ԿարևորՏնտեսական

Միանի՞շ, թե՞ երկնիշ տնտեսական աճ․ ֆինանսական կառույցները վերանայում են կանխատեսումները

Հետճգնաժամային վերականգնում․ փորձագետները Հայաստանի տնտեսական ցուցանիշերի բարելավումն այսպես են մեկնաբանում։ Ֆինանսական գրեթե բոլոր կառույցները վերանայում են տարեսկզբին արված կանխատեսումները և տարեվերջին համար շուրջ 6 տոկոսանոց աճ ակնկալում։

Դրական կանխատեսումների հիմքում ոչ միայն որոշ ոլորտներում արձանագրվող աճն է, այլ նաև  հարկային եկամուտների հավաքագրման դինամիկան․ տարվա առաջին կիսամյակում նախատեսված ցուցանիշը գերակատարվել է 7․5 տոկոսով։

Ամենամտահոգիչը շարունակում է մնալ պետական պարտքի ցուցանիշը։ Այն  2020-ին հատել է 8 մլրդ դոլարի սահմանը և հարկեր-ՀՆԱ հարաբերակցության օրենսդրությամբ  թույլատրելի  60 տոկոսի շեմը։

Ո՞ր ոլորտներն են ապահովելու էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի` դեռ ամիսներ առաջ  մատնանշած տնտեսական երկնիշ աճը։

Վահան Քերոբյանը կոնկրետ ոլորտներ չի առանձնացնում, բայց շարունակում է  պնդել՝ տնտեսական զարգացումները լավատեսություն են ներշնչում։ 2021 թվականի համար պետական բյուջեի նախագծով ամրագրվել էր տնտեսական աճի 3,2 տոկոս ցուցանիշը, բայց  կանխատեսումները վերանայվել են դեպի վերև՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ հստակեցնելով, որ  2021–ի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ:

Մինչև կառավարության անդամ դառնալը բիզնեսով զբաղվող էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ  իր  բիզնեսմեն կոլեգաներին փոփոխված ցուցանիշերը պետք է ոգևորեն։

«Կարծում եմ, որ 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը պահպանողական է։ Ըստ էության՝ հիմա գնում ենք տարին երկնիշ տնտեսական աճով փակելու ճանապարհով»։

Տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է նաև Կենտրոնական բանկը՝ նախկին 1․4 տոկոսի փոխարեն 4․6 տոկոս։ ԿԲ-ում, սակայն, կանխատեսումների վերանայման հիմքերը մատնանշում են։ Բանկի նախագահ Մարտին Գալստյանի լավատեսության հիմքում  արդյունաբերության ու առևտրի ոլորտներում նկատվող աճն է։

«Մեր կանխատեսումը պայմանավորված է հիմնականում ծառայությունների ոլորտում արձանագրված աճով։ Այս ոլորտում տարվա համար նախկինում կանխատեսված 1․2 տոկոսի փոխարեն այժմ ակնկալում ենք 6․1 տոկոս աճ։ Սա հիմնականում պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում նկատվող դրական տեղաշարժով։ Արդյունաբերության ոլորտում նույնպես աճ ենք ակնկալում։  Մեր կանխատեսման փոփոխությունը  պայմանավորված  է նաև  արտահանման ու արդյունահանման ոլորտներում գրանցած աճով, հումքային շուկայում գների բարձրացմամբ»։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը տարին երկնիշ տնտեսական աճով փակելը քիչ հավանական է համարում։ Արձանագրում է՝ տնտեսական  ներկա իրողություններն ավելի շատ  միանիշ, քան երկնիշ աճի մասին են խոսում։

«Առավել հավանական սցենար է, որ եղած միտումները պահպանելով՝ ունենանք 5-7 տոկոս տնտեսական աճ։ Աճն առաջին հերթին անկումից հետո սկսված վերականգնման հաշվին է»։

Դրական դինամիկա կա նաև  պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումներում։ Հարկային եկամուտներն առաջին  կիսամյակում գերակատարվել են  7․5 տոկոսով՝ արձանագրում է  Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։  Թվային պատկերն ամբողջացնում է  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ առաջին կիսամյակում 750 մլրդ դրամից ավելի հարկ է հավաքագրվել՝ նախատեսված 683 մլրդ դրամի փոխարեն։

«Առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: 2020-ի նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019-ին 52 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 49 մլրդ դրամ։ Այս տարվա առաջին կիսամյակում 24 մլն-ով ավելի շատ գործարքներ են կատարվել, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում»:

Հարկային եկամուտների աճին զուգահեռ ավելացել է պարտքի բեռը։ Հայաստանի համախառն պետական պարտքը 2020-ին կազմել է  7 մլրդ 969 մլն դոլար։ Այն  անվանական ու հարաբերական մեծությամբ արդեն հատել է  ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության՝  օրենսդրությամբ թույլատրելի  60 տոկոսի շեմը։ Պետական պարտքն այժմ ՀՆԱ-ի 63.5 տոկոսն է կազմում։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը պնդում է՝ պարտքն ավելացրել է, բայց  կայուն է մակրոմիջավայրը։ Ատոմ Ջանջուղազյանը համոզված է, որ առաջիկա տարիներին պարտքի բեռը կնվազի։

«Կարևոր է, որ կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքն ունի որոշակի նշանակալի կշիռ՝ 5 մլրդ 593 մլն դոլարն արտաքին պարտքն է։ Այն  արտարժութային պարտք է, հետևաբար, փոխարժեքի ռիսկը չի կարող անտեսվել»։

Պետական  պարտքի  շուրջ  76 տոկոսը արտարժույթով, իսկ  23 տոկոսից մի քիչ ավելին՝ դրամով ներգրավված միջոցներն են։ Ռիսկեր միշտ կան՝ ասում է տնտեսագետ Արմեն Քթոյանն ու  ընդգծում՝ պարտքի հիմնական ցուցանիշերը կառավարելի են, բայց կառավարությունը պետք է մտածի ոչ թե բեռն ավելացնելու, այլ ընդհակառակը՝ այն օրենքով սահմանված շեմին՝ ՀՆԱ–ի 60 տոկոսին վերադարձնելու մասին։

Back to top button