ԿարևորՔաղաքական

Ով ում է զիջել և փոխզիջել․ ապաշրջափակման հարցով հանդիպում է կայացել

Մոսկվայում կայացավ մի հանդիպում, որն անհավանական էր համարվում մի քանի ամիս առաջ։ Ավելի հստակ՝ մայիսի 12-ին Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումից հետո կասեցվել էին տարածաշրջանի ապաշրջափակման հարցով աշխատանքային խմբի հանդիպումները։

Հայաստանն անգամ հստակ դիրքորոշում ուներ, թե որ դեպքում է հնարավոր խմբի աշխատանքների վերսկսումն ու ամենակարևորը՝ արդյունավետ աշխատանքը։ Պայմանը ներկայացրել էր այդ խմբում Հայաստանը ներկայացնող և հիմնական բանակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մայիսի 12-ից հետո սահմանային լարման առումով ոչինչ չի փոխվել, բայց մոսկովյան  հանդիպումը կայացել է։ Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել նաև մյուս կողմից ռուս–ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին։ Իսկ մինչ բանակցություններն արդյունք կտան կամ չեն տա, ռուսական կողմն արդեն հորդորում է օգտվել ապաշրջափակվող ճանապարհներից՝ հայտարարելով, որ դրանց վերականգնման ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են։

Տարածաշրջանի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային հանձնաժողովը՝ Մհեր Գրիգորյան-Ալեքսեյ Օվերչուկ-Շահին Մուստաֆաև կառավարական ձևաչափով աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր ապրիլին։ Հանդիպումները կասեցվել էին մայիսի 12-ին՝ Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից հետո։

Ի՞նչ են քննարկել կողմերը տևական դադարից հետո՝ պաշտոնական լրահոսը լռում է։ Ընդհանուր ձևակերպումը հետևյալն է․

«Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և 3 երկրների ղեկավարների կողմից հունվարի 11-ին ստորագրված հայտարարության շրջանակում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»։

Այս ամենը, պարզվում է, արտացոլվելու է կառավարության նոր ծրագրում, որը դեռ պետք է ներկայացվի ԱԺ հաստատմանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը։ Տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում։ Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը արձանագրում ենք որպես մեր երկարատև ռամավարություն։ Գոհունակությամբ արձանագրեմ, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգով աշխատող եռակողմ աշխատանքային խումբն արդեն իսկ վերականգնել է իր գործունեությունը, և մենք շարունակելու ենք մեր աշխատանքներն այդ ուղղությամբ»։

Ուշագրավ է, որ հունիսի 1-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին փոխանցում էր Հայաստանի հստակ ձևակերպումը, թե որ դեպքում է հնարավոր վերսկսել ապաշրջափակման հարցով աշխատանքային խմբի հանդիպումները։

«Այդ աշխատանքները արդյունավետ կլինեն և արդյունքներ կտան մեկ դեպքում, եթե ֆոնը և ընդհանուր իրավիճակը լինեն առնվազն կայուն։ Այս իրավիճակում և սահմաններում, այս իրադրությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում»։

Այս հայտարարությունից անցել է 2 ամիս 18 օր։ Այդ ընթացքում Ադրբեջանը ոչ միայն դուրս չի եկել Սյունիքից և Գեղարքունիքից, այլև պարբերական ոտնձգություններ է սկսել նաև Երասխի ուղղությամբ։ Ավելին՝ փոխվարչապետերի հանդիպումը կայացավ նույն այն օրը, երբ ադրբեջանական սահմանային սադրանքների հետևանքով հայկական կողմը զոհեր ունեցավ։

Այս ամենին զուգահեռ՝ ակնհայտորեն լարվում են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Բայց անգամ այս պարագայում, երբ ապաշրջափակման բանակցությունները դեռ որևէ արդյունք չեն տվել, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուշագրավ հայտարարություններ է անում։ Փոխվարչապետերի հանդիպման նախօրեին Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիային առաջարկել էր աշխատանքներում դիտարկել Անդրկովկասի ճանապարհները։  

«Լսել եմ, որ վերջին տարիներին Հայաստանով տարանցիկ ուղղությունները չեն ընտրվում։ Ռազմական գործողությունների ավարտից հետո տարածքն այժմ խոստումնալից է։ Երեք ղեկավարները համաձայնեցրել են տարածաշրջանի ապաշրջափակման եռակողմ մեխանիզմը, ինչը պետք է վերջ դնի տասնամյակներ տևող անառողջ վիճակին, երբ Հայաստանը տրանսպորտային-տնտեսական շրջափակման մեջ էր։ Այնտեղ այժմ ակտիվ իրականացվում են ենթակառուցվածքների և ճանապարհների վերականգնման աշխտանքները, դրա համար մեր խնդրանքն է ուշադրություն դարձնել այդ խոստումնալից տարածքին»։  

Նոր զարգացումներում Լավրովը կարևորել է ռուսական ներկայության անհրաժեշտությունը։ Մինչդեռ քաղաքագետ Լևոն Շիրինյանը պնդում է, որ պետք չէ ենթարկվել ռուսական կողմի ճնշումներին։

«Ես կարծում եմ, որ հայկական կողմը հստակ օրակարգ պետք է սահմանի և դադարեցնի բանակցությունները։ Մինչև ռազմագերիները չվերադարձվեն՝ մեկ, Հայաստանի տարածք մտած ադրբեջանցիները դուրս չգան՝ երկու։ Դրան զուգահեռ պարտադիր է՝ Ռուսաստանի «գրպանում» չպետք է մնան։ Ակտիվ երկխոսություն պետք է լինի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի և Հնդկաստանի հետ։ Միջազգային քաղաքական կոնյուկտուրան դանդաղ փոխվում է դեպի մեր կողմը։ Ոչ թե մենք ենք անում, այլ ինքն այդպիսի էվոլյուցիա ունի»։

Ապաշրջափակումն ու ենթակառուցվածքների թեմայի շրջանակում մեկ այլ առանցքային հարց էլ կա, որի առնչությամբ  կողմերի հայտարարությունները տրամագծորեն հակառակ են։ Խոսքը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մասին է։ Այս տարբերակը նախընտրում է օգտագործել Ադրբեջանի նախագահը՝ տարբեր առիթներով համոզմունք հայտնելով, որ դա կիրագործվի։ Մինչդեռ Հայաստանում շարունակում են պնդել՝ «միջանցքային» տրամաբանություն բանակցություններում չկա։ Անմիջական բանակցող Մհեր Գրիգորյանն էր վստահեցնում, որ խնդիրը պարզապես ընկալումների և ձևակերպումների մեջ է։

«Վստահեցրել եմ և վստահեցնում եմ՝ եթե որևէ մեկը «միջանցք» ասելով ենթադրում է սուվերենության հետ կապված որևէ աստիճանի որևէ ազդեցություն, դա բացառված է։ Նման քննարկում չի լինելու և չի եղել։ Ընկալումների խնդիր է։ Մարդ կա՝ համարում է դա որպես ուղղություն, մարդ կա, որ դա համարում է որպես նպատակ, մարդ կա, որ դա համարում է որպես սպեցիֆիկ ենթակառուցվածք։ Բացառված է։ Մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին ենք խոսում ապաշրջափակման պարագայում։ Կամ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն ենթակառուցվածքների օգտագործմամբ, կամ չի լինի»։  

Տարածաշրջանի ապաշրջափակման հարցով բանակողները երեքն են, բայց կա նաև մեկ այլ կողմ, որն ուշադիր հետևում է զարգացումներին և հստակ դիրքորոշում ունի հատկապես, այսպես ասած, «Զանգեզուրի միջանք» ձևակերպմանը։ Տարածաշրջանային զարգացումների հարցում  Իրանի դիրքորոշումը հստակ է՝ ասում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։ Ընդգծում է՝ Իրանը չի հանդուրժի Հայաստանի տարածքային  ու  հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն։ Իրանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն դեմ է «միջանցք»-ի գաղափարին։

«Բազմիցս նշել են Իրանի իշխող կառավարության ներկայացուցիչները, որ հայ-իրանական սահմանը պետք է լինի անփոփոխ, այսինքն՝ պետք է պահպանվի ինչպես կա։ Այսինքն՝ որևէ փոփոխություն չեն հանդուրժի։ Իրանը հստակ ցույց է տալիս, որ հետաքրքրված է տարածաշրջանային զարգացումներով և ուշիուշով հետևում է»։

Հստակ ինֆորմացիայի բացակայության պայմաններում, երբ կողմերը կոշտացնում են դիրքորոշումները, մնում է ուշադրություն դարձնել փաստերին։ Իսկ դրանք վկայում են, որ առաջիկա օրերին խորհրդարան է ուղարկվելու կառավարության ծրագիրը, որտեղ արդեն հստակ ձևակերպված պետք է լինեն տարածաշրջանային ապաշրջափակումից ակնկալիքները։

Back to top button