ԿարևորՀասարակություն

Գյումրիի նոր քաղաքապետը Վարդգես Սամսոնյանն է, ովքեր են նրա տեղակալները՝ դեռ հայտնի չէ

Գյումրիի նոր քաղաքապետը Վարդգես Սամսոնյանն է ՝ «Բալասանյան դաշինք» կուսակցությունից։ Նա քաղաքապետ է ընտրվել այսօր՝ նորընտիր ավագանու անդրանիկ նիստում։ Ով է լինելու քաղաքապետը՝ շաբաթ օրվանից արդեն հայտնի էր, ովքեր կլինեն նրա տեղակալները՝ մնաց անորոշ նաև ավագանու այսօրվա նիստից հետո։

Գյումրու սերնդափոխված ավագանու անդրանիկ նիստն է, քաղաքապետ են ընտրելու։ Միակ թեկնածուն՝ «Բալասանյան դաշինք» կուսակցության առաջին համար Վարդգես Սամսոնյանն է։ Նա զբաղեցնում էր Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի պաշտոնը։

 Ավագանու 33 անդամից ներկա էին 32-ը․ 24–ը կողմ էին, որ Վարդգես Սամսոնյանը դառնա քղաքապետ, 8-ը՝ դեմ։ Նոր ընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյան․

«Վստահ եմ՝ 5 տարվա ճանապարհը, որն անցնելու ենք միասին, մեզ հնարավորություն և իրավունք է տալու պարզճակատ կանգնել մեր համաքաղաքացիների առջև և փաստել, որ արել ենք հնարավորն ու անհնարը՝ ավելի լավ Գյումրի ունենալու համար»։

Սամսոնյանին կողմ էին քվեարկել հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների՝ ավագանի անցած անդամները։ Այս ուժերը նախօրեին հուշագիր էին ստորագրել այն մասին, որ  քաղաքապետի թեկնածու առաջադրելու է «Բալասանյան դաշինք»–ը, իսկ փոխքաղաքապետի 2 թեկնածուններին՝ «Քաղաքացիական պայնմանագիր»–ը։  

 Օրակարգի հաջորդ՝ հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման հարցը չդրվեց քվեարկության; ՔՊ –ից ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանն առաջարկեց հարցը հետաձգել մինչև հաջորդ նիստ, քանի որ վերոնշյալ հուշագրով կողմերը պարտավորվել էին համաձայնեցված կադրային քաղաքականութուն վարել․

«Մենք ստանձնել ենք համատեղ պատասխանատվություն՝ քաղաքի կառավարման համար»։

Քվեարկությամբ որոշումն ընդունվեց: «Զարթոնք» կուսակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանին վրդովեցրին և՛ առաջարկը, և՛ կողմ քվեարկությունը, և՛ դրա արդյունքներն ընդունելու՝ քաղաքապետի պատրաստակամությունը:  «Զարթոնք», «Հանրապետական» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ավագանու անդամները իրենց խաղից դուրս զգացին։ 

«Զարթոնք» կուսակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյան․ «Պարո՛ն քաղաքապետ, դիմում եմ Ձեզ, խնդրում եմ՝ առաջին իսկ օրվանից ամեն հարցում այդպես արագ չգնալ կոմպրոմիսի: Բոլորս էլ էստեղ հասկանում ենք, որ էնպես չէ, որ ցանկացածիս առաջարկությունը պետք է ընդունվի: Ամեն մի հարցի էսպես ի միջիայլոց չհամաձայնեք: Ինչո՞ւ չպետք է այսօր ընտրեինք: Սա անհասկանալի է, ժամկետի սղությունը հիմնավոր պատճառ չէ: Թող այլ պատճառաբանություն բերվի»։

Թե ովքեր են լինելու Գյումրիի ՔՊ-ական փոխքաղաքապետերը, Վարդգես Սամսոնյանն անուններ չհնչեցրեց․

«Դեռ քննարկման փուլում է»։

Նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը կկայանա 3 օրից՝ նոյեմբերի 4-ին: Ավագանու հաջորդ նիստը դեկտեմբերի 3-ին է:

Back to top button