Ստարտափ Հայաստան

Սովորում ենք խաղալով․ «Ստարտափ Հայաստան»

Հայկ Շիրինյանը դեռ վաղուց աշխատանքի բերումով հետաքրքրվում էր Հայաստանում օգտագործվող խաղերով և խաղալիքներով։ Հայկը ուսումնասիրություններից հետո պարզեց, որ Հայաստանում զարգացնող խաղեր չկան, եթե կան էլ՝ հայկական արտադրության չեն։ Միանգամից գաղափարը բանաձեւեց, քննարկեց ընկերների հետ, որոնցից մեկն էլ Ռուբենն էր։

Այդ ժամանակահատվածում Ռուբենն ու կինը երեխայի էին սպասում, իսկ սա լավ առիթ էր, որ մոտիվացվեն և արագացված տեմպով ստեղծեն մանկական զարգացնող խաղերը։

Ռուբենը, օրինակ, ուշադիր հետևում է, թե շրջապատի երեխաները սովորաբար ինչո՞վ են խաղում, ի՞նչ կա մեր երկրում, ի՞նչն է արագ սպառվում։ Այդպես հանգել է այն մտքին, որ եթե անգամ իրենք էլ չստեղծեին զարգացնող և ուսուցանող խաղերը, մեկ է, ուրախ կլինեին, եթե շուկայում լինեն նման խաղեր։ Խաղերը հայերեն տառերով են, պատկերները` հնարավորինս հայկական։ Օրինակ`կա խաղ, որտեղ պատկերված են մեր գրողները, նկարիչները, կոմպոզիտորները և այլ նշանավոր հայեր։

Խաղերն անվանում ենք հայկական, բայց արտադրության որոշ մասը Հայաստանից դուրս է կատարվում, պատճառները հիմնավոր են, հաշվի է առնվել ամեն մանրուք, բայց դեռևս Հայաստանում հնարավոր չէ իրականացնել արտադրության մեծ մասը։

Քանի որ խաղերը զարգացնող և ուսուցողական են, տղաները որոշել են, որ կարելի է ուսումնական հաստատություններում էլ օգտագործել, որպեսզի դասերն ավելի հետաքրքիր անցնեն։ Համագործակցության փորձեր եղել են, սակայն դեռ չեն ստացվել, բայց նպատակները մեծ են այդ ուղղությամբ։ Չնայած դժվար է անընդհատ ստեղծել մի բան, որը դեռ աշխարհում չկա, բայց Հայկը միշտ աշխատում է այդ ուղղությամբ։

Խաղերի գաղափարը վերցնում են նաև աշխարհում հայտնի տարբերակներից, որոնք Հայաստանում եւս լավ են ընդունվում։ Թիմն ամեն օր աշխատում է ապրանքը ողջ Հայաստանով մեկ ճանաչելի դարձնելու համար։

Սա լավ միջոց է հայկականը մեր շուկա բերելու, հետո դրսի շուկա ուղարկելու համար։ Հայկն ու իր թիմը կարևորում են Հայաստանի տնտեսության զարգացման մեջ իրենց դերը, վստահ են, որ կգա ժամանակ՝ իրենց արտադրանքը օգուտ կտա ոչ միայն իրենց, այլև երկրին, և հետո, դրսի շուկայում կլինեն հայ արտադրողի խաղերը։

Չնայած Հայկն ու թիմը վստահ են, որ հաջողել են բիզնեսում, բայց անկեղծության համար ասում են, որ Հայաստանում դեռ մի փոքր դժվար է այս չափի բիզնես ունենալ և աճեցնել։ Շեշտենք, որ դժվար է, ոչ` անհնար։

Back to top button