Ստարտափ Հայաստան

Ընկերուհիների մանկության հոբբին այսօր դարձել է փոքրիկ բիզնես․ «Ստարտափ Հայաստան»

Դեռատի ընկերուհիներն իրենց ուժերով բիզնես են սկսել։ Նրանք 14 և 15 տարեկան են, երեքն էլ պատրաստոում են ձեռագործ զարդեր. մեկը մատանիներ՝ հատուկ նյութերից և կավից, մյուսը` բիսերով վզնոցներ, երրորդն էլ` մետաղից մատանիներ։

Աղջիկների հոբբին աննկատ դարձավ գումար վաստակելու միջոց։ Սկզբում չեն էլ մտածել, որ կարող են իրենց պատրաստածը վաճառել, անգամ չեն էլ պատկերացրել, որ որևէ մեկը գումար կտա և կգնի, որովհետև մտածել են՝ փոքր են, դժվար թե վստահեն, բայց փորձել են և հաջողել։

Թե կան դասեր, կա նաև բիզնես միտքն այս անգամ էլ է ակտուալ։ Աղջիկների դասերին չի խանգարում ոչինչ. դպրոցում էլ գիտեն, թե ինչով են զբաղվում, հաճախ նաև ուսուցիչներն են աջակցում և օգնում։

Շատերը նման նախաձեռնությունները բիզնես չեն համարում, ու այդ ամենի հետ կապված հարցերը՝ նույնպես, բայց սա բիզնես է, փոքրիկ բիզնես, որտեղ աղջիկները, ճիշտ է, ներդրումներ չեն արել ի սկզբանե, բայց հիմա հաջողել են ու արդեն վաճառքի հանել զարդերը։

Աղջիկներն անգամ առաքումներն են ինքնուրույն կազմակերպում։ Դպրոցը մոտ է Երևանի կենտրոնին, մետրոյով կարողանում են հասնել։ Պատվիրատուների արձագանքը հաճախ անսպասելի է լինում․ մարդիկ չեն պատկերացնում, որ 14 կամ 15 տարեկան աղջիկները կարող է այնպիսի զարդեր պատրաստեն, որ գրավի նաև իրենց։

Ընկերուհիները գոհ են արդյունքից, սիրում են իրենց գործը, սիրում են ստեղծագործել, բայց գիտակցում են նաև, որ պետք է շատ աշխատել, իսկ փաթեթավորման համար օգնություն խնդրել են հայրիկից։ Բայց մեկ է, քրաֆթից տոպրակների մեջ իրենք են որոշում, թե ինչ դիզայնով մատուցեն զարդերը։

Back to top button