ԿարևորՀասարակություն

5 դպրոց՝ առանց առաջին դասարանցու․ Շիրակի մարզի գյուղերում նաև մանկավարժների խնդիր կա

Շիրակի մարզում այս տարի առաջին դասարան հաճախեց 3050 երեխա: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի խոսքով՝ պատկերն հուսադրող է․ վերջին տարիներին դպրոց ընդունվողներն ավելի շատ են, քան  ավարտողները։ 

Այսուհանդերձ, մարզում կան գյուղեր, որտեղ ժողովրդագրական լուրջ խնդիր կա․ դպրոցները չունեն առաջին դասարանցիներ։ Այդպիսի դպրոցները 5-ն են։ Մի դպրոց էլ փակվել է՝ ընդամենը մեկ աշակերտ ունենալու պատճառով։

Շիրակի մարզի Շաղիկ, Ջրաձոր, Ծաղկուտ, Փոքրաշեն գյուղերի դպրոցներն այս տարի առաջին դասարանցի չունեցան։ Առաջին դասարան չբացվեց նաև Գյումրիի N 43 դպրոցում։  Իսկ Զորակերտ, Կարմրավան և Աղվորիկ գյուղերի դպրոցների առաջին դասարանցիները չեն ունենա դասընկերներ․ նրանցից ամեն մեկն իր դասարանի միակ աշակերտն է։

Շիրակի Մարմաշեն խոշորացված համայնքի Փոքրաշեն գյուղի երկրորդ և երրորդ դասարանի աշակերտներն են։ Երկկոմպլեկտ դասարանում 1 երրորդ ու 4 երկրորդ դասարանցի է սովորում․ «Համլետ Վարդանյան Ռուդիկի»

Համլետը դասարանի միակ երրորդ դասարանցին է, երազում է դառնալ տնօրեն։

Երկրորդ դասարանցիների երազանքները հայրենասիրական են, տղաները զինվոր են ուզում դառնալ, որ մեր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը պաշտպանեն։

Փոքրաշենի դպրոցն այսօր ընդամենը 19 աշակերտ ունի, բայց ուսումնական տարվա ավարտին շրջանավարտ չի ունենա։

«Ավարտողներ չունենք, իսկ 11-րդ դասարանում երկու տղա ունենք։ Անցած տարի երկու շրջանավարտ ենք ունեցել, երկուսն էլ բուհ են ընդունվել»։

Դպրոցի տնօրեն Անուշ Կարախանյանն ասում է՝ հիմնական խնդիրը ոչ թե ծնելիության անկումն է, այլ այն, որ ծնողները երեխաներին քաղաքային դպրոց են ուղարկում՝ անտեսելով անգամ ճանապարհի դժվարությունները։  

Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր գյուղի դպրոցում, որտեղ նույնպես առաջին դասարանցի չկա, խնդիրները մի քիչ տարբեր են։ Դպրոցը կառուցվել է հազիվ 20 տարի առաջ, բայց հիմա գյուղը, դպրոցով հանդերձ, տեղափոխվելու է․ պատճառը Կապսի ջրամբարն է, որի կառուցման ծրագիրը հաստատված է։ «Ջրաձորում աշակերտների թիվը քիչ է, որովհետև գյուղից արտագաղթ կա»,- ասում է դպրոցի տնօրեն Հրայր Հարությունյանը․ «Շատերը, որոնք արտագնա աշխատանքի էին գնում, ընտանիքներին էլ են տարել»։

Մարզում ամենատխուրը Գյումրիից 60 կմ հեռու գտնվող Շաղիկ գյուղի դպրոցի վիճակն է։ Դպրոցն ուներ ընդամենը 1 աշակերտ՝ երրորդ դասարանում։ Հույս ունեին, որ սեպտեմբերի 1-ին գոնե 1 առաջին դասարանցի կունենան, ու աշակերտների դպրոցում կդառնան երկուսը։  Չդարձան։ Տնօրեն Արման Ղուկասյանն ասում է՝ 10-15 տարի առաջ մինչև 25 աշակերտ են ունեցել։  

«Տարեցտարի աշակերտների թիվը նվազել է, վերջին երկու տարում ունեցել ենք այդ մի աշակերտը, երրորդ դասարանի աշակերտ էր, ծնողները տեղափոխվեցին Գյումրի»։

Դպրոցն ուներ 6 աշխատող ու ընդամենը 1 աշակերտ, հիմա՝ աշխատատեղերն էլ փակվեցին։ Տնօրենը մտահոգ է՝ նորից արտագաղթ կլինի։ Շաղիկում գրանցված է ավելի քան 30 ընտանիք, փաստացի բնակվում են տասը։ Մարզի հեռավոր գյուղերի բոլոր նորածիններին հաշվառում է նաև Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, որ հետո նաև սպասելիքները  նախանշեն։

Առաջիկա 2-3 տարում մարզի սահմանամերձ ու բարձրլեռնային գյուղերում էլ առաջին դասարանցիների խնդիր կլինի․ «Կոնկրետ Շաղիկում  կա մեկ երեխա, որը մեկ տարեկան է»։

Մարզի հեռավոր գյուղերում նաև մանկավարժների կարիք կա․ կամ չեն գալիս, կամ գալիս են, տեսնում, հեռանում․ «Ամբողջ խնդիրն այն է, որ այդ գյուղերի դպրոցներում շատ քիչ դասաժամով շատ քչերն են համաձայնվում տեղափոխվել և աշխատել։ «Դասավանդիր Հայաստանը» կարողացավ մշակել ծրագիր, լրացուցիչ վարձատրությամբ, ինչը շահագրգռեց տարբեր մասնագետների տեղափոխվել և աշխատել»։

Շիրակի մարզի գյուղերում վիճակագիրները դեմոգրաֆիկ խնդիրներ են կանխատեսում,  բնակիչներն էլ սպասում են, որ ներկա ու նախկին կառավարությունների՝ մարզերի համաչափ զարգացման ծրագրերը ի վերջո մի նկատելի արդյունք կտան։

Back to top button