ԿարևորՀասարակություն

Ռուսերենը՝ հանրակրթակա՞ն, թե՞ ռուսական դպրոցում․ ԿԳՄՍ-ն հետաքրքրվում է, փորձագետները՝ անհանգստանում

Հայաստանում ռուսական դպրոց, Ռուսաստանում՝ հայակական դպրոց բացելու ցանկություն գուցե կա, քննարկում՝ դեռ ոչ․ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը այսպես է արձագանքել վերջին օրերին լայնորեն քննարկվող՝ ռուսական դպրոց բացելու թեմային։ Դումանյանը նշում է՝ լեզուները, մասնավորապես ռազմավարական դաշնակցի լեզուն, խորությամբ իմանալն անհրաժեշտ է, սակայն այդպես էլ չի հստակեցնում՝ ռուսական դպրոց Հայաստանում կբացվի՞, թե՞ ոչ․

«Նման հարց օրակարգում չկա։ Վստահ եղեք, այս պահին, նման հարց օրակարգում չունենք, բայց ցանկություն ունենք օտար լեզուները զարգացնել՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ինչո՞ւ ոչ»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արտերկրում ապրող ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում օրերս հայտարարել էր, թե Հայաստանը հետաքրքրված է ռուսաց լեզվի դիրքերն ամրապնդելու նախաձեռնությամբ։

Լավրովը նշել էր, որ Տաջիկստանում կբացվի հինգ ռուսական դպրոց, նման ծրագրեր ունեն նաև Ուզբեկստանի համար։ Նաև հավելել էր․ «Վերջերս Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում»։

Վահրամ Դումանյանը ռուս արտգործնախարարի հետ որևէ շփում չի ունեցել։ Հայաստանի ԿԳՄՍ նախարարն ասաց՝ ինքն էլ, քաղաքացիների նման, ռուսական դպրոցների մասին իմացել է մամուլից․

«Իրոք, ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության՝ հասկանալու համար ինչի մասին է խոսքը։ Եկեք խոսենք, հասկանանք։ Մենք կարծում ենք, որ ինչքան շատ օտար լեզուներ իմանանք, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ռուսաց լեզուն, այնքան ճկուն ու ազատ կլինենք»։

Կրթության փորձագետները Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հեռանկարը չեն ողջունում։ Ատոմ Մխիթարյանն առաջարկում է նախ հասկանալ, թե ինչ է նշանակում ռուսական դպրոց․

«Եթե ռուսական դպրոց ասելով՝ մենք հասկանում ենք ռուսերենով ու ՌԴ կրթական ծրագրով դպրոց, ուրեմն, դրան միանշանակ պետք է դեմ լինել, որովհետև դա որևէ ձևով չի նպաստելու նույնիսկ ռուսերենի մակարդակի բարձրացմանը ՀՀ–ում։ Որևէ բանով չի օգնի ո՛չ մեր կրթական համակարգին, ո՛չ ռուսական մշակույթի կամ լեզվի տարածմանը։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի դպրոցներում մենք ռուսերեն լեզվի հետ խնդիր չունենք»։

Մխիթարյանը նշում է՝ այսօրվա ավագ սերունդը ժամանակին միջազգային առաջադեմ մշակույթին ու գրականությանն առնչվել է հենց ռուսերենով, մինչդեռ այսօր երեխաների ու երիտասարդների շրջանում լեզվի իմացության մակարդակը շատ ցածր է։ Այնուամենայնիվ՝ նա կարծում է, որ ռուսական դպրոցը ոչ թե կլուծի այս խնդիրը, այլ կստեղծի նորերը․

«Հայաստանում ռուսական ծրագրով ու ռուսերենով հանրակրթակական ուսումնական հաստատություն ունենալ՝ նշանակում է ուղղակի այդ դպրոցներում սովորող մարդկանց կորցնել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Միանշանակ պարզ է, որ այդ մարդիկ իրենց ուսումը բուհերում շարունակելու համար ուրիշ հնարավորություն չունեն, քան գնալ ՌԴ։ Այսինքն՝ մենք կկորցնենք մեր այն սերունդը, որը կգնա էդպիսի դպրոցներ։ Շատ ավելի օգտակար կլինի ոչ թե 1-2 ռուսական դպրոց ունենալը, ինչպես տարբեր երկրներում է, այլ այնպես անել, որ մեր հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի, մշակույթի հարգը բարձրանա, և մարդիկ հնարավորություն ունենան ադ լեզվով շփվելու և առնչվելու ռուսական մշակույթին»։

Այժմ էլ Հայաստանում գործում են ռուսական դպրոցներ, բայց միայն երկրում տեղակայված ռուսական զորամիավորումների համար։ Դրանք 5-ն են։

Back to top button