ԿարևորՄշակույթ

Ինչո՞ւ են միավորվում երկու թատրոնները․ԿԳՄՍ-ն հիմնավորում է, դերասանները՝ կասկածում

Պետական կամերային երաժշտական թատրոնն այսօր իր հարկի տակ էր հավաքել թատերական ոլորտի գործիչներին։ Նրանք եկել էին սատարելու Կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվին։  ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի եւ Պետական երաժշտական կամերային թատրոնները, Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին դեմ են թե՛ Կամերային, թե՛ Պարոնյան թատրոնների կոլեկտիվները:

«Բարի գալուստ Պետական կամերային երաժշտական թատրոն»։ Պետական  կամերային երաժշտական  թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը ոչ թե ազդարարում  էր հերթական ներկայացման սկիզբը, այլ ասուլիսում խոսում թատրոնի անհայտ ճակատագրի մասին։  ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է իրենց թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ շենքը տրամադրել  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Երկու թատրոնների կոլեկտիվներն էլ դեմ են այս միավորմանը։ Սամսոն Ստեփանյանը  ասում է, որ  այս ընթացքում  ԿԳՄՍ փոխնախարարի առաջարկները փոխվել են։ Սկզբում  խոստանում էին  պայմանների բարելավում,  այն է՝ թատրոնը  կունենա երգչախումբ, պարային և երաժշտական խումբ, շատ լավ պայմաններ և կշարունակի գործունեությունը։ Ստեղծագործական խումբը, սակայն,  չի համաձայնել, ինչին հետևել է փոխնախարարի խոսքը՝ թե պետական սիմֆոնիկ նվագախմբի համեմատ՝ թատրոնի  օգտակար գործողության գործակիցը շատ թույլ է։

«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է երկու տարբեր ոլորտներ համեմատել, չափանիշը որն է: Երրորդ կարծիքը այն էր, որ մենք մեռած թատրոն ենք, գոյություն չունենք արդեն, մեռնողին պետք է թողնես, որ մեռնի: Եթե մենք իսկապես չկանք, մահացել ենք, ապա ԿԳՄՍՆ-ն վաղուց դիակ է եւ գարշահոտում է»,-ասաց  Սամսոն Ստեփանյանը:

Գլխավոր ռեժիսորը չի քննարկում թատրոնների միավորման հարցը, բայց    կանխագուշակում է, թե ինչ կլինի, եթե Երևանի երկու թատրոնները միավորվեն.

«Մի թատրոնը միանգամից կվերանա, երկրորդ թատրոնը երկար ժամանակ կհայտնվի կատաստրոֆիկ վիճակում։ Եվ այս ամենը նրա համար, որ Սիմֆոնիկ նվագախումբը ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում իրենց պահանջներին՝ 80-120 հոգի չեն տեղավորվի այստեղ»,- ասաց  Ստեփանյանը:

ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի համար անհասկանալի են Պետական կամերային երաժշտական թատրոնի կազմալուծման փորձերը։ Նկատում է,  որ տարիների ընթացքում այս թատրոնը կայացել է իր խաղացանկով, կուռ կոլեկտիվով և ունի իր հանդիսատեսը։  Ինչո՞ւ պետք է  կայացած թատրոնը կազմալուծեն․

«Եթե դեմ է  Պետական կամերային երաժշտական թատրոնը, դեմ է Հակոբ  Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը և նաև որոշակիորեն դեմ է Սիմֆոնիկ նվագախումբը, ապա բռնի ուժո՞վ են իրագործելու այդ ծրագիրը»։

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը հայտնեց, որ  նամակ են հանձնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Խոստացել են գրավոր պատասխանել։  Ասուլիսի  ընթացքում   կարծիքներ հնչեցին, որ թատրոնների միավորման նպատակը ոչ թե Սիմֆոնիկ նվագախմբին տարածք տրամադրելն է, այլ հեռահար «թաքնված նպատակ» կա,  ինչպես եղավ տարիներ առաջ, երբ փակվեց ու վաճառվեց Փոսի թատրոնը։  Դերասան Գեորգի Հովակիմյանը, որը  հինգ տարի  խաղացել է  այս  ու նաև Փոսի թատրոնում, ասում է․

«Թբիլիսի հայկական թատրոնը  զրոյից սարքում են, մենք  այստեղ ուրախանում ենք, որ, տեսեք, վրացիները 8 մլն  դոլար  են  ծախսում հայկական թատրոն սարքում, իսկ մենք մեր հողում թատրոն ենք փակում»։

Ասուլիսին  պետք է ներկա լիներ նաև  Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, սակայն հարգելի պատճառով չէր եկել։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ թատերական միավոր կորցնելը մեծ սխալ է:  

«Ռադիոլուր»-ը  այսօր փորձեց պարզաբանում ստանալ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Արա Խզմալյանն  օրերս ասել էր, թե շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու:

Խզմալյանը նախորդիվ ներկայացրել էր Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները:

Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։  «Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և մենք ասում ենք՝ եկե՛ք, Պարոնյան թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործե՛ք»։

Փոխնախարարն ասել է, որ ստեղծված իրավիճակում կար նաև թատրոնը կազմալուծելու վտանգ, բայց հնարավորություն է ստեղծվել պահպանելու ամենակարևորը՝ ստեղծագործական կազմը և վերջինիս աշխատանքը։

Այսօր բազմաթիվ պետական կոլեկտիվներ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, սեփական հարկի բացակայության պատճառով փորձեր և ստեղծագործական աշխատանք իրականացնում են անբարենպաստ պայմաններում. սա ևս թատրոնների միավորման պատճառներից մեկն է: Նույն խնդիրն ունեն նաև պետական երգչախմբերն ու երգի-պարի համույթները:

«Պետության ռեսուրսները չեն բավարարելու առաջիկա տարիներին նոր համերգասրահ կառուցելու և այդպիսով Սիմֆոնիկ նվագախմբի, պարային համույթների հարցը լուծելու համար»: Փոխնախարարը հավաստիացրել է, որ այս դեպքը չի նշանակում, որ մասսայաբար պետք է թատրոններ փակվեն. այդպիսի օրակարգ Կառավարությունը չունի:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծը մշակման փուլում է, և գործընթացը կիրականացվի միայն Կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվելու մշակութային կազմակերպությունների կանոնադրական խնդիրները լիարժեք իրականացնելու և գեղարվեստական նոր ձևերի և որոնողական-փորձարարական գործընթացները խթանելու նպատակով պետական գույքային հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։

Back to top button