ԿարևորՀասարակություն

Ինչու են առողջական խնդիրները հայերին հասցնում գերմանական դատարան

Վերջին տարիներին հայերը Գերմանիա են մեկնում հատկապես առողջական խնդիրներով՝ ավելի հաճախ՝ քաղցկեղի կամ երիկամային խնդիրներով՝ նկատում է Հայ ակադեմիականների միության նախագահ, հայ համայնքի նախկին ղեկավար Ազատ Օրդուխանյանը, որը հաճախ անձամբ է թարգմանում դատական նիստերը։ Հատկապես ի՞նչ դատական գործերով են ՀՀ քաղաքացինեը հասնում գերմանական դատարան։

«Կարող է երբեմն բուժումը ենթադրաբար սխալ լինել, չբավարարել տվյալ մարդուն և դատարան դիմած լինի, կամ կարող են դատարան դիմել իրենց փաստաբանների հետ՝ կացության խնդիրը լուծելու, երկրում ապրելու իրավունքի ժամկետը երկարաձգելու համար այնքան, մինչև չլուծվեն առողջական խնդիրները»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

Հայերի մեծ մասը գալիս է Գերմանիա, դիմում միգրացիոն ծառայություններին, որոշակի ժամկետով ստանում ապաստանյալի կարգավիճակ, իսկ Գերմանիան պարտավորվում է ապաստանյալին ապահովել կացարանով, սննդով, հոգալ նրա բժշկական ծախսերը։ Սակայն շատ հաճախ ժամկետը լրանում է դեռ բուժումը չավարտած։ Օրդուխանյանը մանրամասնում է՝ հիմա գերմականական միգրացիոն քաղաքականությունը շատ ավելի խիստ է․բուժման ընթացքը կարող է հաճախ կիսատ մնալ, անձը՝ արտաքսվել իր երկիր, եթե միգրացիոն ծառայության սահմանած ժամկետում ինքնակամ չի վերադառնում։ Այս մոտեցումը միայն հայերի հանդեպ չէ․ նույնն է նաեւ այլ ազգերի դեպքում, բացառությամբ Սիրիայից, Եթովպիայից և Աֆղանստանից եկած քաղաքացիների, որոնց համար, ելնելով այդ երկրներում առկա իրավիճակից, առավելություններ է սահմանել Գերմանիան․

«Գերմանական միգրացիոն ծառայությունները հիմա ավելի կոշտ են, և այնպես չէ, որ հարցերը լուծվում են միայն դատական ճանապարհով։ Երբեմն արտասահմանցիների իրավունքը երկարաձգող գերատեսչությունները որոշում են նախօրոք, քանի որ ունեն դաշնային կառույցների որոշումները, և չենք էլ հասցնում դատական պրոցեսով լուծել այն խնդիրը, որի առաջ կանգնում է քաղաքացին»,-նշում է Ազատ Օրդուխանյանը։

Ապաստանյալի կարգավիճակ ստանալ, երկարաձգել Գերմանիայում ապրելու իրավունքը և, ի վերջո, ստանալ քաղաքացիություն, այս ճանապարհը շատերին չի հաջողվում անցնել՝ ասում է հայ համայնքի նախկին ղեկավար Ազատ Օրդուխանյանը։ Առհասարակ, գերմանախոս երկրներում հիմա շատ բարդ է քաղաքացիություն ստանալ, այդպիսիք են, օրինակ,  Լիխտենշտայնը, Շվեյցարիան։ Գերմանական միգրացիոն ծառայությունները նախ ճշտում են՝ ինչու՞ է տվյալ անձը եկել Գերմանիա։ Եթե պարզվի, որ նրանց կյանքին կամ ազատությանը վտանգ չի սպառնացել, և ապաստան խնդրողի պատմությունը իրական չէ, նրա կարող են մեկ գիշերում արտաքսել՝ ասում է Ազատ Օրդուխանյանը։ Անգամ եղել են պահեր, երբ գիշերը հենց հիվանդանոցից են տեղափոխել օդանավակայան։ Սա գերմանական օրենքն է եւ չի վիճարկվում։ Կան հիվանդներ, որոնք դեպորտի են ենթարկվել, եւ Հայաստանում չկարողանալով հետագա բուժումը ստանալ՝ նորից վերադարձել են։ Նախկինում ավելի հաճախակի են Գերմանիայում հայերի մահվան դեպքերը։ Հիմա կազմակերպում են այնպես, որ մարդու վերջին օրերն այդ երկրում չանցնեն․

«Ես 90-ականներին եմ տեղափոխվել, եթե առաջ 10-ից 2-ը կարող էին հիվանդության համար գալ, ապա հիմա 10-ից 9-ը, 8-ը հիվանդ են»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

Հայաստանից քաղաքացիների հոսքը Գերմանիա մեծանում է հատկապես ներքաղաքական ցնցումների շրջանում։ Այդպես էր, օրինակ, հոկտեմբերի 27-ից կամ մարտի 1-ից հետո։ Լինում են դեպքեր, երբ հայերը հրաժարվում են հայ թարգմանիչների ծառայությունից՝ մտածելով, թե իրենց պատմությունը կարող է հանրայնացվել, սա շատ անձնական մոտեցում է՝ ասում է Ազատ Օրդուխանյանը։ Իսկ առհասարակ դատարաններում հայտնվելու գործերի առումով «Ռադիոլուրի» զրուցակիցը նկատում է․

«Հայերը սկանդալային քրեական գործերով չեն հայտնվում դատարաններում, համեմատած այլ ազգերի հետ»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

Քրեական գործերով դատարաններում հայտնվելու դեպքերով հայերը շատ-շատ են զիջում բազմաթիվ այլ ազգերի։ Ամուսնական բաժանությունների թվով նույնպես հայերը փոքր թիվ են կազմում ռուսալեզու կամ այլ այլ ազգերի համեմատ։

Back to top button