադրաբար հանում ակնոցը ու․․․ 3 ժամ «Ոդիսական»՝ անգամ առանց աթոռից վեր կենալու։ Սուրեն Քոչարյանը, բեմի մարդ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ամենառադիոյական ժանրերից մեկի՝ ռադիոմոնոներկայացման հիմնադիրն է»։

Հայաստանի Հանրային ռադիոյի ձայնադարանում Սուրեն Քոչարյանի ավելի քան 70  ռադիոելույթ է պահվում։ Հուշաքարի բացման առիթով Հանրային ռադիոն թողարկել է «Սուրեն Քոչարյան․ ընտրանի» ձայներիզը։ Առաջին օրինակը Հանրային ռադիոյի տնօրենը մաեստրո Ռուբեն Մաթևոսյանին է նվիրում։  Ընտրանիում ասմունքող, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սուրեն Քոչարյանի ձայնով հնչում են Թումանյան, Սայաթ-նովա, Սահյան, Տերյան, Կապուտիկյան։ Բայց նախ՝ հեքիաթներ։

Սուրեն Քոչարյանը նախ և նաև հեքիաթի մարդ էր։ Նրա ձայնը գալիս է բոլորիս մանկության ամենախորը ու ամենալուսավոր հիշողություններից․ վաստակավոր լրագրող, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վարուժան Օլքինյանը հիշում է՝ երբ փոքր էր, Թբիլիսիում հանդիպել է Քոչարյանին ու դա իր համար պատիվ է համարում։ Մինչ այժմ զարմանքով է պատմում այն, ինչից ժամանակին վրացական լսարանն էր զարմացած։

«Թիֆլիսում ապրածս տարիներին անձամբ եմ լսել՝ ինչպես էր Սուրեն Քոչարյանը երկու երեկո անընդմեջ վրացական հեռուստաընկերությամբ վրացերեն անգիր կարդում Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։ Ամբողջ Վրաստանը ցնցված էր․ հայը եթերում կարդում է վրացերեն «Վագրենավորը» և առանց թղթի․ իսկապես հրաշքի պես մի բան էր»,-պատմում է Վարուժան Օլքինյանը։

Ռադիոտան դիմացի պուրակի «աստղերի» վրա ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում բացառիկ ներդրում ունեցած և ոլորտում բեկում մտցրած մարդկանց անուններն են։ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Արամ Սուքիասյանը խորհրդանշական է համարում, որ ճեմուղին հենց Ալեք Մանուկյանի վրա է՝  Ռադիոտան դիմաց ու նաև համալսարանական միջավայրում։

«Այստեղ անուններ են, որոնցով մենք միշտ հպարտանում ենք․ նրանք ներկայացնում են ազգն ու հայրենիքը։ Այստեղ ոչ միայն հայ իրականության մեջ ավանդ ունեցող մարդիկ են, այլև միջազգային, համաշխարհային, սովետական շրջանի համար նշանակալի մարդիկ։ Նրանք մեր ազգային հարստությունն են, և ես շատ ուրախ եմ, որ ինչ-որ կերպ նրանք հավերժանում են»,-ասում է Սուքիասյանը։  

Երևանի սրտում՝ Ալեք Մանուկյան 5-ում, շուրջ 5 տասնյակ «աստղ» կա արդեն։ Ռադիոտան կոլորիտային միջավայրը նաև հայկական 95-ամյա ռադիոյի ու 65-ամյա հեռուստատեսության անունների «աստղացանկով» է հարուստ։

Back to top button