ԿարևորՏնտեսական

Կաթիլային ոռոգո՞ւմ, թե՞ արդյունավետ կառավարում․ ինչպե՞ս լուծել անհնարին թվացող խնդիրը

Օր օրի ավելանում է թիվն այն մարզերի, որտեղ գյուղացիները դժգոհւմ են ոռոգման ջրի պակասից կամ չլինելուց։ Կառավարությունում կարծում են, որ պետք է հրաժարվել ոռոգման ավանդական եղանակից՝ ներդնելով կաթիլային ոռոգման համակարգ։ Մասնագետները այլ քայլեր են նշում՝ ռեսուրսների արդյունավետ կառավարումից մինչև լուրջ ջրամբարաշինական ծրագրեր։

Փորձագետները կաթիլային ոռոգման համակարգի ներդրման արդյունավետության մաիսն վերապահումներ ունեն։ Կարծում են, որ արդեն գործող այգիները չեն կարող կաթիլային ոռոգման համակարգով ջրվել՝ խորը արմատների պատճառով։ Նոր ստեղծվող այգիների դեպքում  ոռոգման կաթիլային համակարգն առավել արդյունավետ կլինի։

Ինչպե՞ս լուծել ոռոգման ջրի խնդիրը․ ջրային ռեսուրսների ճիշտ կառավարմա՞մբ, թե՞ ավանդական ոռոգման եղանակը կաթիլայինով փոխարինելով։ Կառավարությունում կարծում են, որ ոռոգման համակարգի արդիականացումն այլընտրանք չունի։ Վարչապետի պաշտոնակատարն արձանագրում է՝ ջրօգտագործման ոլորտում խնդիրները նոր՝ արմատական լուծումներ են պահանջում․ 

«Գլոբալ առումով պետք է արձանագրենք, որ կլիմայական այս փոփոխությունները մեզ հանգեցնում են եզրակացության, որ եթե շատ չոր ձևակերպենք, ավանդական ոռոգումն ընդհանրապես, որպես այդպիսին, ապագա չունի: Մեր գլոբալ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտում պետք է լինի, մասնավորապես, կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը»:

Հայաստանից տարեկան մոտ 4  մլրդ խորանարդ մետր ջուր է հոսում հարևան հանրապետություններ՝ Ադրբեջան, Թուրքիան, Վրաստան։ Ի տարբերություն Վրաստանի, մեր երկրի գետային ավազանը գրեթե 100 տոկոսով հոսում է հանրապետությունից դուրս,- ասում է Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը։ Բացատրում է՝ Վրաստանի դեպքում 70, Ադրբեջանի դեպքում՝ 50 տոկոս է։ Մասնագետները ջրերի հոսքը աշխարհագրական դիրքով են պայմանավորվում։ Տարեցտարի ջրային ռեսուրսները նվազում են տարբեր՝ բնական ու մարդածին գործոններով պայմանավորված: Մասնագետներն ասում են, որ հողօգտագործման և ջրօգտագործման համակարգերի միջև խզում է առաջացել։

Երկրում քաոսային ջրօգտագործում է իրականացվում, ջրանցքերից ջրի կորուստները ահռելի ծավալների են հասնում։ Ստեղծված իրավիճակում կաթիլային ոռոգման համակարգը կարող է լուծում լինել,-կարծում է Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը։ Բացատրում է՝  Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերը 95 տոկոսով մակերեսային եղանակով են ոռոգվում։ 

OLYMPUS DIGITAL CAMERA

«Մասնավոր ֆերմերներն այժմ ներդրումներ են կատարում՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նպատակով։ Սա, իհարկե, արդյունավետ է, բայց զարգացնելու համար պետք է ավելի ինետինսիվ աշխատել»։

Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման հարցում կարծիքները միանշանակ չեն։ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն արձանագրում է՝ կաթիլային ոռոգման համակարգն արդյունավետ կաշխատի նոր ստեղծվող այգիների դեպքում․

«Հեշտ է ասել կաթիլային համակարգի ներդրում։ Մեր այսօրվա այգիները չեն կարող կաթիլային ոռոգման համակարգով ջրվել, նրանց արմատները շատ խորն են տարածվել։ Սա շատ ծախսատար է, նոր ստեղծվող այգիների դեպքում ՝  հնարավոր կլինի»։

Ոռոգման համակարգերը նախագծվում են՝ ըստ հողատարածքների մակերեսների ու ոռոգման մշակության պայմանների։ Սեփականաշնորհումից հետո փոքր հողակտորները անկառավարելի են դարձրել ջրօգտագործման  համակարգը՝ ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։ Խորհրդային Հայաստանում ոռոգելի էր գրեթե 275 հազար հա հողատարածք, այսօր՝ 207 հազար։ Կա մոտավորապես 70 հազար հա տարածք, որ պետք է ջրային համակարգից սնվի, սակայն չի ոռոգվում։ Կաթիլային համակարգի ներդրումը կօգնի խնայել ջուրը, բայց պետք է սկսել պարզից` գոնե պոլիմերային խողովակներ կամ բետոնե ջրատարներ անցկացնելուց։ Մասնագետն ասում է, որ անմիջապես գետերից կամ ջրամբարներից սնվող մայր ջրանցքների 75%-ը պատված է բետոնե խողովակներով։ Մնացած 25 %-ն էլ մեծ կորուստներ են ունենում, քանի որ մայր ջրանցքերով տարեկան տասնյակ հազար տոննաներով ջուր է անցնում, և հազարավոր տոննաներ ներծծվում են հողի մեջ․

«Պետք է հետևողական աշխատանք տարվի՝ ներտնտեսային ցանցում ջրի կորուստների նվազեցման համար։ Անհրաժեշտ է, որ ֆերմերային տնտեսությունները նույնպես ներգրավվեն այդ գործընթացում։ Առանց դրա բարդ է լինելու խնդիրը լուծել, պետք  է մասնակցային կառավարում»։

Մարատ Գրիգորյանն ընդգծում է՝ գլոբալ տաքացումն ու կլիմայի փոփոխությունը չպետք է կաթվածահար անեն գյուղացու աշխատանքը։ Ամեն ինչ կախված է ռեսուրսների կառավարումից, իսկ ռեսուրսներն արդյունավետ չեն կառավարվում․ 

«Պետք է հնարավորինս կրճատել կամ սահմանափակել ջրերի հոսքը հանրապետությունից դուրս՝ կուտակելով ջուրը։ Պետք է կառուցել փոքր ջամբարներ կամ, ինչպես աշխարհում է ընդունված, ստորերկրյա ջրամբարներ ու ավազաններ։ Հայաստանի երկրաբանական կառուցվածքն այնպիսին է, որ հնարավոր է դա իրականացնել»։

Ստեղծված իրավիճակում ջրամբարների կառուցումն այլընտրանք չունի։ Խորհրդային ժամանակներից Հայաստանում չորս կիսավարտ ջրամբար կա՝ Եղվարդի, Կապսի, Վեդու և Մաստարայի։ Եթե դրանց շինարարությունն ավարտվի, կարելի է ոռոգման ջրի պահպանման պաշարներն ավելացնել 200 միլիոն խորանարդ մետրով կամ 20 տոկոսով։ Ակտիվ շինարարություն է ընթանում միայն Վեդու ջրամբարում։ Այս տարի ջուրը սակավ է նաև   Ախուրյանի ջրամբարի թերլցվածության պատճառով։ Խորհրդային տարիներին կառուցված ջրամբարում կուտակված ջրի 50 տոկոսը տրվում է  Հայաստանին, 50-ը՝ Թուրքիային։ Հայաստանում լուրջ խնդիր է առաջացնում նաև Արաքս գետի վրա սկսված ջրամբարաշինությունը։

Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում, Արաքս գետի վրա Թուրքիան  կառուցում է Քարաքուրթի ջրամբարն ու ՀԷԿ-ը։ Ջրամբարում նախատեսվում է ամբարել 590․մլն  խորանարդ  մետր  ջուր։  «Սա Ախուրյանի ջրամբարի համար ներքին հոսանքի խնդիրներ կառաջացնի»,-ասում է Գուրգեն Եղիազարյանը։ Ջրային կոմիտեում դժվարանում են պատասխանել հարցին՝ արդյո՞ք հայկական կողմի քայլերը  համարժեք են   Թուրքիայի ջրամբարաշինական ծրագրերի հակազդմանը։ 

Back to top button