ԿարևորՀասարակություն

Հրատապ լուծումներ՝ Ճակատենի և ճանապարհային խնդրի առաջ կանգնած մյուս գյուղերի համար

Կապան-Ճակատեն ավտոճանապարհին նոյեբերի 15-ի կեսգիշերից ադրբեջանական անցակետի տեղադրումը լուրջ խնդիրներ է ստեղծել մարզի համար։ Ճակատեն, Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղեր հասնելու համար քաղաքացիներն արդեն պետք է անցնեն Մեղրի-Շվանիձոր ճանապարհով, որը նախկին ճանապարհի համեմատ երկարում է 140 կիլոմտերով։ Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ համայնքապետարանների հետ շուրջօրյա կապի միջոցով համակարգելու առաջացած խնդիրները։ Առաջնահերթորեն դիտարկվել են սննդի մատակարարման, առողջապահական եւ կրթական խնդիրները։

Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական անցակետերի տեղադրումից հետո Կապան ու Գորիս համայնքների գյուղերում ստեղծված իրավիճակը քննարկելու,  խնդիրներին արագ արձագանքելու, բնակիչների կարիքների սպասարկումը կազմակերպելու նպատակով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Համայնքապետարանների հետ համագործակցությամբ շտաբը շուրջօրյա ու օպերատիվ կերպով կզբաղվի առաջ եկած խնդիրներով՝ պահելով կապը բնակիչների հետ։

Ճակատեն, Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերը մոտ 800 բնակիչ ունեն։ Մինչ նոր այլընտրանքային ճանապարհի  կառուցումը՝ երթեւեկը պիտի կազմակերպվի Մեղրի-Շվանիձոր ուղիով։ Ճանապարհն այսպիսով երկարում է մոտ 140 կմ-ով։ Ծավի տարածաշրջանում գործում է 4 դպրոց։ Երկուշաբթի դասերը մասամբ կազմակերպվել են հեռավար՝ «Ռադիոլուրին» ասաց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը։

«Ներքին Հանդ եւ Ծավ բնակավայրերի դպրոցներում լիարժեք առկա ուսուցում է կազմակերպել, որովհետեւ այդ գյուղերում չունենք այլ տեղերից եկող ուսուցիչներ։ Շիկահողում կազմակերպել ենք հեռավար կրթություն, վաղվանից  կլինի մասնակի հեռավար, քանի որ ուսուցիչների մի մասը այլ գյուղից են գալիս, իսկ նրանք, ովքեր ապրում են գյուղում, առկա կպարապեն դասերը։ Ճակատենի դպրոցում  լիարժեք հեռավար  կրթության ենք անցել, քանի որ Ճակատենը Կապանին ամենամոտ բնակավայրն է, եւ  ուսուցիչները Կապանից էին գալիս դպրոց։ Բոլոր աշակերտներին տրամադրել ենք անհրաժեշտ սարքավորումներ, ոչ մի խոչընդոտ չկա հեռավար ուսուցումը կազմակերպելու»։

Արդյո՞ք մինչեւ այլընտրանքային ճանապարհի կառուցումը այս դպրոցներում ուսուցումը կիրականացվի հեռավար․ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետի՝ փորձում են կազմակերպել, որ այլ վայրերից եկող ուսուցիչները մնան գյուղերում։ Հայկ Հարությունյան․

«Ինձ թվում է՝ բոլորը գիտեն, որ սյունեցիներն առավել քան այս պահին հայրենասեր են։ Ունենք ուսուցիչներ, որոնք պատրաստակամություն են հայտնել  գնալ, մնալ այդ գյուղերում եւ դասավանդել աշակերտներին»։

Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն, Ծավ  գյուղերի բնակիչների ամբուլատոր բուժսպասարկումն իրականացնում է Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը՝ իր բուժակ-մանկաբարձական կետերով։ Շտապօգնության ծառայությունն իրականացնում է «Կապանի բժշկական կենտրոնը»։  Այժմ Ճակատենի տարածաշրջանի գյուղերից  կանչերը ժամանակավորապես կհասցեավորվեն Մեղրիի բժշկական կենտրոնին։ Բացի սրանից՝ գյուղերից մեկում կտեղակայվի շտապ օգնության կայան՝ տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից։ Մեղրիի բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը տեղեկացրեց, որ շտապօգնության մեքենան արդեն ճանապարհվել է Ծավի ենթաշրջան։

«Շտապ օգնության մեկ մեքենա եմ տրամադրել։ Արդեն այդ տարածաշրջանում է։ Այդ գյուղերում աշխատում են պրոֆեսիոնալ բուժակ–բուժքույրեր։ Նրանք կկազմակերպեն առաջին բուժօգնությունը, այնուհետեւ անհրաժեշտության դեպքում  մարդկանց կտեղափոխեն Մեղրիի բժշկական կենտրոն։ Մեր ամենահեռավորը գյուղի հեռավորությունը 30 կմ է, իսկ այսպես մինչեւ Ծավ 60 կմ է։ Այդ նպատակով շտապօգնության մեքենա տրամադրեցինք այդ գյուղերին։ Պատրաստ ենք նաեւ խիստ անհրաժեշտության դեպքում բժշկական բրիգադով ընդառաջ գնալ նրանց»։

Այս գյուղեր սնունդ մատակարարողկազմակերպությունները շարունակում են բնականոն աշխատել, թեեւ ստիպված են շատ ավելի երկար ճանապարհ անցնել։ Ծավ գյուղում հացի արտադրամաս ունեցող Արսեն Աղաջանյանը շեշտում է՝ հացի մատակարարման խնդիր չի լինի։

«Ներքին Հանդը ճանապարհի վրա է, օրումեջ ենք հաց առաքում, մարդիկ առնում են։ Նույն գրաֆիկով տարվելու է, կարողություններ ունենք, անհրաժեշտության դեպքում կարող ենք շատ թխել»։

Ադրբեջանական հենակետի պատճառով ճանապարհային հաղորդակցության լուրջ խնդիրների առաջ կանգնած գյուղեր հասցնող այլընտրանքային ճանապարհի կառուցումն օրախնդիր է՝ ասում են մարզպետարանից։ Երկու օր է՝ սկսվել է Ճակատեն-Գեղանուշի պոչամաբար ընկած տարածքով նոր այլընտրանքային ճանապարհի կառուցումը, որով Ճակատեն գյուղը եւ մյուս 4 բնակավայրը կկապվեն  Կապանի հետ։ Կառուցվելիք նոր այլընտրանքային ճանապարհը 90-ականներին անվտանգության նկատառումներից ելնելով բացված՝ Գեղանուշ գյուղով անցնող ռեզերվային ճանապարհի հետ կապ չունի։ Ներկայում դա հնարավոր չէ շահագործել, անանցանելի է։  Նոր ալընտրանքային ճանապարհը կառուցվի հիմնականին զուգահեռ եւ, ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության, պատրաստ կլինի տարեվերջին։

Back to top button